Երկուշաբթի, 22 հուլիսի

51 միլիոն դրամ՝ դատարաններում տեղադրվելիք ռենտգեն հսկողության սարքերի համար



2017 թվականի կառավարության պահուստային ֆոնդից դատական դեպարտամենտին կհատկացվի 51 միլիոն դրամ՝ դատարաններում տեղադրվելիք ռենտգեն հսկողության սարքերի ձեռքբերման համար: Գործադիրը այսօրվա նիստում այս որոշումը ընդունեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանի առաջարկով։  

Ինչպես ասվում է նախագծում, դատական կարգադրիչների կողմից դատարանում գտնվող անձանց կյանքի, առողջության և արժանապատվության, իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, հասարակական կարգի պահպանումը և անվտանգությունն ապահովելու գործառույթի իրականացման ընթացքում ծագել են որոշ խնդիրներ։ Դրանք լուծելու նպատակով դատարանների նախագահների խորհուրդը սեպտեմբերի 11-ին ընդունել է որոշում, որով դատարան կամ դատական նիստերի դահլիճ մուտք գործող անձանց և նրանց իրերի զննության կարգը շարադրել է նոր խմբագրությամբ, հստակեցրել զննության գործընթացում դատական կարգադրիչների լիազորությունների շրջանակները, ինչպես նաև դրանց իրականացման եղանակները:

Սակայն դատարաններում հիմնականում բացակայում են զննության իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներն ու սարքավորումները, ինչն էլ իր հերթին մեծաթիվ մասնակիցներ ունեցող դատավարությունների անցկացման դեպքում դժվարություններ է առաջացրել։ Նախագծի փոխանցմամբ՝ զննման գործընթացը ժամանակի սղության պատճառով որոշ դեպքերում հանգեցել է  դատավարության բնականոն ընթացքի խաթարում, առաջացրել զննության գործընթացի վերաբերյալ դժգոհություններ: Դատական դեպարտամենտը խնդրի լուծում է համարում բոլոր դատարաններում զննություն իրականացնող համապատասխան տեխնիկական սարքավորումներով զինելը, այդ իսկ պատճառով դիմել է կառավարություն՝ գումար ստանալու խնդրանքով։

«Կարգի լրամշակման հիմնական նպատակներից մեկը այն էր, որպեսզի կարգադրիչների կողմից անձանց և նրանց իրերի զննության գործընթացն իրականացվի առանց վերջիններիս լրացուցիչ անհարմարություններ պատճառելու և հիմնականում ուղեկցվի համապատասխան տեխնիկական միջոցների գործադրմամբ, որի արդյունքում կբացառվի կամ նվազագույնի կհասցվի տվյալ գործընթացում կարգադրիչի անմիջական միջամտությունը»,- ասվում է նախագծում։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում «Սասնա ծռեր»-ի դատական նիստերին փաստաբանները իրենց զննելու համար մեծ աղմուկ էին բարձրացնում՝ այն համարելով խուզարկություն, այլ ոչ թե զննություն։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված