Չորեքշաբթի, 13 նոյեմբերի

«Լքեցինք դատարանի դահլիճը. մեր աչքի առաջ խոշտանգվում էր ՀՀ քաղաքացի». փաստաբան



Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով ամբաստանյալ Ներսես Պողոսյանն արդեն 22-րդ օրն է՝ հացադուլի մեջ է: Այսօրվա դատական նիստին նա հայտարարեց, որ լավ չի զգում: Նրա պաշտպաններից Արայիկ Պապիկյանը միջնորդեց հետաձգել նիստը, սակայն նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը մերժեց՝ պատճառաբանելով, որ դատարան բերելուց առաջ ամբաստանյալները զննվում են, և եթե խնդիր է լինում, դատարանն այդ մասին տեղեկանում է: Այնուամենայնիվ, Ներսես Պողոսյանը ևս մեկ անգամ պնդեց, որ ի վիճակի չէ գտնվել նիստին: Հրավիրվեց շտապօգնություն, սակայն Ներսես Պողոսյանը, փաստաբանի փոխանցմամբ, հրաժարվեց բուժզննությունից: Փաստաբաներ Արայիկ Պապիկյանն ու Նինա Կարապետյանցը լքեցին դատարանի դահլիճը՝ ի նշան բողոքի:

Նինա Կարապետյանցը

«Ներսես Պողոսյանը 22-րդ օրը հացադուլի մեջ գտնվելով, դատարանի դահլիճում խոշտանգում է, հայտարարում եմ՝ չեմ պատրաստվում մասնակցել իմ պաշտպանյալ Ներսես Պողոսյանի խոշտանգման «արարողությանը»: Լքեցինք դատարանի դահլիճը, քանի որ մեր աչքի առաջ դատարանում խոշտանգվում էր ՀՀ քաղաքացին: Փաստաբանը նման բան չէր կարող հանդուրժել: Այլ բան, քան լքել դատարանի դահլիճը, մենք չէինք կարող»,- «Հետքին» ասաց Նինա Կարապետյանցը:

Նինա Կարապետյանցը փորձել է բռնել Ներսեսի ձեռքը, քանի որ նա օրորվելով է քայլել. «ահավոր հյուծված էր, ասաց, որ ուզում է պառկի գոնե բոքսերում»:

Փաստաբանների նկատմամբ կիրառվեց սանկցիա՝ պատասխանատվության ենթարկելու կարգադրությամբ Փաստաբանական պալատին դիմելու տեսքով, ինչը, ըստ Նինա Կարապետյանցի, փաստաբաններին լռեցնել փորձելու տարբերակ է:

Սպառնալիքներ՝ ուղղված Ներսես Պողոսյանի ընտանիքին

Ամբաստանյալ Ներսես Պողոսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը երեկ փորձել է տեսակցել իր պաշտպանյալ Ներսես Պողոսյանին, սակայն Նուբարաշեն ՔԿՀ-ում հերթափոխի պետը, ևս մի քանի աշխատակիցներ խնդրել են նրան, Ներսեսի անվտանգությունից ելնելով, չտեսակցել: «Տասնյակ անգամ խնդրեցին, ասացի՝ հնարավոր է Ներսեսը շատ վատ է, հավաստիացրեցին, որ նորմալ է: Ես էլ մտածեցի՝ եթե Ներսեսի անվտանգության հետ կապված խնդիր կա, միգուցե ավելի լավ է դուրս գամ»,- պատմեց Արայիկ Պապիկյանը:

Արայիկ Պապիկյանը

Ավելի ուշ փաստաբան Արայիկ Պապիկյանը տեղեկացել է, որ Ներսես Պողոսյանի մոտից վերցրել են ներքնակը՝ հացադուլի համար նախատեսված խուցը այդպիսով դարձնելով պատժախուց: «Նրա մոտից հանկարծ հացադուլի 21-րդ օրը իբր արգելված իր են գտել: հայտնի էլ չէ, թե այդ արգելված իրը ինչ ճանապարհով է հասել հացադուլավորների համար նախատեսված խուց»:

Փաստաբան Պապիկյանը առավոտյան՝ մինչև դատական նիստը, ստիպված նորից է գնացել իր պաշտպանյալին տեսակցելու և այդ ժամանակ իմացել է, որ կողքի խցից մի կալանավոր սպառնացել է Ներսեսի ընտանիքի անդամներին: Փաստաբանի փոխանցմամբ՝ Պողոսյանը պահանջել է բացել խուցը, որ կարգի հրավիրի այդ անձին:

Ըստ փաստաբան Կարապետյանցի՝ Ներսեսը ակտիվ դիրքորոշում է ունեցել դեռ մինչև կալանավորումը, ուստի այս ամենը նա դիտարկում է մի հարթության մեջ՝ անվանելով քաղաքական հետապնդում:

Արայիկ Պապիկյանի կարծիքով էլ՝ առաջինը՝ Ներսեսին այս գործողությամբ ստիպում են, որպեսզի դադարեցի հացադուլը: Երկրորդ՝ անձնական հետապնդումներն, ըստ Պապիկյանի, կապված են իր պաշտպանյալի սկզբունքային լինելու հանգամանքով:

Լիա Պողոսյանը

Ներսեսի կինը՝ Լիա Պողոսյանը, այսօր փաստաբանից է տեղեկացել, որ ամուսնու կողքի խցում եղել է «սադրիչանման անձնավորություն, որ ընտանիքի, մեր հասցեին սպառնալիքներ է հնչեցրել, դրանից հետո պատժախուց են նշանակում 3 օրով, պարզվում է՝ պատժախուցը նույն խուցն է, բայց առանց ներքնակների»:

Լիան ասում է, որ սա անձնավորված թշնամություն է իր ամուսնու հանդեպ, ում համարում է ակտիվ քաղաքացի՝ սեփական դիքորոշմամբ. «հետո ենք իմանում, որ մարդուն էրեխեքով են վախեցնում, բնականաբար ուզում են, որ իրեն ինչ-որ տեղ խեղճացրած լինեն, կոտրած լինեն»,- պատմեց Լիա Պողոսյանը:

Լիա Պողոսյանը դեռ չի տեսնում ելքը, ցանկանում է համոզել՝ այցելել ամուսնուն. «ուղղակի ինքը չի ցանկանում, որ ես մտնեմ բանտ»:

Այս ամբողջ ընթացքում Լիա Պողոսյանը ընտանիքի անդամների օգնությամբ է կարողացել լուծել մանկահասակ 3 երեխաների խնամքի հարցերը: Մասնագիտությամբ իրավաբան Լիան տեղյակ է, որ քրեական դատավարությամբ խնամքի հարցերը պետք է լուծի պետությունը: Սակայն իր դիմումին ի պատասխան՝ քննիչը հայտնել է, որ Լիա Պողոսյանը կարող է աշխատել, քանի որ որդիներից կրտսերը 5 տարեկան է: Արդեն մեկ տարուց ավելի Լիա Պողոսյանը աշխատում է և ապահովում երեխաների խնամքի հարցերը, քանի որ ընտանիքի միակ կերակրողը գտնվում է կալանքի տակ:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված