Երեքշաբթի, 12 նոյեմբերի

Փաստաբանը՝ դատավորին. «Մեզ զրկում եք խոսելու իրավունքից և հարգանք եք խնդրում»



Ամենաշատը 15 րոպեանոց դատական նիստեր և 1 ժամանոց ընդմիջումներ. Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատաքննության ժամերն այսպես են սկսվում ու ավարտվում:

Թեպետ արդեն հինգ նիստ է կայացել, սակայն դատավոր Տաթևիկ Գրիգորյանն այդպես էլ չի կարողանում անցնել դատաքննության: Նա կա´մ դատարանի դահլիճից հեռացնում է ամբաստանյալներին` դատարանի հանդեպ ոտքի չկանգնելն անհարգալից վերաբերմունք համարելով, կա´մ սանկցիաներ է կիրառում պաշտպանների հանդեպ՝ դիմելով Փաստաբանական պալատ, քանի որ նիստերից հեռացված ամբաստանյալների պաշտպանները հայտարարում են, որ առանց իրենց պաշտպանյալների հանձնարարության լիազորված չեն իրականացնել պաշտպանություն:

Դատավորն արդեն հասցրել է նիստերից հեռացնել 7 ամբաստանյալներից 5-ին: Այսօր էլ Ժիրայր Սեֆիլյանի մարտական ընկեր Սասունիկ Կիրակոսյանը, որպես համերաշխության նշան դատարանից հեռացված ընկերների, ոտքի չկանգնեց, նախ նախազգուշացվեց, ապա 10 ժամով հեռացվեց):

«Մենք տևական ժամանակ, բացառությամբ պատժամիջոցների, ոչինչ չենք արել»,- լրագրողներին ասաց Ներսես Պողոսյանի պաշտպաններից Արայիկ Պապիկյանը:

Տաթևիկ Գրիգորյանը հեռացված ամբաստանյալների պաշտպանների մասով էլ շարունակաբար կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումներ է ուղարկում Փաստաբանական պալատ: Մինչդեռ սա չխանգարեց դատավորին 2-3 րոպեով դատարան կանչել նիստերից 10-ական ժամով հեռացված ամբաստանյալներին՝ առաջարկելով նրանց այլ պաշտպաններ ներգրավել՝ այլապես ասաց, որ հանրային պաշտպան կներգրավեն: Պնդեց, թե պաշտպանները 3-4 նիստ է՝ չեն ներկայանում:

«Դատավորը բացահայտ ստում է. պաշտպանները դահլիճում նստած էին, բոլոր պաշտպանները ներկայանում են, ուղղակի կա´մ խոչընդոտում են նրանց մուտքը դատարան, կա´մ դատարանում են նրանց հանդեպ սանկցիա կիրառում»,-ասում է ամբաստանյալներից Ներսես Պողոսյանի կինը՝ Լիա Պողոսյանը:

Ի դեպ, Ներսես Պողոսյանը նույնիսկ չկարողացավ իր կարծիքը լիարժեք հայտնել նոր պաշտպան իրեն առաջարկելու վերաբերյալ: Դատավորը հայտարարեց ընդմիջում ու հեռացավ, մինչ Ներսեսը պնդում էր, որ գոհ է իր պաշտպաններ Արայիկ Պապիկյանի ու Նինա Կարապետյանցի ծառայություններից:

Մյուսները՝ Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը պնդեցին, որ իրենց պաշտպաններից չեն հրաժարվում: «Ես որևէ այլ պաշտպանի չեմ լիազորում՝ հանդես գալ իմ անունից, այլ լիազորում եմ Տիգրան Եգորյանին»,- ասաց Գևորգ Սաֆարյանը, իսկ Ժիրայր Սեֆիլյանն էլ, թե՝ ձեր պաշտպաններին ձեզ պահեք:

Ըստ պաշտպան Պապիկյանի, հարգանքը դատարանի հանդեպ ոտքի կանգնելու միջոցով չէ, որ պետք է արտահայտվի: Ըստ նրա, արդարադատության մնացած բաղադրիչները կարծես կարևոր չեն: «Տպավորություն է, որ նիստեր են հրավիրվում միայն պաշտպանների ու ամբաստանյալների հանդեպ սանկցիաներ կիրառելու համար: Դուք զրկում եք մեզ խոսելու իրավունքից և հարգանք եք խնդրում»,-ասաց փաստաբան Պապիկյանը նիստերի դահլիճից դուրս գալուց առաջ: Մինչ այդ, պաշտպան Նինա Կարապետյանցն էր դուրս եկել դահլիճից: Դատավորը նշել էր, որ նա ներգրավված չէ որպես պաշտպան: Ընդմիջումից հետո երկու պաշտպանները նստել էին ապակե միջնորմից այս կողմ:

Պաշտպանների հանդեպ, ըստ փաստաբան Պապիկյանի դիտարկման, երբևէ նախազգուշացում չի կիրառել: Նա միտում է տեսնում պաշտպաններին լռեցնելու համար: Բացի այդ, ըստ նրա, առավելագույնս ուզում են թույլ չտալ, որ իրենց պաշտպանյալները դատական նիստերի դահլիճում իրենց մտքերն արտահայտեն:

Ինչ վերաբերում է, փաստաբան Արա Ղազարյանի դիտարկմանը, թե եվրոպական երկրներում դատարան մտնելիս խիստ կանոններ են գործում, ապա Արայիկ Պապիկյանը հակադարձեց, որ այդ երկրներում քաղբանտարկյալներ չկան, դատարանն էլ անկախ է, ու մրցակցային դատավարության բոլոր բաղադրիչները պահպանվում են: Փոխարենը Պապիկյանն ականատես էր եղել, թե ինչպես են մեղադրողները դատարանի շենք մտնում բոլորովին այլ մուտքով:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և շենք-շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Այս գործով անցնում են նաև Գևորգ Սաֆարյանը, Հովհաննես Պետրոսյանը, Սասունիկ Կիրակոսյանը, Հրայր Թոփչյանը, Գալուստ Գրիգորյանը և Ներսես Պողոսյանը: 

 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված