Կիրակի, 21 հուլիսի

ԱՄՆ-ում վտանգված է ինֆորմացիայի ազատությունը



2004թ. հունվարին հայ լրագրողների մի խումբ մեկնել էր Միացյալ Նահանգներ՝ ուսումնասիրելու հետաքննական լրագրության ամերիկյան փորձը: Հասնելով Վաշինգտոն՝ նրանք գործուղվեցին 8 տարբեր նահանգներ: Ինձ վիճակված էր «բացահայտել» տեխասյան ոչ մեծ մի քաղաք, որը, սակայն, լավագույն բնութագիրն էր իր տարածքի մեծությամբ երկրորդը հանդիսացող (ամենամեծ նահանգն Ալյասկան է) այդ նահանգի:

Ֆորթ Վորթ 

Քաղաքը, ոտեղ ես անցկացրի երկու շաբաթ, կոչվում է Ֆորթ Վորթ («Ֆորթ» թարգմանաբար նշանակում է «ամրոց»): Այն կառուցվել է 1849թ. իբրեւ ամրոց Դալլասը (այս քաղաքում սպանվեց ԱՄՆ նախագահ Քենեդին) հնդկացիների ներխուժումից պաշտպանելու համար: 1857-ին այն պաշտոնապես դարձել է քաղաք` անմիջապես ստեղծելով կառավարման մարմիններ: Ֆորթ Վորթն ունի քաղաքապետ եւ 8 անդամից բաղկացած քաղաքային խորհուրդ: Քաղաքապետը եւ քաղխորհրդի անդամներն ընտրվում են 2 տարով եւ ձեւավորում են քաղաքի օրենսդիր մարմինը: Քաղաքապետը եւ քաղխորհրդի անդամները թեեւ ընտրվում են 2 տարի ժամկետով, բայց նրանց վերընտրվելու իրավունքն անսահմանափակ է: Սա հասարակական աշխատանք է, քաղաքապետը եւ քաղխորհրդի անդամները խորհրդանշական աշխատավարձ են ստանում` շաբաթական 75 դոլար: Նրանք բոլորը հարուստ մարդիկ են եւ ունեն իրենց բիզնեսը: Ներկայիս քաղաքապետ Մայք Մոնկրիֆը նավթային հարուստ ընտանիքից է, իսկ քաղխորհրդի անդամները հայտնի բիզնեսմեններ եւ փաստաբաններ են: Գործադիր իշխանությունն իրականացնում է քաղաքային մենեջերը, որը նշանակովի պաշտոն է:

ԱՄՆ-ում ժողովրդավարությունն առավել զարգացած է տեղական ինքնակառավարման մակարդակում: Ֆորթ Վորթի քաղաքապետարանը քաղաքում իրականացվելիք ցանկացած կարեւոր նախագծի կապակցությամբ հանրաքվե է անցկացնում: Քաղաքային խորհրդի ոչ միայն պաշտոնական, այլեւ ոչ պաշտոնական նիստերը բաց են հասարակության համար: Եթե քաղաքային խորհուրդը որոշում է ոչ պաշտոնական նիստ գումարել, ապա 27 ժամվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է մամուլին եւ հասարակությանը: Քաղխորհրդի նիստերը ուղիղ եթեր են հեռարձակվում: 

 Ներկայումս Ֆորթ Վորթում ապրում է 500.000 մարդ: Դրանք ավելի շատ իսպանախոսներ են, քանի որ նախկինում Տեխասը եղել է Մեքսիկայի նահանգներից մեկը եւ 1836-ին իրեն հայտարարել է Ամերիկայի նահանգ: Սա է նաեւ պատճառը, որ հաճախ տեխասցիներն իրենց համարում են «անկախ պետություն»: Տեխասցիների բարձր ինքնագնահատականի մասին խոստովանում է նաեւ «Սթար Թելեգրամ» թերթի լրագրող Մաքս Բեյքերը. «Տեխասցիների ինքնագնահատականն ուղիղ համեմատական է իրենց նահանգի տարածքին»: Ֆորթ Վորթի խորհրդանիշը ցուլն է: Ցուլերի գլուխները դիմավորում են այցելուներին քաղաքի գրեթե բոլոր ռեստորաններում: Ի տարբերություն ամերիկյան այլ նահանգների, որտեղ գերակշռում են այլ ազգերի խոհանոցները, Տեխասում հպարտանում են իրենց ավանդական բարբիքյուով: Բարբիքյուից բացի, տեխասցիները հպարտության եւս երկու խորհրդանիշ ունեն` կովբոյական լայնեզր գլխարկը եւ երկարաճիտք կոշիկները:

Առանց պերճանքի այս առարկաների տեխասցի տղամարդն իրեն իսկական տղամարդ չի զգում: Ուրբաթ երեկո, երբ աշխատանքային շաբաթն արդեն ավարտված է, Ֆորթ Վորթում ապրող տղամարդիկ դնում են իրենց ամենագեղեցիկ գլխարկը, հագնում կոկորդիլոսի կաշվից կարված երկարաճիտք կոշիկները եւ գնում «Billy Bob's» ակումբ` պարելու, նաեւ` գեղեցիկ սեռից զուգընկեր գտնելու: Ուրբաթ երեկոներին այս ակումբում, որտեղ հնչում է քանթրի ոճի երաժշտություն, եւ մարդիկ պարում են իրենց ավանդական պարերը, թվում է, թե տեղափոխվել ես 1800-ական թվականները, եւ աչքիդ առաջ ամերիկյան ֆիլմերում տեսած կովբոյներն են` կաշվե գոտիների մեջ թաքցրած ատրճանակներով: Ասես այս նահանգում ամեն ինչ այնպես է, ինչպես եղել է, ասենք, մեկ դար առաջ: 1954 թվականին մի հետազոտող` Ալեն Լը Մեյը, Ֆորթ Վորթի մասին գրել է. «Ինձ զարմացնում է, թե որքան քիչ է փոխվել քաղաքը, երբ ես ժամանեցի այստեղ 30 տարի առաջ»: Ինձ համար այդ անփոփոխությունը խիստ հաճելի էր:

Ի՞նչ են հետաքննում Սթար-Թելեգրամի լրագրողները 

Ֆորթ Վորթում ինձ հյուրընկալեց քաղաքի առաջատար թերթը` «Սթար Թելագրամ»ը: Այն հիմնադրվել է 1906 թվականին æ. Ամոն Քարտերի, Լուիս Վորթմանի եւ Պոլ Վեպլսի կողմից: Գոյության 98 տարիների ընթացքում թերթը 4 հրատարակիչ կամ սեփականատեր է փոխել` Ամոն Քարտեր, Կապիտալ Սիթի Կոմյունիկեյշն, Վոլթ Դիսնեյ եւ Նայթ Ռայդեր (ներկայիս սեփականատերը): Լրագրողները տհաճությամբ են հիշում 1996-97 թվականները, երբ թերթի հրատարակիչը Դիսնեյն էր: Վերջինս ոչ միայն վատ էր վճարում լրագրողներին, այլեւ հաճախ միջամտում էր նրանց աշխատանքին ու արտաքին ճնշումների դեպքում հրահանգում չտպագրել այս կամ այն նյութը: «Սթար Թելագրամ»-ն օրաթերթ է, տպագրվում է նաեւ հանգստյան օրերին, ընդ որում` կիրակնօրյա համարն ամենասպառվող եւ կարեւոր համարն է, որում նյութ ունենալը լրագրողների համար խիստ պատվաբեր է: Բացի Ֆորթ Վորթից, «Սթար Թելագրամ»-ն ունի եւս երկու բյուրո մերձակա Նորթիստ (Նորթիստ Սթար-Թելեգրամ) եւ Արլինգտոն (Արլինգտոն Սթար-Թելեգրամ) քաղաքներում, որտեղ թողարկվող համարներն իրենց բովանդակությամբ տարբերվում են «Ֆորթ Վորթ Սթար Թելագրամ»ից: «Ֆորթ Վորթ Սթար Թելագրամ»-ի տպաքանակը 350.000 է: 

 Թեեւ հետաքննական լրագրությունն ԱՄն-ում արդեն 100 տարվա պատմություն ունի, «Սթար Թելագրամ»-ի հետաքննական բաժինը ստեղծվել է 2000 թվականին: 

«2000-ին մեր թերթի լրագրող Էմիլ Բեռարդը քաղաքի դպրոցներում կատարվող շինարարության մասին հոդված էր գրել: Շինարարությունը կատարում էր մի ընկերություն, որի տերը հանցագործ էր: Հոդվածը հրապարկելուց հետո այդ ընկերության հետ թերթը բավական խնդիրներ ունեցավ: Նրանց փաստաբանը թերթի հրատարկչին եւ գլխավոր խմբագրին 50 կետից բաղկացած մի ցուցակ տվեց, որով «ապացուցում էին», թե թերթը ստել է եւ պահանջում մեկ միլիոն դոլար: Մենք ապացուցեցինք, որ բոլոր 50 կետերով թերթն արդարացի է: Երկու ամսից հետո այդ ընկերությունը դարձյալ մեզ կանչեց` այս անգամ 12 կետից բաղկացած ցուցակ ներկայացնելով: Մենք դարձյալ ապացուցեցինք, որ 12 կետերից յուրաքանչյուրով թերթը ճիշտ է: Այդ ամենը տեւեց 1 տարի: Մեկ տարի հետո դադարեցին զանգել եւ գումար պահանջել (Տեխասի օրենսդրությունը սահմանում է, որ զրպարտության համար կարելի է դատի տալ մեկ տարվա ընթացքում: Եթե մեկ տարին անցել է, ապա զրպարտությն համար չեն կարող այլեւս դատել:):

Այդ նյութի համար Էմիլը ստացավ նահանգի լավագույն հետաքննող լրագրողի պարգեւը, եւ արդյունքում ստեղծվեց հետաքննական բաժինը»,-պատմում է հետաքննական բաժնի խմբագիր Լոիս Նորդերը: Ֆորթ Վորթը բավական հանգիստ, անվտանգ քաղաք է, եւ առաջին հայացքից թվում է, թե այստեղ հետաքննելու շատ բան չկա: Իրականում «Սթար Թելեգրամի» հետաքննողները թեմայի պակաս չեն զգում: «Մեր պատմությունների թեմաները հասարակությունից ենք ստանում, այն ինչ հասարակությունը անհրաժեշտ է համարում հետաքննել, դրանով էլ զբաղվում ենք: Միաժամանակ դիտարկում ենք այնպիսի թեմաներ, որոնց մասին մեզ ոչ ոք չի հայտնում կամ զանգահարում, որոնց վրա ոչ մեկը ուշադրություն չի դարձնում: Թերթի խմբագրական կոլեգիան նայում է, թե ինչ է տեղի ունենում մեր շուրջը, եւ այն երեւույթները, որոնք մեծ ազդեցություն ունեն հասարակական կյանքի վրա, օրինակ` հարկային գումարները արդյունավե՞տ են ծախսվել, թե ոչ, քննարկում ենք լրագրողների հետ եւ որոշում, թե որով զբաղվել: Մեր լավագույն հետաքննություններից մեկը մի քահանայի մասին է, որը հեռուստատեսությամբ կրոնական շոու է վարում եւ շատ հայտնի է: Այդ քահանան թալանել է ժողովրդին, հանգանակություններ է հավաքել եւ Աստծո խոսքը տարածելու փոխարեն այդ փողերը ծախսել է առանձնատուն կառուցելու, մի քանի ինքնաթիռ գնելու վրա: Մենք այդ մասին իմացանք, որովհետեւ մեր շրջանում հայտնվեցին կանայք, որոնց այդ քահանան թալանել էր՝ խոստանալով ամուսնանալ նրանց հետ: Մեր հետաքննությունը տեւել է 5 ամիս:

Պատճառը, որի համար մենք զբաղվեցինք այս գործով, այն էր, որ նման մարդկանցով ոչ ոք չի զբաղվում, կառավարությունը դրանց հետ չի կապվում, մյուս քահանաները` նույնպես, իսկ ժողովուրդը պարզապես ի վիճակի չէ որեւէ բան անել: Տվյալ դեպքում թերթը վերջին ատյանն է, միակը, ով կարող է որեւէ կերպ արդարություն հաստատել: Բոլորը հասկանում են, թերթը նույնպես, որ շատ մարդիկ են օրենքը խախտում, բայց այդ իրավիճակները միշտ չէ, որ հիմք են հետաքննություն անելու համար: Մենք փնտրում ենք այնպիսի իրավիճակներ, որտեղ մեզ թվում է, որ համակարգը չի աշխատում, կամ որեւէ օղակ դուրս է մնացել կամ թերացել է, եւ այդ բացն է թույլ տալիս հանցագործին անպատիժ մնալ: Կամ համակարգի թերությունն է նպաստում հանցագործության կատարմանը»-շարունակում է Լոիս Նորդերը: «Սթար Թելեգրամի» 6 լրագրողից բաղկացած հետաքննական թիմը տարեկան 25-50 հետաքննական հոդված է պատրաստում: Դրանք երբեմն խիստ տեղական նշանակության թեմաներ են, բայց հետաքննական թիմի անդամները շատ են կարեւորում. «Հեշտ է գրել այն թեմաների մասին, որոնք քո բակում չեն, ազգային խոշոր հարցերի մասին շատ թերթեր են գրում եւ Պուլիցերյան մրցանակներ ստանում: Մեզ համար կարեւոր են այն թեմաները, որոնք հուզում են հենց մեր քաղաքի ընթերցողներին: Հաճախ դրանք այն թեմաներն են, որոնք Պուլիցեր չեն ստանում, բայց որոնց մասին մյուսները չեն գրում: Դրանք դժվար թեմաներ են, որոնք չարացնում, բարկացնում են այստեղ ապրող մարդկանց, քաղաքի ազդեցիկ դեմքերին: Մենք հաճախ գրում ենք այն երեւույթների կամ մարդկանց մասին, որոնք մեր կողքին են, բայց որոնց վրա ոչ մեկը ուշադրություն չի դարձնում, ասես նրանք ուրվական են»: Լոիս Նորդերը, որ 13 տարի արդեն աշխատում է այս թերթում եւ մինչ թերթի հետաքննական բաժնի ստեղծումը զբաղվել է այդպիսի նյութերով, նշում է, որ չնայած շատ վիճելի հոդվածներին` թերթի դեմ երբեւէ դատական գործ չի հարուցվել:

«Քանի որ մենք բարդ խնդիրներով ենք զբաղվում, բոլորը պատրաստ են մեզ վրա հարձակվելու: Յուրաքանչյուրը պատրաստ է մեզ դատի տալ զրպարտանքի կամ ոչ ճիշտ տեղեկություն հրապարակելու համար: Իմ խնդիրն է անել այնպես, որ հետաքննական հոդվածները կատարյալ լինեն, որպեսզի ոչնչից հնարավոր չլինի կառչել եւ ոչ մի պատրվակով մեզ վրա չկարողանան գրոհել: Երբ ավարտում եմ նյութը խմբագրելը, այն ուղարկում եմ մեր թերթի իրավաբանին: Նա եւս կարդում է եւ, եթե ինչ-որ բան է գտնում, որի համար մեզ կարող են դատի տալ, մենք միասին նստում քննարկում ենք, այլ կերպ ենք ձեւակերպում նախադասությունները թերթը գրոհումներից զերծ պահելու համար»: Այդուհանդերձ, հետաքննական նյութերի համար «Սթար Թելեգրամի» լրագրողներին երբեմն նաեւ սպառնում են: «Մեզ հաճախ են սպառնում նրանք, ովքեր հարցազրույց են տալիս: Հակառակ կողմը հաճախ վարձում է փաստաբաններ, որոնք գալիս եւ մեզ դատարանով սպառնում են, եթե մենք տպագրենք այս կամ այն հոդվածը: Ավելի խելոքները գտնում են տեղական ազդեցիկ մի քաղաքական գործիչ, որը գալիս է թերթի հրատարակչի կամ գլխավոր խմբագրի մոտ ու փորձում համոզել, որ կամ ժուռնալիստը նախապաշարումներ ունի, կամ անձնական շահ ունի եւ չի կարող օբյեկտիվ լինել, կամ այն, ինչ մենք անում ենք, սխալ է: Որոշ դեպքերում, երբ ինչ-որ թեմայով իրավական գործ է, փաստաբանները կարող են խնդրել դատարանին պարզել, թե ինչ հոգեկան վիճակում է եղել ժուռնալիստը նյութը գրելիս, եւ նրան մեղադրել ոչ օբյեկտիվության մեջ: Պատահում է, երբ հարցազրույցի գնալուց առաջ ես ժուռնալիստին նստեցնում եւ ստիպում եմ փորձել իմ վրա, օգնում եմ ճիշտ ձեւակերպել հարցերը նախ` պատասխան ստանալու համար, երկրորդ` չմատնելու համար սեփական համոզմունքը կամ շահագրգռվածությունը, այսինքն` հարցերը պետք է այնքան «կոկիկ» լինեն, որպեսզի այդ հարցերի համար դատի տալ հնարավոր չլինի: Եթե որեւէ մեկը դժգոհ է մեր հրապարակած նյութից, կարող է նաեւ տնտեսական վրեժ լուծել, օրինակ` հավաքել մարդկանց խմբեր եւ քարոզել չբաժանորդագրվել մեր թերթը, կամ գնալ գովազդատուի մոտ եւ ասել, որ եթե վերջինս չդադարեցնի իր գովազդը մեր թերթում, իրենք կդադարեն գնել տվյալ ապրանքը: Երբեմն էլ այդ մարդիկ կարող են դադարել պատասխանել մեր թերթի լրագրողների զանգերին կամ ինֆորմացիան տրամադրել մեր մրցակից թերթին»,-ասում է տիկին Նորդերը: 

Լոիս Նորդերը հետաքննական լրագրության մասին սեփական տեսություն ունի. «Շատ լրագրողներ են ցանկանում հետաքննական ժուռնալիստիկայով զբաղվել, որովհետեւ դա գրավիչ է, գայթակղիչ, հետաքրքիր, բայց նրանք չեն պատկերացնում, թե ինչ տիտանական աշխատանք է պետք կատարել: Շատ քչերը կարող են զբաղվել հետաքննությամբ, որովհետեւ դա մեծ ուժ է պահանջում, համբերություն եւ որոշակի մտավոր կարողություն: Դա շատ ծանր աշխատանք է, եւ իմ թիմում աշխատողները առանձնահատուկ են: Նրանք սիրում են մտավոր խնդիրներ լուծել, փորփրել բարդ խնդիրներ, նրանց չի հետաքրքրում շրջապատի կարծիքը, եւ նրանց համար կարեւոր չէ, որ իրենք շրջապատին դուր չեն գա: Նրանք կարող են այնպիսի հարցեր տալ, որոնց համար իրենց կարող են ատել, նրանք արդարության ցնցող զգացում ունեն եւ հետաքրքրված են այնպիսի հոդվածներ գրել, որոնք կփոխեն հասարակությունը դեպի լավը: Ես կարծում եմ, որ հետաքննող լրագրողը հոգեբանորեն չհավասարակշռված մարդ է: Նա այնքան է ներքաշված այս բարդ աշխատանքում, նյութը բացահայտելու կամ ամեն անգամ եզրակացությունների գալու համար այնքան է փորփրում, այնքան մարդկանց հետ է կռիվ տալիս, որ զգայական տեսակետից ավերակ է դառնում, եւ ամեն անգամ հարկ է լինում ինքդ քեզ կտոր-կտոր հավաքել: Նորմալ հոգեկան վիճակ ունեցող մարդն ինքն իրեն երբեք նման կտտանքների չի ենթարկի, դա շատ բարդ է: Հետաքննող լրագրողները բոլորն անհավասարակշիռ են: Հաճախ շատ խմբագիրներ չեն ցանկանում նրանց հետ աշխատել, նրանք չեն հարգում իշխանությունը, կարող են ղեկավարի դեմ դուրս գալ: Բնականաբար, նորմալ ղեկավարը դա չի սիրում: Սրանք մարդիկ են, որոնք մեծ թվով դրական, բայց եւ մեծ թվով բացասական կողմեր ունեն: Այդ հատկություններն էլ նրանց ղեկավարության մեծ մասին դուր չի գալիս»:

Դատավորներն ու ոստիկանները լրագրողներին չեն սիրում 

«Սթար Թելեգրամում» հետաքննականից հետո թվով երկրորդ բարդ բաժինը դատական եւ իրավական թեմաներինն է: Սրանք, ըստ թերթի լրագրողների, նաեւ ամենակարդացվողներն են: Ֆորթ Վորթում տարեկան 60-70 ավտովթար, նույնքան էլ հանցագործություն է կատարվում: Քրեական թեմաները լուսաբանող Դիանա Բոյդը կարծում է, որ սա լավ ցուցանիշ է, եւ Ֆորթ Վորթը քրեական առումով առավել հանգիստ քաղաք է, սակայն այստեղ հաճախ շատ անսովոր սպանություններ են տեղի ունենում: Քաղաքի քրեական անցուդարձը վերահսկելու համար Դիանան մշտապես լսում է ոստիկանական սկաները (ռադիոսարք է), որով խոսում են ոստիկանները: Այն, իհարկե, տարբերվում է ոստիկանների օգտագործած ռադիոսարքից, որն ունի նաեւ մեկ գաղտնի հաճախություն ծառայողական գաղտնիքները լրագրողներից պաշտպանելու համար: Թեեւ, ըստ Դիանայի, ոստիկանները մամուլին չեն վստահում, բայց ինֆորմացիան հավուր պատշաճի տրամադրում են:

Քաղաքի ոստիկանական ծառայությունում լրագրողների համար նախատեսված հատուկ սենյակ կա, որտեղ քրեական թեմաները լուսաբանող յուրաքանչյուր լրագրող ունի իր անվամբ գրադարակ: Այդ դարակներում ամեն առավոտ տեղադրվում է ոստիկանական հաշվետվությունն այն մասին, թե ինչ պատահարներ կամ հանցագործություններ են տեղի ունեցել գիշերվա ընթացքում: Դիանան կարծում է, որ իր ընթերցողները սիրում են կարդալ պատմություններ սպանությունների մասին. «Ես պատմում եմ ամեն ինչ այնպես, ինչպես որ կա, որպեսզի ընթերցողը ռեալ պատկերացնի իրականությունը: Եթե շատ սարսափելի պատմություն է, հոդվածի վերեւում հայտարարություն ենք տպագրում նախապես ընթերցողին զգուշացնելու համար»: Իրավական եւ դատական թեմաներով գրող Մաքս Բեյքերին բաժին ընկած թեմաները նույնպես տխուր են եւ վերաբերում են մարդկային ճակատագրերին` ազատազրկվածներ, մահապատժի ենթարկվածներ եւ այլն: Տեխասն ԱՄՆ-ի այն նահանգներից մեկն է, որտեղ կիրառվում է մահապատիժ: Առհասարակ, ինչպես վկայում են նաեւ դատավորները, պատիժներն այստեղ առավել դաժան են: Մահապատժի դատապարտվում են մինչեւ 6 տարեկան երեխա սպանելու, երկու մարդու միաժամանակ սպանելու, ոստիկանին, հրշեջին կամ դատարանի աշխատակցին մասնագիտական պարտքը կատարելիս սպանելու, վարձու սպանության, առեւանգման եւ գողության ժամանակ սպանություն կատարելու դեպքերում: 

Ֆորթ Վորթի Քրեական գործերով դատավոր Շարեն Վիլսոնը 13 տարվա իր դատական պրակտիկայի ընթացքում 11 մահապատժի վճիռ է կայացրել (իրականում ԱՄն-ում երդվյալ ատենակալներն են որոշում` մարդուն տալ մահապատիժ, թե ոչ, եւ դատավորը միայն հաստատում է երդվյալ ատենակալների կայացրած վճիռը): Դրանցից 5-ի նկատմամբ մահապատիժն արդեն կիրառվել է, եւ Շարեն Վիլսոնը համոզված է, որ այդ վճիռներն արդարացի են եղել: 

Մեկ այլ դատավոր` Ջորջ Գալագերը, որն ավելի մարդասեր է, անվերապահորեն չի ընդունում մահապատժի կիրառումը: Բայց, ինչպես վկայում է նաեւ Մաքս Բեյքերը, Տեխասում հասարակությունը մեծի մասամբ կողմ է նման պատժին եւ առաջնորդվում է «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքով: Մաքս Բեյքերը կարծում է, որ մահապատժի կիրառումը չի նվազեցնում հանցագործությունների թիվը Տեխասում, քանի որ «հանցագործություն կատարելուց առաջ մարդիկ երբեք չեն մտածում պատժի մասին»: 

 Թեեւ դատական նիստերը Տեխասում բաց են հասարակության համար, բայց լրագրողներն այստեղ սահմանափակ իրավունքներ ունեն: Դատավորն է որոշում` թույլ տալ ձայնագրություն, լուսա եւ տեսանկարահանում անել, թե ոչ: Մաքս Բեյքերն ասում է, որ դատավորների մեծ մասը հակված չէ լրագրողներին նման «արտոնություններ» տալ` դատական նիստը «կրկեսի» չվերածելու մտավախությամբ: Լրագրողների նկատմամբ բարյացակամ տրամադրված եզակի դատավորներից մեկին` æորջ Գալագերին մենք հանդիպեցինք հենց դատարանի դահլիճում, երբ վերջինս սպանության մեջ մեղադրվողին ընկերաբար բացատրում էր, թե ինչ հանցագործություն է նա կատարել եւ ինչ պատիժ կարող է ստանալ: Այս դատավորը, Մաքս Բեյքերի վկայությամբ, երբեք չի մերժում լրագրողներին: Դրանում մենք համոզվեցինք սեփական փորձով:

ԱՄՆ-ում վտանգված է ինֆորմացիայի ազատությունը 

 Այսօր ամերիկյան լրագրողները խոստովանում են, որ 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո իրենք դժվարությամբ են տեղեկություններ ստանում իշխանությունների գործողությունների մասին: «Պաշտպանության եւ Ազգային անվտանգության նախարարություններից փաստաթղթեր չենք կարողանում ստանալ,-ասում է «Սթար Թելեգրամ» թերթի հետաքննական բաժնի խմբագիր Լոիս Նորդերը,-Ամեն անգամ, երբ նրանք կարող են հիմնավորել, որ այդ ինֆորմացիայի տրամադրումը կարող է վնասել պետությանը, եւ մարդիկ կարող են օգտագործել ինֆորմացիան պետության վրա հարձակվելու համար, մեզ կարող են մերժել: Գնալով աստիճանաբար ավելի ու ավելի դժվարանում է տեղեկություն ստանալը: Իհարկե, հասկանալի է, երբ փորձում են պաշտպանել պետությունը, բայց արդյունքում մենք չենք կարողանում ստուգել` արդյոք կառավարությունը ճիշտ որոշումներ է ընդունում, եւ արդյունավետ են արդյոք ծախսվում մեր փողերը: Ամենից հաճախ կառավարությունը չի ուզում, որ մենք իմանանք, թե ինչով է ինքը զբաղված»: Բոլոր լրագրողները միաբերան պնդում են, թե ամերիկյան հասարակությունը պաշտպանում է կառավարության քաղաքականությունը, որովհետեւ վախենում է ահաբեկչությունից: «Ժուռնալիստները շատ են գրում, որ մամուլի եւ ինֆորմացիայի ազատությունը վտանգված է ազգային անվտանգությամբ, բայց մարդիկ շատ են վախեցած եւ իրենց քաղաքացիական իրավունքները զիջում են անվտանգությանը»,-ասում է լրագրող Մայք Լին: Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ընդունված «Հայրենասիրության մասին» ակտը լրագրողներին թույլ չի տալիս տեղեկություններ ստանալ ձերբակալված օտարերկրացիների մասին: «Այդ ակտը իբրեւ թե պիտի կանխեր ահաբեկչությունը, բայց իրականում սահմանափակում է մարդու իրավունքները, մի բան, որի համար ԱՄՆ-ը միշտ քննադատել է այլ երկրներին: ԱՄՆ-ում հիմա ցանկացած մարդու կարող են կասկածել, ձերբակալել, չհայտնել այդ մասին ոչ մեկին, ամիսներով մեղադրանք չներկայացնել: 

Երբ լրագրողները քննադատում են սա, մեղադրվում են հակահայրենասիրության մեջ»,-ասում է «Սթար Թելեգրամի» խմբագիրներից մեկը` Դայանա Հանթը: Ֆորթ Վորթի քաղաքային խորհրդի անդամ, իրավաբան æիմ Լեյնը վրդովված ասում է, թե «Վաշինգտոնում նացիստներ են նստած»: «Ես չեմ արդարացնում Բուշի քաղաքականությունը: Մամուլի ազատությունն ամենակարեւոր բանն է, եւ մամուլի ազդեցությունը կերեւա նոյեմբերին նախագահական ընտրությունների ժամանակ: Մարդիկ չեն հասկանում, որ որքան քիչ ազատություն, այնքան քիչ անվտանգություն: Այստեղ քաղաքական գործիչներն ատում են մամուլը եւ հիմա պայքարում են մամուլի դեմ տարբեր «ակտերի» միջոցով»,- խոսքն ավարտում է Ջիմ Լեյնը: 

 ԱՄՆ-ի «Ինֆորմացիայի ազատության մասին» օրենքը համարվում է աշխարհում լավագույններից մեկը: Այդուհանդերձ, ամերիկյան լրագրողները համոզված են, որ ֆեդերալ օրենքը զուտ հռչակագրային բնույթ ունի, եւ ավելի արդյունավետ են նահանգային օրենքները: Նահանգային օրենքները տեղեկություն կամ փաստաթուղթ տրամադրելու կոնկրետ ժամկետներ են սահմանում (Տեխասում այն 10 օր է): Սակայն ինֆորմացիայի ստացմանը խոչընդոտում է մեկ այլ հանգամանք: ԱՄՆ-ում լրագրողը վճարում է եւ՛ փաստաթղթի պատճենի համար, եւ՛ պահանջված տեղեկությունը պատրաստելու համար պաշտոնյայի ծախսած ժամանակի համար: «Փոքր թերթերի համար դա շատ ծանր է, որովհետեւ երբեք հնարավոր չէ վերահսկել, թե չինովնիկը քանի ժամ է աշխատել տվյալ փաստաթուղթը պատրաստելու համար»-ասում է լրագրող Մայք Լին: «Սթար Թելեգրամի» խմբագիր Դայանա Հանթից մի անգամ 60 միլիոն են պահանջել տեղեկություն տրամադրելու համար, եւ միայն Տեխասի նահանգապետի միջնորդությունից հետո է պահանջված ինֆորմացիան տրամադրվել` խորհրդանշական գումար վճարելով: 

 ԱՄՆ-ում այսօր վտանգված է նաեւ մասնավոր կյանքի գաղտնիության իրավունքը: «Մասնավոր կյանքի գաղտնիություն չի մնացել սեպտեմբերի 11-ից հետո: Անվտանգության մարմինները մեծ ծավալի ինֆորմացիա են ստանում, բայց այն մշակելու ժամանակ չունեն, եւ անիմաստ է դառնում ինֆորմացիայի հավաքումը»,-նշում է լրագրող Մայք Լին: 

«Սթար Թելեգրամի» հետաքննական խմբի անդամ æեֆ Կլասենը, որը հիմնականում զբաղվում է տվյալների ձեռքբերմամբ եւ վերլուծությամբ, մեզ ցույց տվեց բոլոր այն ինտերնետային էջերը, որտեղ ցանկացած մարդու մասին ցանկացած տեղեկություն կարելի է գտնել` սկսած նրա վարորդական վկայականի պատմությունից, կրեդիտ քարտերից, քրեական անցյալից, ընտանեկան վիճակից եւ այլն: Այսինքն` մարդկանց մասին ամեն ինչ հայտնի է: æեֆը պնդում է, թե մարդիկ ԱՄՆ-ում չեն անհանգստանում նրանով, թե կառավարությունն ինչ կիմանա իրենց մասին. «Նրանց մեծ մասը չգիտի էլ, որ նման տվյալներ գոյություն ունեն Ինտերնետում»: Այս խնդիրներով անհանգստացած` «Սթար Թելեգրամի» հետաքննական խումբը պատրաստվում է հետաքննություն կատարել կառավարության ոչ թափանցիկ գործունեության մասին: «Այդ նախագծում կդիտարկենք, թե ինչն է անհասանելի, ոչ մատչելի լրագրողի համար: Մենք կփորձենք պարզել, թե ինչն է պետական գաղտնիք, եւ ճի՞շտ է արդյոք, որ դա պետական գաղտնիք է, ի՞նչ ազդեցություն է դա ունենում հասարակության վրա, օգտակա՞ր է, թե վնասակար, եւ ի՞նչ են մտածում մարդիկ այդ կապակցությամբ»,-նշում է Լոիս Նորդերը: 

«Սթար Թելեգրամի» լրագրողներն ասում են, որ ամերիկյան հասարակությունում տաբու թեմաներ էլ կան: «Ժուռնալիստները գրեթե չեն կարողանում լուսաբանել եկեղեցու գործերը: Տեխասը համարվում է «բիբլիական գոտի»: Այստեղ հոգեւոր, կրոնապաշտ մարդիկ են ապրում: Բայց, միաժամանակ, բավական շատ «կեղծ քահանաներ» կան, որոնք ժողովրդին մոլորեցնում են, Աստծո անունով հանգանակություններ կազմակերպում, բայց հավաքված գումարները ծախսում են սեփական առանձնատներ կառուցելու եւ ինքնաթիռներ գնելու վրա: Այդ պարագայում դժվար է քահանաներին քննադատել, որովհետեւ հավատացյալներին թվում է, թե ժուռնալիստներն Աստծուն են քննադատում»,-ասում է Լոիս Նորդերը:

Երեւան-Ֆորթ Վորթ


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված