Կիրակի, 17 նոյեմբերի

Դատապարտյալը վիրահատվել է. աղիներից դուրս է բերվել 4 օտար իր



19-ամյա դատապարտյալ, «Արմավիր» ՔԿՀ-ում պատիժ կրող Արթուր Մելիքյանն այսօր վիրահատվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում: Նրա աղիներից դուրս է բերվել 4 օտար իր` 1 ճաշի, 2 թեյի գդալ և 1 եղունգի կտրիչ: Այս մասին մեզ տեղեկացրեց դատապարտյալի մայրը` Նաիրա Մելիքյանը: 

Նա փոխանցեց, որ բժիշկների գնահատմամբ` վիրահատությունը լավ է անցել: Այժմ որդին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Հիշեցնենք, որ «Հետքն» անդրադարձել էր Արթուր Մելիքյանի պատմությանը: Հունիսի 10-ին նա ահազանգել էր մեզ՝ ասելով, որ 16 օր առաջ օտար իր է կուլ տվել, ունի թուլություն, սրտխառնոց, սուր ցավեր, սառը քրտինք: Երկու անգամ արյուն է փսխել, սակայն նրան չեն տեղափոխում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, մինչդեռ երեք անգամ դիմում է  ներկայացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետին և նրա տեղակալին։ Արթուրը խնդրել էր քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի, առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի միջնորդությունը՝ իրեն «Դատապարտյալների հիվանդանոց»  տեղափոխելու համար, քանի որ «Արմավիր» ՔԿՀ-ում ստացվող բուժումներով օտար մարմիններն օրգանիզմից դուրս չեն գալիս:

Արձագանքելով մեր հրապարակմանը`Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հունիսի 12-ին այցելել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, տեղում ծանոթացել հանգամանքներին: Այցի ընթացքում կազմակերպվել է Արթուր Մելիքյանի տեղափոխումը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին մեզ հայտնեցին ՄԻՊ գրասենյակից: Դրանից հետո դատապարտյալին տեղափոխել են «Սբ. Գրիգոր Լուսավորիչ», որտեղ և այսօր վիրահատություն է կատարվել:   

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, արձագանքելով «Հետքի» հրապարակմանը, այցելել են նաև «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այստեղ պահվող Վրաստանի քաղաքացիներ Զվիադ Թոլորիանին և Էդուարդ Գուգուշվիլին հացադուլ են հայտարարել՝ պահանջելով իրենց նկատմամբ դատավճռի վերանայում: Գործը գտնվում է դատական վարույթում, ինչը օրենքով բացառում է Պաշտպանի միջամտությունը: Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները դատապարտյալներին են ներկայացրել իրենց իրավունքների և ազատությունների պաշտպանության մեխանիզմները: Ըստ դատապարտյալների՝ բողոք են ներկայացնելու Վերաքննիչ դատարան:  

 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված