Հինգշաբթի, 14 նոյեմբերի

Երեք անչափահասների միակ կերակրողը մեկուկես տարի կալանքի տակ է



Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանում հացադուլ հայտարարելու իր որոշման մասին այսօր հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով ամբաստանյալներից Ներսես Պողոսյանը: Հացադուլի հայտարարությունը հաջորդել էր դատավոր Տաթևիկ Գրիգորյանի որոշմանը՝ Ներսես Պողոսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը ԱԺ 8 պատգամավորների կողմից տրված անձնական երաշխավորությամբ կամ գրավով փոխարինելու նրա պաշտպանի միջնորդությունը մերժելու մասին:

Թեպետ Ներսեսի պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդության մեջ նշել էր, որ իր պաշտպանյալը ունի 3 անչափահաս երեխա, խնամքին են նաև կինը և վատառողջ մայրը, որ նա ընտանիքի միակ կերակրողն է, չկան նրան կալանքի տակ պահելու հիմքեր, այդուհանդերձ դատախազը առարկեց՝ նշելով, որ դատաքննությունից խուսափելու հիմքեր առկա են, սակայն չմանրամասնեց, թե որոնք են այդ հիմքերը:

Իսկ երբ Ներսեսը դատավորի մերժման որոշումը լսելուց հետո վրդովվեց, դատախազը ռեպլիկով նշեց. «Արա՛, բան ունես ասելու, ասա»: Այս արտահայտության համար դատախազի հանդեպ դատավորը կիրառեց սանկցիա՝ նախազգուշացում:

Սանկցիաներ ստացան նաև Ժիրայր Սեֆիլյանն ու Գևորգ Սաֆարյանը, ովքեր դատական նիստերի դահլիճ բերվեցին մի քանի րոպեով, ոտքի չկանգնեցին դարձյալ, նրանց հանդեպ նախ նախազգուշացում կիրառվեց, ապա հեռացում` 4 ժամով: Ժիրայր Սեֆիլյանն ու Գևորգ Սաֆարյանը ցանկանում էին հայտարարությամբ հանդես գալ: Նիստերի դահլիճից դուրս եկավ նաև Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը: «Ինչու հենց 4 ժամով եք հեռացնում, ոչ թե 36, պիտի տրամաբանություն լինի, տպավորություն է, որ անցանկալի անձանց բացակայությամբ եք ցանկանում նիստը շարունակել»,- ասաց պաշտպաններից Արայիկ Պապիկյանը:

Դատարանը մինչ այդ լսեց ևս երկու վկաների՝ Սերգեյ Գրիգորյանին ու Վարուժան Մելքոնյանին: Տպավորություն էր, որ թե՛ մեկը, թե՛ մյուսը անգամ պատկերացում չունեն, թե ինչ գործով են եկել: Մեկը առհասարակ ոչինչ չէր հիշում, տալիս կցկտուր պատասխաններ, մյուսն էլ պատմեց, որ ճանաչում է միայն ամբաստանյալներից Հովհաննես Պետրոսյանին, ում հետ մի անգամ իր անձնական մեքենայով, որը որպես տաքսի է վարել, գնացել են «Ջրվեժի դաչաներ», մի տնից տոնածառ են տեղափոխել:

Նշենք, որ դատական կարգադրիչներից ոմանք քաղաքացիների հանդեպ ընդգծված բացասական վերաբերմունք են ցույց տալիս, երբ նրանք մոտենում են ապակե միջնորմներին, անգամ ընդմիջումների ժամանակ: Նրանցից մեկն անգամ քաղաքացու հանդեպ թույլ տվեց կոպիտ արտահայտություն. «Արա՛, դու ձենդ կտրի»:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված