Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի

Առողջության համար վտանգավոր ջրերը կվաճառվեն, մինչ ՍԱՊԾ-ն որոշի՝ ինչ անել



Վերջերս «Հետք»-ը հոդված է հրապարակել մանկական և շշալցված մի շարք ջրերի վերաբերյալ, որտեղ ներկայացված էին դրանց լաբորատոր փորձաքննության արդյունքները:

Այդ արդյունքների համաձայն՝  ներկայացված 6 նմուշներից միայն 2-ն էին համապատասխանել սահմանված նորմերին և տեխնիկական կանոնակարգերին: 

Ավելին, նմուշներից երկուսում՝ «Մաքուր ջուր» և «Գառնի» ապրանքանիշի ջրերում հայտնաբերվել էր ՄԱՖԱՄ-ի անթույլատրելի քանակ, իսկ վերջինում նաև ( «Գառնի» )՝ մարդու առողջության համար վտանգավոր պսևդոմոնաս աէրոգինոզա մանրէ:

Հրապարակման հաջորդ օրը Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից, որը հանդիսանում է ոլորտը վերահսկող և պատասխանատու պետական կառույց, հետաքրքրվեցինք՝ ինչ գործողություններ են ձեռնարկելու: ՍԱՊԾ մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը մեզ հայտնեց, որ դեռ պետք է «ուսումնասիրեն հրապարակված տեղեկությունները»՝  կոնկրետ գործողություններ իրականացնելու համար: Դրանց մասին էլ` կտեղեկացնեն առաջիկայում:

«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է, որ  «Լաբորատոր փորձաքննության արդյունքում վտանգավոր ճանաչված և (կամ) պիտանիության ժամկետն անցած սննդամթերքը շուկայից հետ է կանչվում, ոչնչացվում կամ օգտահանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»։

Ավելին, այդ մասին պետական լիազոր մարմինը կատարում է հանրային իրազեկում՝ համաձայն նույն՝ վերը նշված օրենքի, քանի որ կա բնակչության առողջությանը վնաս հասցնելու ռիսկ: 

Բայց հանրային իրազեկում այդպես էլ չեղավ. ՍԱՊԾ-ն իրեն պատկանող պաշտոնական ռեսուրսներով որևէ կերպ չանդրադարձավ թեմային ու ոչ մի տեղեկություն չտարածեց:

Հունիսի 29-ին մենք հարցում ուղարկեցինք կառավարություն՝ որպես վերադաս մարմնի՝ խնդրելով պատասխանել հետևյալ հարցերին.

  1. Ինչու՞ ՍԱՊԾ-ն գոնե վերը նշված 2-րդ դեպքում ժամանակավարապես չի կասեցնում ապրանքների վաճառքը, քանի որ դրանք վտանգավոր տարրեր են պարունակում և  վնասում են բնակչության առողջությունը:
  2. Ինչու՞ արձանագրված խախտումների մասին, որպես ոլորտի պատասխանատու, չի կատարում հանրային իրազեկում՝ համաձայն «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի:

Այսօր ՍԱՊԾ-ի կողմից մենք ստացանք այս հարցման պատասխանը, որտեղ նշված էր, որ «տնտեսվարող սուբյեկտի կամ արտադրանքի նկատմամբ սահմանափակումները կիրառվում են», երբ  ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտումներ են հայտնաբերվում:

Մինչդեռ լաբորատոր հետազոտությունների արդյունքներով հայտնաբերված տեխնիկական կանոնակարգերով նախատեսված պահանջներին չհամապատասխանելու դեպքերում  ստուգում իրականացնող պաշտոնատար անձը կարող է ընդունել ապրանքի իրացումը կասեցնելու մասին կարգադրագրեր, որոնք գործում են մինչև հայտնաբերված խախտման վերացումը կամ ստուգման ակտի ընդունումը: Սա սահմանված է «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 19-րդ հոդվածում:

Ստացվում է՝ լաբորատոր փորձաքննության արձանագրությունը, որը տրվել է պետական համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնելու լիազորություն ունեցող մարմնի՝ «Ստանդարտ դիալոգ» լաբորատորիայի կողմից, ՍԱՊԾ-ի համար որևէիցե հիմք չի հանդիսանում, որպեսզի գոնե հանրային իրազեկում իրականացնի:

Այժմ  ՍԱՊԾ-ն «վերահսկողական գործողություններ» է կատարում, իսկ վերը նշված հարցերին կպատասխանեն «վերահսկողական գործառույթներն ավարտելուց հետո»:

Թե այդ վերահսկողական գործողությունների մեջ տվյալ դեպքում ինչ է մտնում, մանրամասնված չէ:

Մինչ այժմ խախտումներ ունեցող բոլոր ջրերը վաճառքում են: Արտադրողները ևս լուռ են. նրանք որևէ կերպ չարձագանքեցին և նույնիսկ իրենց սպառողներին չփորձեցին պարզաբանել լաբորատոր փորձաքննության արդյունքները:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (1)
1. Карина01:05 - 16 դեկտեմբերի, 2017
Отрадно слышать, что хоть кто-то в нашей стране занимается контролем и проверкой пищевых продуктов. Только обидно читать, что орган призванный защищать наши интересы, никак не реагирует и даже не оповещает. Нет сомнений,что там завязаны интересы... Но что можем мы в таком случае ? Какие имеем рычаги воздействия ??
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված