ՈՒրբաթ, 18 հոկտեմբերի

Սպիտակ շաքար` օգտագործե՞լ, թե ոչ. լաբորատոր փորձաքննության արդյունքները


Սպիտակ շաքարը առօրյայում հաճախ օգտագործվող սննդատեսակ է։ Հայաստան տարեկան միջինը ներկրվում է մոտ 60 հազար տոննա շաքար։

Դրա չարաշահումը մի շարք հիվանդությունների պատճառ կարող է դառնալ՝ սկսած շաքարային դիաբետից, վերջացրած՝ սրտանոթային հիվանդություններով։

Մենք լաբորատոր փորձաքննության ենք ներկայացրել շաքարը, ինչպես նաև՝ զրուցել սննդաբանի հետ՝ պարզելու, թե որքան է շաքարի օրական նորման, ինչ հետևանքներ կարող է ունենալ դրա չարաշահումը և ինչով կարելի է այն փոխարինել։

 

Սպիտակ շաքար. սննդաբանի կարծիքը

Սպիտակ զտված շաքար շատ օգտագործելը վնասակար է համարվում։ Այն, ինչպես և աղը, ընդունված է անվանել «սպիտակ մահ»։

Առողջ սնվելու գաղափարախոսության առաջին պայմաններից մեկը՝ սպիտակ շաքար չօգտագործելն է։

Արդյոք այն այնքան վնասակար է, որքան ասում են, թե գոյություն ունի շաքարի օգտագործման օրական նորմա, որի դեպքում չենք վնասում մեր առողջությանը։«Հետք»-ի հարցերին պատասխանել է Մոսկվայի Սնվելու գիտահետազոտական ինստիտուտի (Клиника НИИ питания) բժիշկ-դիետելոգ, սննդաբան Լիդիա Այվազյանը։

-Կարծում եմ, որ շաքարը շատ ավելի վնասակար է, քան կարծում են: Այո, գոյություն ունի օրական նորմա, որը կազմում է օրական կիլոկալորիաների 10%-ը։ Դրանից ավելի օգտագործումը կարող է վնասակար լինել։

Բացի ավելորդ քաշից, ի՞նչ վնասներ կարող է հասցնել շաքարի՝ չափից շատ օգտագործումը։

- Ալիմենտար կախյալ հիվանդություների շարքին են դասվում, բացի ճարպակալումից, նաև շաքարային դիաբետի 2-րդ տիպը, սիրտ-անոթային հիվանդությունները, մի շարք ուռուցքային հիվանդություններ, իսկ իմ թվարկածները հազվադեպ հիվանդություններ չեն, աշխարհում առաջին մարդասպանները համարվում են սիրտ-անոթային հիվանդությունները, և Հայաստանը բացառություն չէ։

Դրանցից խուսափելու համար պետք է սահմանափակել քաղցրի օգտագործումը։

Կա կարծիք, որ շագանակագույն եղեգնաշաքարը մարկետոլոգների հորինած թակարդն է, և այն ոչնչով չի զիջում սովորական սպիտակին, ավելին՝ նրա հումքն էժան ճակնդեղն է։ Կա՞ նման բան, թե շագանակագույնն իրոք ավելի անվնաս է։

Շագանակագույն և սպիտակ շաքարների միջև համարյա թե տարբերություն չկա վնասակարության, կալորիաների, էներգետիկ արժեքի տեսանկյունից (մոտ 377 և 387 կկալ համապատասխանաբար, հեղ.

Սակայն շագանակագույն շաքարը պարունակում է երկաթ, մագնեզիում, կալիում և կալցիում տարրերը, բայց դրանք այնքան քիչ են, որ առողջության բարելավմանը չեն նպաստում։

Ինչո՞վ կարելի է փոխարինել շաքարը։

Շաքարը կարելի է փոխարինել բուսական շաքարափոխարինիչներով (հղումը՝ հեղինակի), բայց նրանք բավականին թանկ են, իսկ մատչելիները՝ արհեստականները, ոչ մի պարագայում ուտել չի կարելի։

 

123 հազար տոննա շաքար՝  երկու տարում

Շաքարի ապրանքային կոդն է ՝ 1701 (Եղեգնաշաքար կամ ճակնդեղի շաքար եւ քիմիապես մաքուր բուսաշաքար՝ պինդ վիճակում),  որի մեջ է մտնում ինչպես սպիտակ շաքարը, այնպես էլ ՝ «շաքար –հումքը»՝ առանց համաբուրավետիչ կամ ներկող հավելումների: 

Այն շաքարի ճակնդեղից կամ շաքարեղեգից վերամշակմամբ ստացված ապրանք է՝ առանձին բյուրեղների տեսքով, որոնք բաղկացած են սախարոզայից և ռաֆինացված սպիտակ շաքարի հումք են հանդիսանում:

                                                         Լուսանկարում ձախից՝  շաքար-հումք և շաքարի ճակնդեղ

Շաքարի ճակնդեղ և շաքարեղեգն ունեն 1212 ապրանքային կոդը, որով Հայաստան ներկրումները չափազանց քիչ են և 1701-ի հետ՝ անհամեմատելի:

Մասնավորապես՝ 2015-2016թթ Հայաստան է ներկրվել 1212 ծածկագիրն ունեցող ապրանք՝ ընդամնեը 364 300 ԱՄՆ դոլարի (9,1 տոննա և 2 282,5 հազար հատ):

2015-2016թթ ընթացքում 1701 կոդն ունեցող ապրանք (այսուհետ նյութում՝ շաքար, հեղ.) Հայաստան է ներկրվել 123 հազար 209 տոննա՝  47 907 000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ։

Թեև կան շաքար ներկրող մի քանի ընկերություններ, սակայն դրանց մեծ մասը բաժին է հասնում Սամվել Ալեքսանյանին առնչվող ընկերություններին («Ալեքս Գրիգ», «Ալեքս Հոլդինգ»)։

Մասնավորապես՝ 2015թ ներկրվել է 61 655 տոննա շաքար, որից 56 380 տոննան ներկրել են վերը նշված ընկերությունները՝ Բրազիլիայից։ Նույն պատկերն է նաև 2016թ.ին.  ներկրվել է 61 554 տոննա շաքար, որից 57 910 տոննան՝ դարձյալ նույն Սամվել Ալեքսանյանի հետ կապ ունեցող ընկերությունները՝ Բրազիլիայից։

Ստացվում է, որ երկու տարիներին էլ շաքարի 91-95%-ը Հայաստան է ներկրել մեկ ընկերություն։

Մնացած 5-9 % շաքարը Հայաստանը ներկրում է տարբեր պետություններից, ինչպիսիք են՝ Ավստրիան, Արաբական Միայալ Էմիրությունները, Բելառուսը, Բելգիան, Գերմանիան, Եգիպտոսը, Իսպանիան, Իտալիան, Լեհաստանը և այլն։

Լաբորատոր փորձաքննության արդյունքները

Շաքարի հումքը՝ ճակնդեղը, մինչև շաքար դառնալը վերամշակման մի քանի փուլ է անցնում, և դրա մեջ, ըստ մասնագետների, լաբորատոր փորձաքննության ժամանակ որևէ շեղում կամ խախտում գտնելն անհնար է դառնում։

Այնուամենայնիվ, մենք փորձաքննության էինք ներկայացրել «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ի կողմից վաճառվող սպիտակ շաքարը։ Քանի որ, ինչպես վերը նշեցինք, Հայաստանում իրացվող շաքարի 91-95% բաժին է հասնում այս ընկերությանը։

Շաքարը ստուգվել է ԳՕՍՏ 33 222-2015 նորմատիվ փաստաթղթերի չափանիշներով։

Լաբորատոր փորձաքննության արդյունքում դրանում որևէ խախտում չի հայտնաբերվել.  այն համապատասխանել է սահմանված բոլոր նորմերին և պիտանի է սննդում օգտագործելու համար։

Միակ «խախտումը», թերևս, մակնշման վրա առկա «առանց  ԳՄՕ» գրառումն է, որն ավելի շատ մարկետինգային քայլ է և սպառողին մոլորության մեջ է գցում, քանի որ, ԳՄՕ, որպես կանոն, շաքարում լինել չի կարող։


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։