Կիրակի, 20 հոկտեմբերի

«ASA», անբարեխիղճ մրցակցություն է սա



Շուկայում երբեմն կարելի է հանդիպել տեղական արտադրության այնպիսի ապրանքներ, որոնք նմանակում են այլ  ապրանքանիշերի արտաքին տեսքն ու խախտում հեղինակային իրավունքները:

Հիմնականում՝ դրանք արտասահմանյան ապրանքանիշեր են, որոնք բավականին հայտնի են, լայն տարածում ունեն շուկայում, և  սպառողը դրանք հեշտ  է ճանաչում:

Տարիներ առաջ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեն նման խախտումների համար տուգանել էր մի շարք ընկերությունների: Ավելին, 2007թ. դատական գործ էր հարուցվել «Գրանդ Քենդի» ընկերության դեմ, որն իր մի շարք կոնֆետների անվանումներ նույնությամբ վերցրել էր ռուսական տարբեր ընկերություններից (օրինակ՝ «Жемчужина, Лесная сказка, Вдохновение, Romantic, Անուշիկ, Սկյուռիկ, Արջուկ, Քարավան» նշանների օգտագործումը )

Այդպիսի մի քանի դեպքի մասին գրել էինք նաև մենք. դրանցից էին օրինակ՝ «Նիկոլա» ՍՊԸ-ի կողմից արտադրվող իտալական  «Raffaello» ապրանքանիշի նմանությամբ արտադրվող  «Catalina»  կոնֆետներն ու նույն ընկերության կողմից արտադրվող  «Ferrero Rocher» կոնֆետները  հիշեցնող «Nicolo Felice» շոկոլադները:

Բացի հեղինակային իրավունքների խախտումից, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով արգելվում է մոլորության մեջ գցել սպառողին՝ խախտելով այլ արտադրողի հեղինակային իրավունքները:

Իսկ սպառողը մոլորության մեջ է ընկնում, երբ մի ապրանքանշան շփոթելու աստիճան նման է մեկ այլ ապրանքանշանի: Ըստ վերը նշված օրենքի՝ նշանը համարվում է այլ նշանին շփոթելու աստիճան նման, եթե այն, ընդհանուր առմամբ, զուգորդվում է դրա հետ (այսինքն` մարդու մոտ առաջացնում է նույն պատկերի, բառի, գույների, դրանց համակցության, իմաստի ընկալման զգացողություն), չնայած առանձին տարբերությունների առկայության:

Սպառողն էլ, առաջնորդվելով նախկինում տեսած նշանի մասին ունեցած ընդհանուր տպավորությամբ, կարող է ընկնել մոլորության մեջ։

«Ա. Ավետյանի ԱՍԱ» ընկերությունն արտադրում է «Beauty» (Բյութի) անունն ունեցող կոնֆետներ, որոնք նմանակում են ամերիկյան Mars ընկերության կողմից արտադրվող «Bounty» կոնֆետներին:

Այս դեպքում  նմանությունը ոչ միայն պատկերային է, քանի որ մարդու մոտ այլ ապրանքանիշի ընկալման  զգացողություն է առաջացնում, այլև՝ «ձևային». երկու կոնֆետներն էլ պարունակում են կոկոսի քերուկ՝ պատված շոկոլադե ջնարակով:

Հայկական կոնֆետը, համային նմանությունից բացի, նաև ավելի մատչելի գին ունի, ինչը ևս կարող է գրավել սպառողին. «Բյութի» կոնֆետի 250 գրամն արժե  400-450 դրամ, իսկ «Բաունթի»-ի  55 գրամն  արժե 200-220 դրամ: Այսինքն՝ 100գ  հայկական կոնֆետն արժե 180 դրամ, ամերիկյանը՝ 380 դրամ:

Ստացվում է հայկական ընկերությունը, այս ապրանքանիշի դեպքում, դրսևորում է ձեռնարկատիրական գործունեության այնպիսի վարքագիծ, որով ստեղծվում են մրցակցության անբարեխիղճ պայմաններ:

«Անբարեխիղճ մրցակցություն է համարվում ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը հակասում է օրենքին կամ գործարար շրջանառության սովորույթներին, խախտում է մրցակիցների միջև կամ վերջիններիս ու սպառողների միջև բարեխղճության՝ ազնվության, արդարության, ճշմարտության, անաչառության սկզբունքները»:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենք, գլուխ 5, հոդված 11

Մակնշման վրա եղած  հեռախոսահամարով մենք քանիցս փորձեցինք կապ հաստատել ընկերության հետ՝ պարզաբանում ստանալու նպատակով, սակայն նշված համարով զանգերին ոչ ոք չպատասխանեց:

 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված