Երկուշաբթի, 18 նոյեմբերի

Ազատազրկվածների թիվն այս տարի կտրուկ ավելացել է



Մինչև անցյալ տարի կալանավորների ու դատապարտյալների թիվը չէր հատել 4000 անձի սահմանը: Սակայն ազատազրկվածների թիվը կտրուկ ավելացել է այս տարվա 5 ամիսներին՝ մոտենալով 5000-ին:

Ըստ ՔԿՎ-ի տրամադրած տեղեկության` 2017-ի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի 12 քրեակատարողական հիմնարկներում պահվում է 4993 կալանավոր ու դատապարտյալ:

2014-ին հայաստանյան կալանավայրերում եղել է 3923 անձ, 2015-ին՝ 3880, իսկ 2016թ-ին՝ 3898 քաղաքացի:

Ամենածանրաբեռնված քրեակատարողական հիմնարկը, ինչպես միշտ, «Նուբարաշենն» է, որտեղ այս տարվա մայիսի 1-ի դրությամբ պահվում է 1496 անձ, որոնց ճնշող մեծամասնությունը գտնվում է նախնական կալանքի տակ, այսինքն՝ դեռ չունի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ: Նրանց մի մասը կարող էր կալանավայրում չլինել, եթե քննչական մարմինների՝ անձանց կալանավորելու միջնորդություններն ավելի քան 90 տոկոսով չընդունվեին դատարանների կողմից:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի գերբեռնվածության մասին ահազանգեր կան վերջին 26 տարիների տեղական ու միջազգային կառույցների գրեթե բոլոր զեկույցներում: Այդ ՔԿՀ-ի գերբնակեցման ու անբավարար պայմանների հարցը բարձրաձայնել է նաև Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն Հայաստանի վերաբերյալ 2016-ի զեկույցում՝ անդրադառնալով առաջին հարկի խոնավությանը, անբավարար օդափոխությանը և լուսավորությանը, մշտական ջրամատակարարման բացակայությանը, մի շարք խցերում սանհանգույցներն ամբողջությամբ առանձնացված չլինելուն:

Երկրորդ բազմամարդ քրեակատարողական հիմնարկը «Արմավիրն» է՝ 811 անձով, ապա «Սևան», «Կոշ», «Արթիկ» ՔԿՀ-ները՝ համապատասխանաբար 468, 413, 382 կալանավորներով ու դատապարտյալներով:

Կալանավորվածների ու դատապարտյալների թվի ավելացումը պայմանավորված է նաև պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի հազվադեպ կիրառմամբ և կալանքը որպես խափանման միջոց հաճախակի ընտրելու իրավակիրառ պրակտիկայով:

Ըստ իրավապաշտպանների` 5000-ին հասնող կալանավորվածների ու դատապարտյալների թիվն կարելի է օրենքով նախատեսված ուժով կիսով չափ կրճատել. կիրառել պայմանական ազատումներ, կալանքը որպես խափանման միջոց 90 տոկոսանոց դեպքերում չկիրառել, պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդություններ ունեցողներին «ակտիրովկայի» ենթարկել, պայմանական ազատման ինստիտուտը կիրառել և այլն: Այս պարագայում, իրավապաշտպանների գնահատմամբ, պետական միջոցներն առավել արդյունավետ կծախսվեն:  

Հիշեցնենք, որ մեկ ազատազրկվածի օրական ծախսը պետական բյուջեից կազմում է 6240 դրամ:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված