Կիրակի, 17 նոյեմբերի

Անմեղ քաղաքացիներին խոշտանգողները չեն ենթարկվել պատասխանատվության



«Մատաղիսի» հայտնի գործով արդարացված երեք նախկին զինվորներից Արայիկ Զալյանը, ով այսօր փաստաբան ու իրավապաշտպան է, շարունակում է պայքարել, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն իրեն խոշտանգողները:

«Որևիցե քննություն չի կատարվել մեզ խոշտանգելու բողոքների վերաբերյալ, դատախազությունը որոշում չի կայացրել այն դեպքում, երբ խոսքը վերաբերում էր զինվորներին խոշտանգելուն և խոշտանգման հետևանքով կորզված ցուցմունքների հիմքով մեզ ծանրագույն մեղադրանք առաջադրելուն»,-«Հետքին» ասաց Արայիկ Զալյանը:

Արայիկ Զալյանն ասում է, որ այդ անձինք հայտնի են, այսօր էլ բարձր պաշտոններ են զբաղեցնում, պատասխանատվության չեն ենթարկվել, ընդհակառակը՝ առավել առաջադիմել են պաշտոնների աստիճանակարգում. օրինակ՝ Արմեն Հակոբյան, Սամվել Տոնոյան:

«Փաստորեն, այն անձինք, ում գործողությունների  հետևանքով նաև դատական կոպիտ սխալ էր տեղի ունեցել, դատապարտվել էին անմեղ մարդիկ, ոչ թե պատասխանատվության ենթարկվեցին, այլ, ընդհակառակը, խրախուսվեցին»,-ընդգծեց իրավապաշտպան, Մատաղիսի գործով արդարացված երիտասարդներից Արայիկ Զալյանը:

Արդարացվածներն անգամ գրավոր ներողություն չեն ստացել վարույթն իրականացնող մարմնի կողմից, ինչպես պահանջում է Քրեական դատավարության օրենսգիրքը:

Դատարանում քննվում է 12 տարվա վաղեմության դիմում

Արայիկ Զալյանն անցյալ տարի Վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը բավարարվել է, և խոշտանգումների վերաբերյալ գործն ուղարկվել է առաջին ատյանի դատարան: 12 տարվա վաղեմության դիմումը  քննվում է Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ: Արայիկ Զալյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանի կողմից հանցագործության մասին հաղորրդումը ներկայացվել էր դեռևս  2005թ. դեկտեմբերի 5-ին, որին ի պատասխան ոչ թե որոշում էր կայացվել, այլ գրություն էր ուղարկվել, ինչը Քրեական դատավարության օրենսգրքի խախտում է:

Երեկ խոշտանգումների մասով Զալյանի բողոքի քննության ժամանակ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատախազը ներկայացրեց նյութեր՝ 2007թ. վաղեմության: Դրանք ռազմական ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներ էին և դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին որոշումներ. «Բայց մեր դիմումը ներկայացվել էր 2005-ի դեկտեմբերի 5-ին, ի՞նչ կապ ունի այդ դիմումի հետ 2007-ին վերցված ցուցմունքը»,-արձագանքեց Արայիկ Զալյանը:

Նրա կարծիքով, գործը՝ խոշտանգումների մասով, պիտի ուղարկվի նախաքննության: Հատուկ քննչական ծառաության կողմից պիտի քննություն կատարվի: «Սա ՄԻԵԴ-ի պահանջն է, որ խոշտանգումների մասով որևէ քննություն չի կատարվել, ինչը բխում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջներից: Պետությունը խոշտանգումների մասին դիմումների արդյունավետ քննություն կատարելու պոզիտիվ պարտավորություն ունի»: Խոշտանգումների մասով ներկայացված գործը պետք է վերաբացվի, կատարվի նոր քննություն՝ ասում է արդարացված նախկին զինվորը: Նա նաև տեղեկացնում է, որ բավականին շատ փաստեր կան բուն քրեական գործում, օրինակ՝ վկաները ցուցմունքներ են տվել, որ ունենալով վկայի կարգավիճակ՝ ամիսներով պահվել են Ռազմական ոստիկանությունում: Ըստ Զալյանի՝ դրանք փաստեր են, որոնք կարող են կցվել այս գործին:

Տուժող Հովսեփ Մկրտումյանի ծնողները

Երեկ դատարանում էին նաև սպանված զինվորներից Հովսեփ Մկրտումյանի ծնողները: Ասում էին՝ անցել է ավելի քան 12 տարի, սակայն չգիտեն, թե ով է իրենց որդուն զրկել կյանքից:

Ռազմիկ Սարգսյանն ու Մուսա Սերոբյանը Հայաստանում չեն. արտագնա աշխատանքի են մեկնել և չեն միացել Արայիկ Զալյանի բողոքին: Փոխարենը համացանցում դեռևս շարունակում է պահպանվել «Մատաղիսի» գործով հայտնի տեսանյութը, որտեղ քննչական խմբի ղեկավար Արմեն Հակոբյանը հարցաքննում է Ռազմիկ Սարգսյանին, ով և տալիս է ինքնախոստովանական ցուցմունք:

Ինքնախոստովանական ցուցմունքը՝ որպես ապացույցների «թագուհի»

«Տվյալ տեսանյութը երբ տեղ գտավ համացանցում, ինձ դա չանհանգստացրեց, քանի որ ցանկացած խելամիտ անձ այն դիտելով՝ կհասկանար, թե ինչի հետևանք է ինքնախոստովանությունը: Ռազմիկի գլուխը ինչքան մեծացած է, դա ջուր խմելու հերտևանք չէր, այլ հարվածների: Իրենք գիտեն ինչպես հարվածել, որ կապտուկներ չմնան»,-ասում է Արայիկ Զալյանը: Հենց Ռազմիկ Սարգսյանի ինքնախոստովանական ցուցմունքն էլ դրվել էր դատավճռի հիմքում:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի զորամասում տեղի ունեցած երկու զինծառայողներին՝ Ռոման Եղիազարյանին եւ Հովսեփ Մկրտումյանին ծեծի ենթարկելու և սպանելու համար սկզբում մեղադրվել էին նույն զորամասի 4 այլ զինծառայողներ, որոնց նախաքննության շրջանում երեք ամիս կալանքի տակ պահելուց հետո ազատ էին արձակել: Այնուհետև, կալանավորել էին նույն զորամասի 3 այլ զինծառայողներ՝ Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին և Արայիկ Զալյանին: Դատարանը նրանց մեղավոր էր ճանաչել և դատապարտել 15 տարվա ազատազրկման: Դատավճիռը բողոքարկել էին և՛ ամբաստանյալները՝ չընդունելով հանցանքը, և՛ տուժող Հովսեփ Մկրտումյանի հայրը՝ Մովսես Մկրտումյանը: Քրեական վերաքննիչ դատարանը, կրկին քննության առնելով գործը, 15 տարվա ազատազրկումը փոխարինել էր ցմահ ազատազրկման: 2006-ին Վճռաբեկ դատարանը բեկանել էր Վերաքննիչ դատարանի դատավճիռը, իսկ 2012-ին կայացրել արդարացման դատավճիռ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2016-ի մարտի 17-ին՝ բողոքը ներկայացնելուց 12 տարի անց, հրապարակեց «Զալյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը: Դատարանը ճանաչել է «Մատաղիսի» գործով արդեն արդարացված երեք անձանց` Արայիկ Զալյանի, Ռազմիկ Սարգսյանի և Մուսա Սերոբյանի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կողմից կատարված իրավախախտումները: Մասնավորապես՝ խախտվել է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի 3-րդ հոդվածը` խոշտանգումների հետ կապված հաղորդման ոչ բավարար քննություն եւ 5-րդ հոդվածը` Ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտումը 1,2,3 կետերով: Հանրությանը հայտնի «Մատաղիսի» գործով բողոքը Եվրոպական դատարան ներկայացրել էր փաստաբան, ներկայումս ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանը 2004 թ.-ին: 

Արայիկ Զալյանն իրենց արդարացումները հիմնականում կապում է ՄԻ Եվրոպական դատարանի հետ: Երբ Վճռաբեկ դատարանը դատավճռի բեկանման որոշում կայացրեց, արդեն ՄԻԵԴ-ը հարցադրումներ էր արել մեր պետությանը:

Արայիկ Զալյանը կարծում է, որ իրենց դեպքը միակը չէ. Հայաստանում էլի կան դատական սխալների զոհեր. «Մենք ունենք երիտասարդներ՝ ցմահ ազատազրկված, որոնք, իմ կարծիքով որևէ կապ չունեն իրենց վերագրած արարքի հետ՝ Արթուր Քոչարյան, Ցոլակ Պողոսյան և այլոք, նաև 1990-ականերին քննված գործերից: Ունենք դատախազություն, իրավաբաններ, որոնք կարող են ծանոթանալ այդ քրեական գործերին, կարող են մեկ հանձնարարությամբ վերցնեն, ծանոթանան, կամք է պետք ուղղակի»:

Վիճակագրություն

Ի՞նչը կարող է դրդել մարդկանց խոստովանել չկատարած հանցանքները, անգամ ծանրագույն հանցանքներ. արտերկրում վերաբացված քրեական գործերի ուսումնասիրությունը վկայում է՝ ֆիզիկական ու հոգեբանական ճնշումները իրավապահների կողմից, սպառնալիքները, ընտանիքը կորցնելու վտանգը և այլ պատճառներ: Այնուամենայնիվ, փաստ է, որ ԱՄՆ-ում 250 արդարացվածների 35%-ը դատապարտված է եղել հենց ինքնախոստովանական ցուցմունքներով: Հայաստանում ինքնախոստովանությունը դեռ համարվում է ցուցմունքների «թագուհին»: Հաճախ անգամ մասնագետներից եմ լսում հետևյալը. «Բայց քաղաքացին խոստովանել է», ու այդքանով գործը համարում են ավարտված: 1991-2008 թթ. մահապատժի ու ցմահ դատապարտված անձանց 25 դատավճռում որպես ապացույց են ներկայացված մեղադրյալների ինքնախոստովանական ցուցմունքները: Ի դեպ, դրանք հաճախ տրվել են նախաքննության ժամանակ, այնուհետև որոշ դեպքերում դատարանում հրաժարվել են՝ նշելով, որ դրանք բռնության հետևանք են, սակայն դատարանը որևէ միջոց չի ձեռնարկել բռնության փաստը ստուգելու ուղղությամբ: 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված