Չորեքշաբթի, 13 նոյեմբերի

20 և ավելի տարի պատիժ կրողները պայմանական չեն ազատվում․ դատապարտյալը երրորդ անգամ է դիմել դատարան



Թեև 23-րդ տարին պատիժը կրող, վերջին 5 տարիներին տույժ ու տուգանք չունեցող, նախկինում մահապատժի դատապարտված Ստեփան Գրիգորյանը իրավունք ունի օգտվել պայմանական վաղաժամկետ ազատման իր իրավունքից, այդուհանդերձ չի կարողանում իրացնել իր այդ իրավունքը (ինչպես մյուս` մոտ երկու տասնյակ մահապատժի ու ցմահ դատապարտվածները, ովքեր կրել են 20 և ավելի տարվա ազատազրկում): Անցյալ երկու տարիներին դատական երեք ատյաններում էլ մերժվել են Գրիգորյանի բողոքները, այսինքն՝ դատական կարգով ևս նա չի կարողացել հասնել պայմանական ազատման:

Ստեփան Գրիգորյանն՝ իր պայմանական ազատումը հետաձգելու կամ մերժելու մասին, արդեն երրորդ դիմումն է վիճարկում դատարաններում: Տարբերությունը, թերևս, այն է, որ այս անգամ Ստեփան Գրիգորյանը ներկայացվել է ազատման ՔԿՀ-ի կողմից: Չնայած դրան, «անկախ» հանձնաժողովի կողմից 2017-ի հուլիսի 6-ին նա մերժվել է: Հուլիսի 20-ին Նախագահ Սարգսյանին ուղղված իր բաց նամակում դատապարտյալը տարակուսանք է հայտնել, թե ինչպես է կարողացել անկախ հանձնաժողովը 15 րոպեում պատկերացում կազմել իր բնութագրի ու էության մասին:

Դատապարտյալն՝ իր բաց նամակներից մեկում նաև նշել է. «Ցմահ դատապարտյալների հարցը ի վերջո ո՞ր հարթության մեջ է` իրավական, թե՞ քաղաքական: Եթե իրավական է, ապա, ինչո՞ւ չկա նախադեպային գոնե մեկ որոշում: Կուզենայի բարձրացնել հռետորական հարց` որ կառույցն է լիազորված լուծում տալու այս ճակատագրական հարցին»:

«Անկախ» հանձնաժողովի մերժման դիմումն այժմ լսվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Նրա շահերը, ինչպես նախորդ վիճարկման ժամանակ, ներկայացնում է Հելսինկյան կոմիտեի իրավաբան, փաստաբան Ռոբերտ Ռևազյանը: Այսօրվա նիստի ժամանակ դատապարտյալն ինքնաբացարկ է հայտնել դատավոր Արթուր Ադամյանին՝ վկայակոչելով, որ նա չի կարող անաչառ քննել իր դիմումը, քանի որ նախկինում հենց ինքն է մերժել ևս մեկ նմանատիպ դիմում։ Սակայն խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատավորը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը։ Դատական նիստը հետաձգվել է։

Ռոբերտ Ռևազյան

Ստեփան Գրիգորյանը ծնվել է 1963թ.-ին, Երևանում, ունի միջնակարգ կրթություն, ձերբակալվել է դեռևս 1996թ.-ին: 1997թ. դեկտեմբերի 25-ին Գերագույն դատարանի որոշմամբ դատապարտվել է մահապատժի՝ 1961թ. քրեական օրենսգրքի 99 հոդվածի 1-ին և 7-րդ կետերով` մեղադրվել է սպանության գործով` որպես մասնակից: 2003թ. նախագահի ներման հրամանագրով մահապատիժը փոխվել է ցմահ ազատազրկմամբ:

Հիշեցնենք, որ 2015-ի մայիսի 14-ին լրացել էր ցմահ դատապարտյալի պատժի կրման 20 տարին (նախնական կալանքի տակ եղած 1 տարվա ժամանակահատվածը նախկին օրենքի համաձայն, հաշվարկվել է 1 օրը մեկուկեսի համապատասխան: Ուստի ստացվել է, որ 2015թ.-ին լրացել է պատժի կրման 20 տարին):

Ըստ քրեական օրենսգրքի հոդված 76-ի կետ 5-ի՝ ցմահ ազատազրկման դատապարտված անձը կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը գտնի, որ նա պատիժը հետագա կրելու կարիքը չունի և փաստորեն կրել է ազատազրկման ոչ պակաս, քան քսան տարին: Մինչդեռ դատապարտյալները, այդ թվում նաև՝ պատժի առավելագույն չափի դատապարտվածները պարբերաբար «Հետք»-ին ահազանգում են, որ կա հոդվածային խտրականություն, չգրված օրենք, ըստ որի՝ մի խումբ հոդվածներով դատապարտվածները, այդ թվում և ծանր ու առանձնաապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվածները պայմանական վաղաժամկետ չեն ազատվում: Այսպես՝ մոտ 20 ցմահ դատապարտյալի պատժի կրման 20 տարին թեպետ լրացել է, այդուհանդերձ, պայմանական ազատման որևէ նախադեպ դեռ չկա: Նրանց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի քննարկումը կամ հետաձգվում է, կամ վարչական հանձնաժողովները մերժում են նրանց ներկայացնել պայմանական ազատման, կամ էլ՝ ՔԿՀ վարչական հանձնաժողովները ներկայացնում են, սակայն այս անգամ էլ մերժումները ստացվում են երկրորդ օղակից՝ «անկախ» հանձնաժողովից:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված