Կիրակի, 20 հոկտեմբերի

Արմինեի 7 ամսվա աշխատավարձը չեն տվել․ պարտքերն օր օրի ավելանում են


լուսանկարները՝ 

Արմինեն 38 տարեկան է։ Երկու երեխաների՝ 18-ամյա Գրետայի և 7-ամյա Գաբրիելայի հետ ապրում է Էջմիածնի Արագած թաղամասի քարաշեն քոթեջներից մեկում։ Այս տունը նա ստացել է 2006թ․՝ որպես մանկատան նախկին սան։

Ամուսնուց բաժանվել է։ 8 տարի է՝ երեխաների մասին հոգ է տանում միայնակ։

4-5 օր է, ինչ մոտակա դաշտերում օրավարձով քաղհան է անում։ Ստացած 5000 դրամով և 23 000 դրամ նպաստով մի կողմից սնունդ է գնում երեխաներին, մյուս կողմից՝ պարտքերը փակում․ 15 000 փռին է պարտք, 100 000՝ տեղի խանութին, հարևաններից վերցրածը չի հաշվել։

Մեր այցելության օրը բոլորը տանն էին, չնայած որ այդ օրն Արմինեն դաշտ պետք է գնար։ Ասաց, որ վատառողջ է․ խոտից ալերգիա է ձեռք բերել։

Արմինեն պատմեց, որ մինչ այս 7 ամիս աշխատել է  Ծաղկունք գյուղում․ Մայիս և Հովսեփ անունով մարդկանց  գոմերում կով է կթել, կողքից գոմում այլ գործերն էլ է արել, բայց խոստացած 70 000 դրամ ամսական աշխատավարձն այդպես էլ չի ստացել։

«Առաջին ամիսը 10 000 տվեցին, որ ատամներս սարքեի, շատ էր ցավում։ Դրանից հետո սնունդ էին առնում՝ բրինձ, գրեչկա, ոսպ, մակառոն, մի անգամ հավի միս եմ ուզել, ձու, հաց։ Գալիս էր ամսվա վերջ, ասում էի՝ ինձ փող ա պետք, ասում էին՝ էսօր չէ, վաղը ու էդպես չէին տալիս»,- պատմում է Արմինեն։

Փարոս ստանալու օրերին, ըստ նրա, ոչ մի բան չէին էլ գնում։ Թեև չի հաշվել, բայց համոզված է, որ իր ուզած սնունդն ամսական 70 000 դրամի չի եղել․ «Էդ ինչ ճոխ ես պետք ա ապրեմ, որ ամիսը 70 000-ի սնունդ առնեմ », -ասում է Արմինեն ու ավելացնում, որ երբ դիմել է Մայիսին մնացած գումարի համար, ասել է՝ ոնց գցում-բռնում եմ՝ դու գումար չունես ստանալու։

Մեկ շաբաթ առաջ դիմել է թաղային ոստիկանին, բայց մեծ հույսեր չունի․ թաղայինն ասել է՝ ապացույցներ են պետք։  Իսկ մինչ այդ Մայիսի ծանոթներն են նրանց տուն եկել ու 40 000 դրամ առաջարկել, որ «թեման փակի», բայց Արմինեն չի համաձայնվել, նա իր աշխատած գումարն է ուզում։

Մեր զրույցի ընթացքում հերթով ներս են մտնում հարևանները, իրենց կարծիքը հայտնում Արմինեի կյանքի մասին։

Երեխաները լուռ են։ Գրետային հարցնում եմ՝ ինչ է ուզում դառնալ․

-Ուզում եմ վարսավիրական սովորեմ։

-Էլ՞ ինչ ես ուզում,- հարցնում եմ։

-Ուզում եմ հեռախոս ունենամ։

- Ի՞նչ ես անելու։

- Երգ լսեմ,- պատասխանում է, բայց հարևանների աղմուկից դադարում է խոսել, նորից ընկնում է մտքերով, նայում մի կետի և լռում։

Արմինեն ասում է, որ աղջիկն առողջական խնդիրներ ունի․ 3 տարեկանում գլուխը ուժեղ հարվածել է պատին։ Դրանից հետո էպիլեպտիկ սինդրոմներ ունի և թեթև աստիճանի մտավոր հետամնացություն։ Երբեմն ագրեսիվ ու ներվային պահվածք է դրսևորում, հարվածում տնեցիներին։ Բայց հանսգտացնող դեղեր գնել չեն կարողանում։ Անվճար էլ չեն ստանում՝ թղթաբանության պատճառով։

«Որ անկետա ունենար, հանկարծ մի պրոբլեմ առաջանար, գոնե դրանով տանեմ, էդ չեմ կարում ձեռք բերեմ,- պատմում է Արմինեն։- Էջմիածնի պոլիկլինիկայում ասում են՝ գնա էպիկրիզը բեր, որ մենք կարողնանանք իրան անկետա հանենք»։

Ներկայիս էպիկրիզն, ըստ բժիշկների, հին է, «ոչ մի բան չի հասկացվում» և մինչև այն չթարմացվի, ոչինչ չեն կարող անել։ Իսկ այն թարմացնելու և հաշմանդամության  կարգ ստանալու համար պետք է հիվանդանոց պառկել։ Անձնագիր էլ է պետք, իսկ պետտուրքեր վճարելու համար Արմինեն դեռևս «ավելորդ» գումար չունի։

Բացի քարաշեն տնից, իր ունեցվածքը մեկ բազմոցն է, բացվող բազկաթոռը, որոնց վրա քնում են երեխաները ու քարե հատակ, որտեղ քնում է ինքը։

Հրաժեշտից առաջ Գրետան նորից հիշեցնում է, որ վարսավիր է դառնալու, ասում եմ, որ իր մոտ եմ անպայման մազերս կտրելու։

Գաբին լուռ նստել է։ Նա միայն ուզում է գնալ երգի ու պարի։ Մեկ էլ երևի ուզում է, որ իրենց տանը հավաքված հարևանները շուտ գնան, որ իր փոխարեն տիկնիկ ու կոնֆետ չուզեն իր համար, որ չստիպեն արտասանել ու երգել, որ «նկարեն» ու «տելեվիզրով ցույց տան»։

Իսկ Արմինեն ուզում է մշտական աշխատանք գտնել, ուզում է երեխաներին նորմալ սնունդ և հագուստ գնել, ուզում է աղջկան անձնագիր ու կարգ հանել, որ անվճար դեղեր ստանա, ուզում է, որ գազ «քաշեն», կոյուղու խողովակները փոխեն։

Արմինեի համար 70 000 դրամ ամսական 3 հոգու սննդի համար ծախսելը ճոխություն է։ Արմինեն ուզում է՝ տարին երկու անգամ հավի միս ուտել, բայց բոլորի պարտքերը փակել ու հանգիստ ապրել։


Գլխավոր էջ

Տպել    |  In English

Մեկնաբանություններ (1)
1. Sanjay Kumar Yadav14:18 - 5 հուլիսի, 2017
I think Armenian government is not poor at all. The population is low in Armenia. I do not know why government as well civil society people failed to address these poor people. I am really upset with this news. I do not how i can help them. God will help them.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։