Կիրակի, 20 հոկտեմբերի

ԱԺ պատգամավորի ընկերության ներկրած մանկական կերերը չունեն հայերեն մակնշում



«Հետքը» պարբերաբար ուսումնասիրում է իրացվող սննդամթերքի մակնշումները։ Վերջերս հրապարակել էինք մանկական կերերի վերաբերյալ հոդված, որտեղ ներկայացրել էինք մակնշման մի քանի օրինակներ, որոնք օրենքի խախտումով էին։ Իսկ մանկական սնունդը հատուկ ուշադրություն պահանջող, պարտադիր պետական գրանցման ենթակա ապրանք է, որի համար օրենքում կան հստակ սահմանված պահանջներ և նորմեր՝ այդ թվում մակնշումների վերաբերյալ։

Մեր հրապարակումներից հետո հարցում էինք ուղարկել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն՝ խնդրելով տրամադրել վերջին տարիներին մանկական կերերի շուկայում իրենց կատարած ուսումնասիրություններն ու արձանագրած խախտումները։

2013-2017թթ ընթացքում ՍԱՊԾ-ն սահմանային վերահսկողության շրջանակներում իրականացրել էր մանկական կերերի 127 նմուշի փորձաքննություն, այսինքն՝ տարեկան միջինը մոտ 30 փորձաքննություն,  ինչը հատուկ ուշադրություն պահանջող և ռիսկային սննդամթերքի համար բավարար ցուցանիշ չէ։

ՍԱՊԾ արձանագրված խախտումների մի մասը վերաբերել է մակնշումներին։ Մասնավորապես՝ 2016թ.ին մակնշման խախտումներ էր հայտնաբերել «Nutrilon ProNutra» մանկական կերի մեջ․մակնշումը եղել էր թերի, բացակայել էին ներմուծողի տվյալները։

Խախտումները, ըստ ՍԱՊԾ-ի, համապատասխան հանձնարարականից հետո վերացվել էին։ Սակայն այս նույն ապրանքանիշի մակնշման խախտւմների մասին «Հետք»-ը գրել էր դեռևս 2017թ փետրվարին։

Ավելին, մեր հարցմանն ի պատասխան (2017թ ապրիլի վերջին) ՍԱՊԾ-ն նշել էր, որ առանց մակնշման մանկական սնունդ շուկայում չկա, ինչպես նաև՝ առաջարկել մեզ հայտնի «ազատ շրջանառվող, առանց հայերեն մակնշման մանկական կերի վերաբերյալ» տրամադրել «գրավոր, լիարժեք և հստակ տեղեկատվություն»:

Վերջերս մենք շրջել ենք երևանյան մի շարք դեղատներում, սուպերմարկետներում, ուսումնասիրել մանկական կերերի մակնշումները։

Խախտումներ հայտնաբերել ենք միայն  «Սլավ Գրուպ» ՓԲԸ-ի կողմից ներկրվող «Nutricia Nutrilon» մանկական կերերում։  Այս ընկերությունը պատկանում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանին։

Խախտումներով վաճառվող մանկական այս կերերից հանդիպել ենք՝ «Նատալի ֆարմ», «Ալֆա ֆարմ» դեղատնային ցանցում և մի շարք այլ դեղատներում, «Քարֆուր» սուպերմարկետում։ Դրանցից և ոչ մեկի վրա չկար հայերեն մակնշում ապրանքի բաղադրության մասին․ փակցված էր տեղեկություն միայն ներկրողի, ինչպես նաև՝ կրծքով կերակրման առավելության մասին։

Այնինչ «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ու սննդային հավելումների վերաբերյալ հայերեն տեղեկատվության մակնշման ձևերին և բովանդակությանը ներկայացվող պահանջները հաստատելու մասին» է 2006թ․ի դեկտեմբերի 21-ի N 1838-Ն որոշման համաձայն՝ հայերեն տեղեկությունը սպառողին հասանելի պետք է լինի նախքան այն գնելը։

«Սլավ Գրուպ»-ի կողմից ներկրվող ապրանքներից՝ «Nutrilon Pronutra Pre»,  «Nutrilon 1», «Nutrilon Pronutra +1», Nutrilon Pronutra +2», «Nutrilon Pronutra+ 3» մանկական կերերը չունեն պատշաճ հայերեն մակնշում։ Դրանց գինը 4000-7200 դրամ է։

Կարծում ենք` այս հրապարակումը ՍԱՊԾ համար «գրավոր, լիարժեք և հստակ տեղեկատվություն» է՝ կցված օրերս արված լուսանկարներով։

 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (1)
1. Aram22:13 - 18 հունիսի, 2017
Another Armenian Republican member
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված