ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

Որդեկորույս մանկավարժը հետաքննում է իր տղայի սպանության գործն ու դիմում հանրությանը



Մասնագիտությամբ մանկավարժ Ռուզաննա Ադանալյանը` վիշտը սրտում, 4-րդ տարին է` ուսումնասիրում է քրեական դատավարություն ու դատական բժշկություն, կատարում է իր սեփական հետաքննությունը` պարզելու որդու` 25-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության հանգամանքները:

Հիշեցնենք, որ «Հետքը» դեռևս նախաքննության փուլից հետևում է այս քրեական գործի ընթացքին, գրել է գործով աղաղակող խախտումների մասին: Հատուկ քննչական ծառայությունում Ռուզաննա Ադանալյանը դիմում է ներկայացրել ընդդեմ քննիչ Հրաչ Առաքելյանի, սակայն ՀՔԾ-ն նրա գործողություններում որևէ հանցակազմ չի տեսել: Քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով: Վերահսկող դատախազը ևս խախտումներ չի տեսել քննիչի գործողություններում, դատարանը` նույնպես: Այնինչ, ըստ տուժողի իրավահաջորդի, բացթողումները, սխալները բազմաթիվ են՝ սկսած դեպքի վայր տնակը չկնքելուց, սխալ փաթեթավորման հետևանքով մատնահետքերը անհետացնելուց` վերջացրած իրեղեն ապացույց առարկաների` դանակի կամ դանակների, լրագրասեղանի արյունոտ ծածկոցի անհետանալով:

Խախտումներ, բացթողումներ, կասկածելի հանգամանքներ

  • Իրեղեն ապացույցների որոշ մասը հայտնաբերվել է դեպքից 9 ամիս անց:
  • Իրեղեն ապացույց դանակը կամ դանակները չեն հայտնաբերվել:
  • Արյունոտ ռետինե ծածկոցն անհետացել է դեպքի վայրից, թեպետ առկա է Քննչական կոմիտեի տարածած տեսանյութում:
  • Դեպքի վայրը չի կնքվել մեկուկես ամիս:
  • Դեպքի վայր տնակը քանդվել է 2 ամիս առաջ:
  • Սխալ փաթեթավորման հետևանքով վերացել են մատնահետքերը,
  • Արտյոմ Ադանալյանի մազերով ծրարը կիսաբաց է ներկայացվել փորձաքննության:
  • Կարևոր վկաներ դեպքից մի քանի օր անց հատել են ՀՀ սահմանը:
  • Դիակի լուսանկարները գործից բացակայում են:
  • Դատագենետիկական փորձաքննության ներկայացված դեպքի վայրից վերցրած ծխուկների գլխիկները պոկված են եղել:
  • Դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը չունի սխեմա:
  • Դատաբժիշկը չի պատասխանել կարևորագույն հարցերի:
  • Դատական նիստերի արձանագրություններում հատվածներ կան, որ բացակայում են` տուժողի իրավահաջորդի վկայակոչմամբ:

Իրավապաշտպան. «Էն, ինչ տիրում է մարզերում, բացարձակ անտեր վիճակ է»

Հուլիսի 14-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվելու է այս գործով դատավարությունը: Տիկին Ռուզաննան «Նոյյան Տապան» մամուլի սրահում ասուլիս տալով` դիմեց լրատվամիջոցներին ու հանրությանը` աջակցելու իրեն որդու սպանության հանգամանքների քննության ու արդար դատաքննության իրականացմանը նպաստելու խնդրանքով:

Տուժողի իրավահաջորդը դիմել է «Հելսինկյան ասոցիացիային», որի ղեկավար Նինա Կարապետյանցը մտահոգություն հայտնեց մարզային քննչական բաժիններում ու դատարաններում տիրող իրավիճակի առնչությամբ. «Էն ինչ տիրում է մարզերում, բացարձակ անտեր վիճակ է: Մայրաքաղաքում լրագրողների ու ՀԿ-ների հաշվին մենք կարողանում ենք քիչ, թե շատ թափանցիկություն ապահովել»:

Փաստաբան, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը նշեց, որ «Հելսինկյան ասոցիացիայի»  դիտորդը կմասնակցի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող այս գործով դատական նիստերին:

Ըստ փաստաբանի` լրջագույն խնդիրներ կան թե´ նախաքննության, թե´ դատաքննության փուլում: «Էստեղ այնպիսի խախտումներ կան, որ ադեկվատությունից դուրս է այս վիճակը: Նախաքննության փուլից սկսած` խայտառակություն է: Գտնում եմ, որ էստեղ շատ մեծ կոռուպցիոն ռիսկ կա: Էսքան սխալ մի տեղ, ու որևէ մեկը չի արձագանքում, ուրեմն էստեղ խնդիր կա»:

Տուժողի իրավահաջորդը պահանջում է արդար դատ ու ճշմարտության բացահայտում

Ռուզաննա Ադանալյանի նպատակն է արդար դատաքննությունը` օրենքի տառին ու ոգուն համապատասխան: Մշտապես պնդում է, որ ցանկանում է ճշմարտությունն իմանալ, թե ինչ է կատարվել 2014-ի հոկտեմբերի 29-ին, ժամը 17:10-ից հետո, երբ որդու հետ վերջին զրույցն է ունեցել: Որդին` Արտյոմը, մորը հայտնել է, որ տուն է գնում:

Արտյոմ Ադանալյանը սպանվել է իր իսկ տանը` դանակի մի քանի հարվածով: Դեպքի վայրում, ըստ քրեական գործի նյութերի, եղել է 13 անձ, որոնցից, սակայն, միայն մեկն է ամբաստանյալի աթոռին` Արթուր Մարտիրոսյանը: Ըստ տուժողի իրավահաջորդ Ռուզաննա Ադանալյանի` թե´ նախաքննության, թե´ դատաքննության փուլում կոծկել ու կոծկում են խմբակային սպանությունը: Այնինչ, ըստ մեղադրանքի, վեճ է ծագել փոքրացուցիչ մասնիկներով իրար դիմելու ձևի առնչությամբ: Իբր, ամբաստանյալը Արտյոմիկ է ասել Արթուր Մարտիրոսյանին, վերջինն էլ ամբաստանյալին հակադարձել է` Արթուրիկ ասելով:  

 «Շտապօգնությունն ու ոստիկանությունն ուշացել են»

Դեպքի օրը՝ հոկտեմբերի 29-ին, Գյումրիի շտապօգնությունում ժամը 20:49-ին ստացվել է ահազանգ, ըստ որի` հարևանի կին Մարիամ Ուստյանը հայտնել է, որ երեխա է ընկել ապակիների վրա: 21:55 րոպեին ևս մեկ զանգ է նույն անձը կատարել, հարցրել է, թե ինչ եղավ բրիգադը: Իսկ երբ վերջապես շտապօգնության մեքենան հասել է դեպքի վայր, ըստ շտապօգնության բրիգադի աշխատակիցների, նրանց ահաբեկել են, ծեծի ենթարկել, վնասել մեքենան: Բայց մամուլի տարբեր հրապարակումներում այդպես էլ նրանք չեն նշում, թե որն է եղել նման ագրեսիվ վերաբերմունքի պատճառն իրենց նկատմամբ: «Ես դատարանի միջոցով ստացել եմ շտապօգնության կայանի հեռախոսազանգերի ձայնագրությունները՝ րոպեներով ու վայրկյաններով արձանագրված, ինչից պարզ է դառնում, որ շտապօգնությունը ուշացել է, ուշացել է նաև ոստիկանությունը: Բոլոր ապացույցներն ունեմ: Սկզբում շտապօգնության աշխատակիցները բողոքում էին, հիմա ձայն չեն հանում, անգամ այդ մասով քրեական գործ չի հարուցվել: Բայց եթե Մարիամ Ուստյանը ճշմարտությունն ասեր, որ դանակահարություն է եղել, ոչ թե մարդ է ապակիների վրա ընկել, միգուցե շտապօգնությունն արագ հասներ»,- ասաց սպանված Արտյոմի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը:

Շտապօգնության բժիշկներն արձանագրել են Արտյոմ Ադանալյանի մահը: Տնակում հավաքվածները թույլ չեն տվել, որ շտապօգնության մեքենան տեղափոխի Արտյոմ Ադանալյանին, այլ իրենք են մեքենայով հասցրել «Գյումրի» ԲԿ, որը, ինչպես նշում է Ռուզաննա Ադանալյանը, իրենց տնակից մեքենայով մեկ րոպեի ճանապարհ է: Ըստ բժշկական կենտրոնի` երիտասարդը մահացել է տեղափոխման ճանապարհին: «Ինձ ասացին` եթե 1-2 րոպե առաջ հասցնեին, կփրկվեր ձեր տղան»,- ասում է տիկին Ռուզաննան:

Տուժողի իրավահաջորդ Ռուզաննա Ադանալյանի ասուլիսի տեսագրությունն` այստեղ

 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված