Երկուշաբթի, 09 դեկտեմբերի

Նախկին բռնցքամարտիկը կձմեռի փողոցում. չի կարողանում վերադարձնել բնակարանը



Բռնցքամարտիկը դարձել է անօթևան

Նախկին բռնցքամարտիկ, ինժեներ, պահնորդ Արմեն Խալոյանը թեպետ մեկ տարի առաջ է վերադարձել ազատազրկման վայրից, այդուհանդերձ դեռ չունի աշխատանք ու կացարան: Ձմեռն անցկացրել է փողոցում, հիմնականում՝ նախագահական նստավայրի դիմաց՝ Գարեգին Նժդեհի թոռնուհու կողքին՝ գետնին տեղավորվելով:

Արմենն այս ձմեռ ևս կմնա փողոցում, ասում է՝ անօթևանների համար պետական կացարան մեր երկրում չկա: Միակը հայ-դանիական բարեգործական հիմնադրամի ժամանակավոր կացարանն է, որտեղ 100-ից ավելի մարդիկ կան՝ հատկապես ձմռանը տեղ չի լինում։ Ասում է, որ իրեն օգնում է Հայաստանի հելսինկյան կոմիտեն, աջակցում են տարբեր անհատներ:

Ըստ նախկին դատապարտյալի` ազատազրկումից վերադարձած անձինք մատնված են մոռացության, «տպավորություն է, որ մենք գոյություն չունենք»:

Արմենը 54 տարեկան է, չի կարողանում աշխատանք գտնել: «Բոլոր դռները փակվում են իմ առաջ, երբ իմանում են դատվածության մասին»:

Բանտում եղել է 2012-2016 թվականներին. «10 տեղանոց խցում 24 մարդ էր լինում, հերթով, 2 սմենով էինք քնում», հիշում է, որ դիմումները հաճախ չէին ուղարկվում, սնունդն էր ահավոր, խցում դրսից ուտելիք էին բերում, «ջուրը կռիվ-ղալմաղալով էին տալիս, լողանալու համար միշտ կռիվ էր. տրուբա ա պայթել, կամ կածելնին փչացել»:

Ըստ Արմենի` Հայաստանի բանտերում կան շառով նստածներ, հանցանք կատարածներ, կան մարդիկ, ովքեր չեն ընդունում ստեղծված բեսպրեդելը ու կան նաև անմեղներ:


Լուսանկարը Civilnet-ի տեսանյութից

Ասում է՝ միակ լավ բանը բանտում քնելու հնարավորությունն է: Շեշտում է նաև վատը՝ աշխատանք չկար: Խալոյանը եղել է փակ ռեժիմում, միայն 1 ժամ է զբոսանքի հնարավորություն ունեցել: Դա էլ կապում է իր քրեական գործի հանգամանքների հետ, որը կապված է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ովքեր որպես տուժող են ճանաչվել: Թեպետ տուժել է նաև ինքը, կա նաև հրապարակված տեսանյութ, որտեղ շրթունքը արյունոտված է, վնասված, եթերում նա պատմում է, որ երկաթե գրիչով հարված է ստացել ոստիկանությունում, այդուհանդերձ քաղաքացին տուժող չի ճանաչվել, ընդհակառակը՝ ինքն է դատապարտվել: Վկաներն էլ մեծամասնությամբ ոստիկանական համակարգի աշխատակիցներ են եղել:

Արմեն Խալոյանը բանտում է հայտնվել իր իրավունքների համար պայքարի ճանապարհին

Նախկինում դատապարտված չի եղել, բնութագրվել է դրական: «Հենց սկսում ես պայքարել քո իրավունքների համար, տանում են բանտ. ամենահեշտ ձևն ա»,-ասում է Արմեն Խալոյանը: 2012-ի հոկտեմբերի 25-ին գնացել է ոստիկանություն՝ ոստիկանապետին հանդիպելու նպատակով, որտեղ և տեղի է ունեցել միջադեպ ոստիկանապետի խորհրդականի հետ:

Նա 14 տարի՝ սկսած 2003 թվականից պայքարում է սեփականության իր իրավունքների վերականգնման համար: Դիմել է տարբեր պետական ատյաններ, իրավապահներին: Հենց ոստիկանությունում էլ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով դատապարտվել է 5 տարվա ազատազրկման: Ազատություն է վերադարձել պատժի ժամկետից մեկ տարի շուտ. նրա նկատմամբ կիրառվել է վերջին՝ 2013-ի համաներումը: «Երբ ինձ դատապարտում էին, մի քանի ամիսը բավարար եղավ, իսկ իմ գույքային իրավունքները 14 տարի չեմ կարողանում վերականգնել»,-զարմանում է նախկին դատապարտյալԱրմեն Խալոյանը

Արմեն Խալոյանի բնակարանը վաճառվել է առանց իր գիտության

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող, համասեփականությամբ Արմեն Խալոյանին ու նրա մորը՝ Լիզա Սարգսյանին պատկանող բնակարանը առքուվաճառքի գործարքով օտարվել է 1999-ին՝ միայն մոր ստորագրությամբ(մայրը մահացել է նույն տարում՝ 1999-ին): Այնինչ ինքը՝ Խալոյանը, համասեփականատեր է եղել, և առանց իր համաձայնության չէր կարող գույք օտարվել: Տան վաճառքի մասին ինքը՝ համասեփականատեր Արմեն Խալոյանը, իմացել է, երբ Լատվիայից վերադարձել է Հայաստան՝ 2003-ին: Իր բնակարանի դուռը փակ է գտել: Սկսել է իր սեփական հետաքննությունը, ապա դիմել դատարան: Գործը շահել է ընդհանուր իրավասության դատարանում: Իսկ Վերաքննիչ դատարանը նորից ի օգուտ նոր գնորդի է որոշում կայացրել: Ասում է, որ իրենից կաշառք են պահանջել Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարաններում, ինչի մասին ոստիկանության 6-րդ վարչությունում դիմում է գրել, սակայն որևէ արձագանք չի եղել:

Դիմել է նաև Արաբկիրի և Էրեբունու ոստիկանություն՝ նոտարի ու կադաստրի դեմ: Երկու գործով էլ ոչ մի տեղաշարժ չի ունեցել, «քանի որ հիմնական մասն իրար բարեկամ են իրավապահ համակարգում»: Արմեն Խալոյանից գումար պահանջելու մեղադրանքով 2 տարվա ազատազրկման է դատապարտվել մի պաշտոնյա (դատվածությունն արդեն մարված է, ուստի անուն չենք հրապարակում), սակայն նրան առաջադրվել է խարդախության մեղադրանք, ոչ թե կաշառքի կամ կաշառքի միջնորդության, բացի այդ, պաշտոնյայի նկատմամբ կալանավորում չի կիրառվել՝ որպես խափանման միջոց: Ըստ Խալոյանի տեղեկատվության՝ նա պատիժ չի կրել ազատազրկման վայրում:

Արմեն Խալոյանը 2003-ին հանցագործության դեմ հաղորդում է տվել, որ իր բնակարանը ապօրինի՝ առանց իր համաձայնության, վաճառվել է: 2010-ին հարուցվել է քրեական գործ, բայց վաղեմության ժամկետները անցնելու հիմքով գործը կարճվել է: «Իրավապահները, տարբեր պաշտոնյաներ ինձ ասում էին՝ թարգի՛ դիմումներդ, գլուխդ քո՞ր ա գալիս»,-պատմում է արդեն նախկին դատապարտյալը:

Ազատության մեջ շարունակում է պայքարել իր սեփականության իրավունքի համար: «Կյանքի գնով էլ լինի պիտի պայքարեմ»: Գտնում է, որ կոռուպցիան է պատճառը, որ չի կարողանում հաղթել: Համոզված է՝ եթե գումար ունենար, կարճ ժամանակ անց կկարողանար իր տունը հետ վերադարձնել: 


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված