Երկուշաբթի, 21 հոկտեմբերի

Հայկական ստարտափ. LiveBoard՝ ինտերակտիվ գրատախտակ միաժամանակ հեռակա աշխատելու համար



LiveBoard հավելվածը, որն իրական գրատախտակ է հիշեցնում,  թույլ է տալիս պատկերավորել գաղափարները, կիսել դրանք մյուսների հետ ու միաժամանակ հեռակա աշխատել գրատախտակի վրա՝ կատարելով փոփոխություններ կամ ավելացումներ։ 

Գրատախտակի հիմնական նպատակն է հեշտացնել հեռակա ժողովների, հավաքների կազմակերպումն ու ընթացքում մտքեր քննարկելու, անհրաժեշտության դեպքում դրանք հեշտությամբ պատկերելու գործընթացը։

«Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդն անհրաժեշտ տեղեկությունը հիմնականում ստանում է տեսողական պատկերների միջոցով։ Ընդհանուր ժողովների կամ իրար ինչ-որ բան բացատրելու դեպքում մարդ հաճախ գրատախտակի կարիք է ունենում՝ միտքը վիզուալ հեշտ ներկայացնելու համար։ Հիմա շատերն են հեռակա աշխատում կամ ճամփորդությունների ժամանակ ստիպված են լինում ժողովներին միանալ` օգտագործելով տարբեր միջոցներ։ LiveBoard-ն այս գործընթացը հեշտացնում է։ Այս դեպքում օգտագործողները ստիպված չեն լինում ինչ-որ տեղ տեսախցիկ տեղադրել, հարմարեցնել արվող փոփոխություններին։ Պարզապես ներբեռնում են հավելվածը, կիսում են գրատախտակն ու միաժամանակ աշխատում դրա վրա։ Ավելին՝ ոչինչ չի կորչում, որովհետև LiveBoard-ն իր հիշողության մեջ է պահում կատարված բոլոր փոփոխությունները՝ անհրաժեշտ փոփոխությունը գտնելու համար հնարավոր է հետ ու առաջ գնալ»,-ասում է ստարտափի համահիմնադիր և ղեկավար Երեմ Խալաթյանը։ 

Պատկերների մեքենայական ճանաչման շնորհիվ օգտագործողը կարող է նկարել, օրինակ, շրջան հիշեցնող պատկեր, ու գրատախտակն այն միանգամից կճանաչի ու կդարձնի հստակ շրջան։ Հնարավոր է փոխել գույնը, տառաչափը, ինչպես նաև ուղարկել հաղորդագրություններ։ Գրատախտակի վրա միաժամանակ աշխատելու դեպքում նախաձեռնողը կարողանում է կառավարել մյուս անդամների՝ փոփոխություններ կատարելու հնարավորությունները։ Այս գործիքը մյուս նմանատիպ հավելվածները հիմնականում  տրամադրում են որպես վճարովի ծառայություն։ 

«Հավելվածը ստեղծելու գաղափարի հիմքում մեր իսկ ցանկությունն էր ունենալ մի գործիք, որը կօգտագործենք մեր աշխատանքները հեշտացնելու համար։ Հատկապես ծրագրավորողների դեպքում հեռակա աշխատելը շատ տարածված է, իսկ սա կհեշտացներ հաղորդակցումը։ Հետո նախաձեռնությունը կրթական ուղղվածություն ստացավ։ 2016 թվականին  LiveBoard-ը ընդգրկվեց  «Մեկ համակարգիչ, մեկ աշակերտ» պիլոտային ծրագրի մեջ և տեղադրվեց Վայոց Ձոր մարզի բոլոր դպրոցների երկրորդ դասարանի ավելի քան 700 աշակերտներին բաժանված Արմթաբ պլանշետներում:     Իրականում սա փորձնական շրջան է, ուսուցիչներից շատերը դեռ պատրաստ չեն այսպես աշխատելուն, բայց փորձի շնորհիվ երևի այս խնդիրը կլուծվի։ Կարևոր է, որ այն  թույլ է տալիս աշխատել և՛ դասարաններում, և՛ տանը՝ ընկերների հետ կիսելով գրատախտակն ու վրան միաժամանակ աշխատելով։ LiveBoard-ը հնարավոր է օգտագործել նաև ինտերնետի բացակայության ժամանակ, սակայն այս դեպքում կան շատ սահմանափակումներ՝ կարող են միանալ առավելագույնը տասը օգտագործող, և բոլորը պետք է լինեն նույն սենյակում։ Կրթական փորձից հետո որոշեցինք ընդլայնել նախնական գաղափարը, ու այն դարձնել գլոբալ համագործակցության գործիք։ Մոտ ապագայում՝ հավանաբար այս ամսվա վերջում, կավելանա ձայնային հաղորդակցման հնարավորությունը», - ասում է Երեմը։ 

Համահիմանդիր Տիգրան Բարսեղյանն ավելացնում է. «Առաջիկա պլաններում է ստեղծել խելացի որոնման համակարգ։ Սա արդեն կլինի մի գործիք, որը նման հավելվածները հիմա չունեն։ Ժողովն ավարտելուց հետո մասնակիցները կկարողանան որոնել ինչ-որ արտահայտություն ու գտնել քննարկման իրենց անհրաժեշտ հատվածը։ Հավելվածի միջոցով այժմ կարելի է նաև ձայնագրել խոսքը ու կցել գրատախտակին, որի վրա կատարվել է աշխատանքը։ Սա հիմնականում լավ գործիք է կրթական հարթակներում օգտագործելու համար, իսկ ձայնային հաղորդակցության ավելացումը այն կդարձնի հեռակա ուսուցման լավագույն հնարավորություններից մեկը»։ 

Համահիմնադիրները որպես առավելություն նշում են այն փաստը, որ իրենք գաղափարի իրականացումը սկսել են բջջային հեռախոսների և պլանշետների համար նախատեսված հավելվածով։ Շուտով այն հնարավոր կլինի օգտագործել նաև համակարգչով աշխատելու դեպքում։ Կարևոր է նշել, որ, ի տարբերություն այլ գործիքների, LiveBoard-ն օգտագործելի է թույլ ինտերնետի դեպքում։ Հավելվածն ունի ևս մեկ ընդգծված առավելություն՝ անվճար ապահովում է Palm Rejection գործառույթը։ Սա նշանակում է, որ  և՛  Android և՛ IOS համակարգերի դեպքում հնարավոր է աշխատելիս ձեռքը հանգիստ դնել պլանշետի վրա ու նկարել անհրաժեշտ պատկերը՝ առանց անցանկալի «հետքեր» թողնելու։ 

Հավելվածն այժմ ունի մոտ 85000 ներբեռնում, իսկ ամսական ակտիվ օգտագործողների թիվը 20000 է։ Հիմնական օգտատերերը ԱՄՆ-ից են, եվրոպական երկրներից՝ հատկապես Իսպանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, ինչպես նաև Հնդկաստանից։ 

Վերջերս թիմն ընտրվել է Արևելյան Եվրոպայում գործունեություն ծավալող Startup Wise Guys աքսելերատորի կողմից՝ մասնակցելու Ռիգայում կայանալիք մրցույթին։ Վերջինիս մասնակցում են 25 արդեն ընտրված ստարտափ, որոնցից 11-ը կհրավիրվեն 3 ամիս մասնակցելու բուն աքսելերացիոն ծրագրին և կստանան առաջին ներդրումները։


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված