Կիրակի, 20 հոկտեմբերի

Իրանական խուրմայի մակնշումները մասամբ փոխվել են, պահման պայմանները՝ ոչ



Վերջերս «Հետք»-ը հոդված էր հրապարակել, որտեղ ներկայացրել էր, որ «Մոմթազ» ընկերության կողմից իրացվող իրանական «ՍԱԼԵՀ» խուրմաները վաճառակետերում են հայտնվել՝ խախտելով «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի մի շարք կետեր։

Մասնավորապես՝ տարբեր էին օրիգինալ և հայերեն մակնշման մեջ նշված ապրանքի պահպանման պայմանները, ու սառնարանի փոխարեն խուրմաները պահվում էին սովորական պայմաններում՝ նշվածից բարձր ջերմաստիճանում:

Ապրանքի տուփերն անորակ էին ու վնասված, թերի էր նաև օրիգինալ մակնշումը, բացակայում էր ՄՄ ՏԿ 022/2011՝ «Պարենային ապրանքներն իրենց պիտակավորման մասով» տեխնիկական կանոնակարգով պահանջվող EAC նշանը։

Դրանից հետո Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից «Հետք»-ին հայտնեցին, որ այդ հրապարակման հիման վրա ստուգումներ են սկսել, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՍԱՊԾ-ն կասեցրել է այդ ընկերության ապրանքերի վաճառքը (1232 արկղ խուրմայի և 462 արկղ չամիչ) և շուկայից հետ կանչել՝ մինչև խախտումների վերացումը։

Օրերս մենք շրջել ենք «Երևան Սիթի», «Նոր Զովք», «Էվրիկա» սուպերմարկետների խանութներում` տեսնելու, թե ինչ է փոխվել ՍԱՊԾ հայտարարությունից հետո: 

«Երևան Սիթի»- ում թեև մակնշումը փոփոխված էր և հայերեն մակնշման մեջ «15-20 ºC» ջերմասիտիճանը դարձել է «0-5 ºC», սակայն դրանից ապրանքի պահման պայմանները խանութում չեն փոխվել․ դրանք տեղադրված են սովորական ցուցափեղկերի վրա, որտեղ չի ապահովվում անհրաժեշտ՝ մինչև 5ºC աստիճանը։ 

Ավելին, հայերեն մակնշումը կրկնակի էր, մեկը փակցված էր մյուսի վրա, որտեղ նկատելի էր պիտանիության ժամկետի տարբերությունը: 

Ավելացված չէ EAC նշանը, ինչի համապատասխանության հայտարարագիրը, ըստ ՍԱՊԾ կատարած ստուգումների, ընկերությունն ունի, բայց տուփի վրա նշված չէր։

Վերջիններիս որակը ևս մնացել էր նույնը․ բոլորը հեշտությամբ բացվում են, բարակ ստվարաթուղթն էլ՝ տեղ-տեղ պատռվում։

Պահման պայմանները չէին փոփոխվել նաև «Նոր Զովք»-ում:

Իսկ «Էվրիկա» խանութում մակնշումն էլ էր մնացել նույնը ` 15-20 աստիճան: 

Ահա այսպիսին են ՍԱՊԾ տրված հանձնարարականի, կասեցման և հետկանչի «հետևանքները»: 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված