Կիրակի, 17 նոյեմբերի

Արմեն Լամբարյանի մորը չեն թույլատրել տեսակցել որդուն



«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում այսօր չեն թույլատրել Արմեն Լամբարյանի մորը` տիկին Փիրուզային, տեսակցել որդուն: 10 ամսվա ընդմիջումից հետո, տեսակցության արգելքի վերացման պես այսօր տեսակցության են մտել միայն Արմեն Լամբարյանի երեք երեխաներն ու կինը: Այս մասին «Հետքին» հայտնեց Արմեն Լամբարյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Ըստ փաստաբանի` ՔԿՀ-ում մոր հետ տեսակցության արգելքը պատճառաբանել են, թե չի ներկայացրել տղայի ծննդյան վկայականը, որով կհավաստվեր` Արմենն իր որդին է:

«Սա առավել, քան տարօրինակ է, քանի որ տիկին Փիրուզան 10 ամիս շարունակ ամեն շաբաթ Սպիտակ քաղաքից եկել է Երևան` «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ` որդուն սնունդ բերելու: Այսինքն` ՔԿՀ-ում կա հանձնուք ընդունելու քարտ, որտեղ նշվում է, թե ով է հանձնուք փոխանցողը: Բնականաբար, «Դատապարտյալների հիվանդանոցում» քաջ գիտեն, որ տիկին Փիրուզան Արմեն Լամբարյանի մայրն է»,-ասաց փաստաբան Պապիկյանը` տեղեկացնելով, որ ահազանգել են ՄԻՊ գրասենյակ, սակայն իրավիճակը չի շտկվել: Անգամ նշել են, որ հաջորդ անգամ կարող են ներկայացնել ծննդյան վկայականը, սակայն ապարդյուն:

Փաստաբանի գնահատմամբ` «Սասնա ծռեր» խմբի կալանավորված անդամների նկատմամբ տեսակցությունների արգելքը, իսկ այսօր նաև Արմեն Լամբարյանի մորը տեսակցության չթողնելը այն դեպքում, երբ կինը եկել է Սպիտակ քաղաքից, վկայում է վրեժխնդրության, պատժի լրացուցիչ տեսակի, հոգեբանական ճնշման դրսևորման մասին:

Փաստաբանը տեղեկացրեց, որ մայիսի 23-ին իր առանձնազրույցը Լամբարյանի հետ ևս խոչընդոտվել է, ստեղծվել է բյուրոկրատական քաշքշուկ, ինքը` Պապիկյանը ուշանալիս է եղել դատական նիստից և 30 րոպե սպասելուց հետո հեռացել է: «Այդ օրը նույնիսկ դատարան չբերեցին պաշտպանյալիս` Արմենին... Մենք բարձրաձայնել ենք, որ հոկտեմբերից սկսած` բժշկական սպասարկում չի իրականացվել: Եթե մինչ այդ ձախ ոտքի ծանր վիրավորում ստացած Արմեն Լամբարյանի ճնշումը չափում էին, ապա այլևս դա էլ չի արվում: Գտնում եմ, որ մեր բողոքների համար են վրեժխնդիր լինում, բայց պիտի շարունակել պայքարել»,-ասաց Արայիկ Պապիկյանը:

Արդարադատության նախարարության ՔԿՎ հանրային կապերի բաժնից մեզ հայտնեցին, որ դատարանի որոշմամբ վերացվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի կալանավորված անձ Արմեն Լամբարյանի ընտանիքի անդամների և մերձավոր ազգականների հետ տեսակցությունների նկատմամբ սահմանված արգելանքը, և ՔԿՀ աշխատակցի օրինական պահանջով Ա. Լամբարյանի և նրա մայրը ներկայացած կնոջ մերձավոր ազգակցական կապը պարզելու նպատակով առաջարկվել է ներկայացնել համապատասխան փաստաթուղթ, ինչը չի ներկայացվել: Ի դեպ, Ա. Լամբարյանն այսօր տեսակցել է իր կնոջն ու երեխաներին: Ինչ վերաբերում է Ա. Լամբարյանի առողջական վիճակին, ապա նշենք, որ նրա նկատմամբ սահմանված է բժշկական դինամիկ հսկողություն, շարունակում է ստանալ վերականգնողական բուժում, իսկ համապատասխան ցուցման դեպքում կկատարվի վերջույթի ռենտգեն հետազոտություն:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը, 235 հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, ապա ավելացվել են նաև 238-րդ և185-րդ հոդվածները։ Նա 10 ամիս է` գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Տեսակցությունները սահմանափակված են եղել շուրջ 10 ամիս: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված