Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի

ՍԱՊԾ-ն մանրէաբանական խախտումներ է հայտնաբերել միայն «Նոյ» ջրում, բայց այդ մասին չի բարձրաձայնել



Մոտ մեկ ամիս առաջ «Հետք»-ը հոդված էր հրապարակել, որտեղ ներկայացված էին մանկական ջրերի լաբորատոր փորձաքննության արդյունքները։ Ըստ դրանց՝ 6 նմուշներից միայն 2-ն էին համապատասխանել սահմանված նորմերին և ՄՄ ՏԿ 021/2011 տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

Բացի այդ, նմուշներից 2-ում՝ «Մաքուր ջուր» և «Գառնի» ապրանքատեսակի ջրերում ՄԱՖԱՄ անթույլատրելի քանակ էր հայտնաբերվել, իսկ «Գառնի»-ում ՝ առողջության համար վտանգավոր պսևդոմոնաս աէրոգինոզա մանրէ։

Հրապարակումից հետո Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, որպես ոլորտը վերահսկող և պատասխանատու կառույց «Հետք»-ին հայտնել էր, որ կատարում է ուսումնասիրություն ՝ հրապարակված տեղեկատվությունն ուսումնասիրելու ուղղությամբ, այնինչ հրապարակման հիմնական փաստական ապացույցը, այն է՝ լաբորատոր փորձաքննության արձանագրությունը կցված էր հոդվածին։

Հունիսի 29-ի՝ Կառավարության ուղարկած «Հետք»-ի հարցմանն ի պատասխան, թե ինչու պետական համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնելու լիազորություն ունեցող լաբորատորիայի տված փորձաքննության հիման վրա ժամանակավորապես չի կասեցվում բնակչության առողջության համար վտանգավոր տարրեր պարունակող 2 ջրերի վաճառքը և ինչու այդ մասին չի կատարվում հանրային իրազեկում, ՍԱՊԾ-ից պատասխանել էին, որ «տնտեսվարող սուբյեկտի կամ արտադրանքի նկատմամբ սահմանափակումները կիրառվում են», երբ  ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտումներ են հայտնաբերվում:

Իսկ մինչ ՍԱՊԾ-ն շարունակում էր ուսումնասիրություններ կատարել՝ որոշելու՝ ինչ անել, այդ բոլոր ջրերը շարունակում էին մնալ իրացման կետերում։ Այնինչ լաբորատոր փորձաքննության արձանագրությունը, ըստ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 19-րդ հոդվածի կարող էր հիմք հանդիսանալ, որպեսզի պաշտոնատար անձն ընդուներ ապրանքի իրացումը կասեցնելու մասին կարգադրագրեր, որոնք գործում են մինչև հայտնաբերված խախտման վերացումը կամ ստուգման ակտի ընդունումը:

Խախտում միայն «Նոյ» մանկական ջրում, որը «Հետք»-ն անվտանգ էր համարել

2017թ. հուլիսի 31-ի գրությամբ ՍԱՊԾ-ն «Հետք»-ին գրություն էր ուղարկել, որտեղ նշված էր, որ «լաբորատոր փորձաքննության արդյունքում անհամապատասխանություն է հայտնաբերվել միայն «ՌՌՌ հանքային ջրերի գործարան»-ի արտադրած «Նոյ» մանկական (0,5լ) ջրում»:

Այս ջուրը լաբորատոր փորձաքննության ընթացքում «Հետք»-ը համարել էր համապատասխան սահմանված պահանջներին և պիտանի օգտագործման համար:

Բացի այդ, ըստ ՍԱՊԾ-ի կատարած վերահսկողության, «Արարատ գրուպ» ՍՊԸ-ի և «Մեդիկալ հորիզոն» դեղագործական ընկերության կողմից արտադրվող մանկական շշալցված ջրերը «գրանցված չեն Եվրասիական տնտեսական միության պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում» (ինչի մասին գրել էինք նաև մենք)։

Սրա կապակցությամբ՝ այս ընկերությունների ղեկավարներին տրվել են «արտադրանքի իրացումը կասեցնելու մասին կարգադրեր» և հանձնարարականներ՝ սահմանված ժամկետում անհամապատասխանությունները վերացնելու վերաբերյալ։

«ՌՌՌ հանքային ջրեր» գործարանից մեզ հայտնեցին, որ իրենք նունիսկ տեղյակ չեն ՍԱՊԾ կողմից իրենց ընկերության արտադրության մեջ հայտնաբերված խախտումների մասին և առաջին անգամ մեզանից են լսում: Փոխարենն ուղարկեցին ՍԱՊԾ ՝ «ՀԱԲԼԾԿ» լաբորատորիայում կատարված նույն տեխնոլոգիայով արտադրվող «Նոյ» աղբյուրի խմելու ջրի լաբորատոր փորձաքննության արդյունքները, որտեղ խախտում չի հայտնաբերվել:

Այս փորձաքննությունն իրականացվել է օգոստոսի 4-ին՝ առողջապահության նախարարի 2002թ. N 876 հրամանի, ինչպես նաև՝ 2014թ հոկտեմբերի 30-ի N1240 Կառավարության որոշման նորմատիվ փաստաթղթի պահանջներով (ինչպես և մանկական ջրինը):

Հենց օգոստոսի սկզբին մենք ՍԱՊԾ-ին խնդրեցինք պարզաբանել՝ կոնկրետ ինչ խախտումներ են եղել «Նոյ» մանկական (0,5 լ) ջրում, և որ լաբորատորիայում է կատարվել ջրի փորձաքննությունը։ Սննդամթերքի անվտանգության և որակի վերահսկողության տեսչության արտադրության վերհսկողության բաժնի պետ Առուշան Ալթունյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց, որ խախտումները վերաբերել են «անվտանգության ցուցանիշներին»։

«Անվտանգության ցուցանիշներով խախտում էր. մանրէնէրի բարձր քանակ կար,- հայտնեց Ա.Ալթունյանը։- Ներկա պահին (օգոստոսի սկիզբ, հեղ.) վերահսկողությունը դեռ շարունակվում է, դեռ չի ավարտվել, ամփոփելուց հետո արդեն պարզ կլինի, նախնական բան չեմ կարող ասել»,-ասաց նա։

Այն հարցին,թե մանրէներ հայտնաբերելուց հետո այդ մասին եղել է արդյոք հանրային իրազեկում Ա. Ալթունյանը պատասխանեց, որ դա կլինի միայն ամփոփելուց հետո, երբ «ամեն ինչ հստակ լինի»։

«Հետք»։ - Իսկ մանրէների առկայությունը հստակ չէ՞։

Ա.Ա։ - Դա հստակ է, որովհետև դա հսկիչ գնումով էր իրականացվել, խանութներից։ Դիտարկման շրջանակներում ակունքից կվերցվի արդեն, որ հասկանանք՝ դա (խախտումը, հեղ.) որտեղից է գալիս։

Մենք խնդրեցինք տրամադրել մանկական ջրերի իրենց կատարած լաբորատոր փորձաքննության արձանագրությունը։

Այն ստացանք երեկ. (ՍԱՊԾ իրականացրած լաբորատոր փորձաքննության արձանագրությունը տես՝ այստեղ):

ՍԱՊԾ-ն ուղարկել էր միայն «Նոյ» մանկական ջրի՝ հուլիսի 18-ին կատարված լաբորատոր փորձաքննության արձանագրությունը, որտեղ նշված էր, որ այն «մանրէների ընդհանուր քանակը 22oC ջերմաստիճանում» ցուցանիշով չի համապատասխանում սահմանված նորմերին. 100-ից ավելի է։

Թե կոնկրետ որքան է, նշված չէ։ («Հետք»-ի հրապարակման մեջ այդ ցուցանիշը՝ < 1 էր):

Մարէների ընդհանուր քանակ-մանրէաբանական ցուցանիշ է, որով որոշվում է ջրի՝ համաճարակային առումով անվտանգությունը։
ՄԸՔ- 1 մլ-ում մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ (ՄԱՖԱՄ) միկրոօրգանիզմերի ընդհանուր պարունակության քանակական ցուցանիշն է։

Մանկական ջրի լաբորատոր փորձաքննությունն իրականացվել էր  ՍԱՊԾ «ՀԱԲԼԾԿ» լաբորատորիայում՝ համաձայն 2014թ հոկտեմբերի 30-ի N1240 Կաավարության որոշման («Շշալցված խմելու ջրին ներկայացվող պահանջները հաստատելու մասին»), որը, առավելապես վերաբերում է մանկական սննդի պատրաստման համար նախատեսված շշալցված ջրերին և մանկական ջրի համար անհրաժեշտ բոլոր ցուցանիշները չէ, որ ներառված են այդ որոշման պահանջների մեջ:

Համեմատության համար՝ ներկայացնում ենք «Հետք»-ի հրապարակած լաբորատոր փորձաքննության արձանագրությունը, որի վրա կարմիրով նշված են այն ցուցանիշները, որոնք ՍԱՊԾ-ն չի ստուգել:


«ՌՌՌ հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ում իրականացված պետական վերահսկողության ժամանակ «Նոյ» մանկական ջրի խմբաքանակ, ըստ ՍԱՊԾ-ի, չի հայտնաբերվել։ Փորձաքննության արձանագրության մեջ նշված է, որ փորձարկվել է 1 նմուշ ( մեկ շի՞ շ, 0,5 լ), հստակ ծավալ նշված չէ։

Բացի այդ, ՍԱՊԾ ունեցած տեղեկության համաձայն, «ՌՌՌ հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի պատասխանատուները հայտնել են, որ ներկայումս «Նոյ» մանկական ջրերի արտադրությունն իրենց կողմից չի իրականացվում։

Իսկ ո՞ր խմբաքանակում է եղել խախտումը, ինչու՞ այդ մասին սպառողներին և արտադրողին տեղյակ չի պահվել և ինչու՞ է մանկական առողջության համար վտանգ ներկայացնող ապրանքը մնացել վաճառքում ․․․

Սրանք հարցեր են, որոնց պատասխանը ՍԱՊԾ-ն վաղուց պետք է հրապարակեր:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված