Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի

Իրանական խուրմա. արտադրողն ասում է՝ պահել մինչև 5 ºC, հայերեն մակնշումը՝ մինչև 20 ºC



Օրերս «Հետք»-ի ընթերցողներից մեկը հայտնել էր, որ «Երևան Սիթի» սուպերմարկետներից մեկից գնել է իրանական արտադրության խուրմա (արմավ), սակայն վատ հոտի պատճառով չի կարողացել ուտել:

Բացի դրանից, նա նկատել է անհամապատասխանություններ հայերեն և օրիգինալ մակնշմումների մեջ:

Մենք շրջել ենք «Երևան Սիթի» սուպերմարկետների մի շարք խանութներում, որտեղ վաճառվում է տվյալ ապրանքը, և բացի նշված բողոքներից, հայտնաբերել ենք նաև «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի այլ խախտումներ ևս, որոնց պատճառով ապրանքն առհասարակ չպետք է հայտնվեր իրացման ցանցում:

Իրանական խուրմա, 100 % բնական. այսպես է իրեն ներկայացնում «ՍԱԼԵՀ» անունը կրող քաղցրավենիքը: Այն արտադրում է Իրանի քաղաքացի Վալի Ահմադփուր Ալամդին պատկանող «Մոմթազ» ՍՊԸ-ն: Ապրանքի մակնշումների մեջ, մասնավորապես, չի համընկնում կարևոր տեղեկություններից մեկը՝ պահպանման պայմանները:

Այսպես, արտադրողը տուփի վրա նշում է, որ իր ապրանքը պետք է պահվի 0-5 ºC ջերմաստիճանում, այնինչ հայերեն մակնշման մեջ այն դարձել է ՝ 15-20 ºC: Այդպիսի ջերմաստիճանում էլ հենց պահվում է խանութներում:

Բացի սրանից, հայերեն մակնշումը փակցված է արտադրողի օրիգինալ մակնշման վրա, իսկ հայերեն մակնշման մեջ արմավը 150գ ավելի թեթև է.  տուփի վրա քաշը նշված է 800գ +-50g, իսկ հայերենում՝ 650գ +- 30 g:  

Խանութներում կարելի է գտնել «Մոմթազ» ՍՊԸ-ի արտադրության խուրմայի ևս մի քանի տարատեսակ՝ բոլորը նմանատիպ խախտումներով:

Տուփերի վրա նշված է, որ ապրանքները նախատեսված են արտահանման համար («Iranian Export dates», «For export» ):

Հայերեն մակնշման մեջ գրված  է (խուրմա՝  500գ և 800գ ապրանքների)՝ «100գ մթերքի սննդային արժեքը` ջուր 39գր, ածխաջրեր 27 գր, սպիտակուց 9 գր, ֆոսֆոր 23 գր, կալորիականությունը 16,3 կկալ »:

Նախ` 27 ածխաջրերի դեպքում կալորիականությունը նվազագույնը պետք է լինի 27x4 (1գ ածխաջուր = 4 կկալ), բացի այդ՝ արմավում կա յուղ, ինչի մասին հայերեն մակնշման մեջ ոչ մի նշում չկա:

Այդ մասին գրված է արտադրողի մակնշման մեջ՝ 2գ ճարպ, սակայն մնացած բովանդակությունը նույնն է:  Երկուսի վրա էլ նշված չեն արտադրման ամսաթվերը: Փոխարենը գրված են 4 տարեթվեր՝ 2016-2018թթ. և միայն դատարկ օղակներ, հավանաբար, «ձեռքով» ժամկետ նշելու համար:

Բացակայում է որևէ տեղեկություն ներկրողի մասին, արտադրողի վերաբերյալ տեղեկությունը սահմանափակվում է  ընկերության անվանումով: Այսինքն՝ որևէ խնդրի առաջացման դեպքում՝ հայտնի չէ՝ սպառողն ում պետք է պատասխանատվության հրավիրի:

Բացի վերը թվարկված խախտումներից` չի պահպանվել նաև ապրանքի արտաքին տեսքը. տուփը բարակ ստվարաթղթից է, վնասված, տեղ-տեղ՝ պատռված և հեշտությամբ բացվող:

Իրացման ցանցում հայտնված ցանկացած սննդամթերք պետք է համապատասխանի դրա անվտանգության ներկայացվող պահանջներին, հակառակ դեպքում՝ պատասխանատու է թե՛ արտադրողը, թե՛ ներկրողը և թե´ այն վաճառողը:

Նշված բոլոր ապրանքներն շուկայում հայտնվել են` խախտելով «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի մի քանի կետեր, այն է՝ չեն պահպանվել սննդամթերքի պահպանման պայմանները, բացի թերի և միմյանցից տարբեր մակնշումները, կասկածի տեղիք է տալիս արտադրողի կողմից ներկայացված բաղադրությունն ու սննդային արժեքը (օրինակ՝ 100գ՝ 16,3 կկալ):

Որպես ԵԱՏՄ գոտում վաճառվող սննդամթերք՝ չունի EAC նշան և չի համապատասխանում «Պարենային ապրանքներն իրենց պիտակավորման մասով» (ՄՄ ՏԿ 022/2011) տեխնիկական կանոնակարգի ներկայացրած պահանջներին:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված