Երեքշաբթի, 12 նոյեմբերի

Լրագրող Արփի Մախսուդյանի փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել



Civilnet-ի լրագրող Արփի Մախսուդյանի փաստաբան Անի Չատինյանը հանցագործության մասին հաղորդում է ուղարկել Գլխավոր դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն՝ ոստիկանների ապօրինի գործողությունների վերաբերյալ:

Արփի Մախսուդյանն այսօր առավոտյան «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ իրենց բնակարան են այցելել քաղաքացիական հագուստով չորս անձինք ու առանց դատարանի որոշման ցանկացել են խուզարկել բնակարանը։ Նրանք նշել են, թե Մոսկվայից տեղեկատվություն ունեն, որ ծանր հանցագործության մեջ մեղադրվող կա այդ բնակարանում:

«Հետքի» հետ զրույցում Արփին ասաց, որ մի քանի ժամվա մեջ ոստիկանությունը երեք անգամ փոխել է իրենց բնակարան գալու շարժառիթը. «Առավոտյան ասում էին, որ այդ մարդը մեր տանն է, հետո փոխեցին, թե մեր WiFi-ով է կապ տվել, հիմա էլ ասում են, թե այցելել է մեր բնակարան»:

Ըստ Քրեական դատավարության օրենսգրքի` հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում: Ըստ այդմ, ժամկետը լրանալուց հետո պետք է կայացվի հետևյալ որոշումներից մեկը`1) քրեական գործ հարուցելու մասին, 2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին, կամ 3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին: 

Ոստիկանությունը, սակայն, հերքել է խուզարկության մասին տեղեկատվությունը՝ նշելով, որ «բնակարանում անցկացվել է միայն «օպերատիվ հարցում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը, իսկ խուզարկելու կամ այլ քննչական գործողություն կատարելու նպատակ չի եղել: Ոստիկանությունը վկայակոչել է «Ոստիկանության մասին» օրենքի հոդված 20-ը, ըստ որի` ոստիկանության ծառայողներն իրավունք ունեն հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց հետապնդելիս հանցագործություն կատարվելու կամ կատարված լինելու,…ինչպես նաև հետաձգում չհանդուրժող այլ դեպքերում մուտք գործելու բնակարաններ, շինություններ, տարածքներ, հողամասեր,այդ թվում' արգելքները վերացնելու միջոցով»: 

Մինչդեռ Արփի Մախսուդյանը պնդում է, որ ոստիկանները ցանկացել են խուզարկություն կատարել, և միայն՝ խուզարկության համապատասխան որոշում պահանջելուց, փաստաբան կանչելու մասին բարձրաձայնումից հետո են հեռացել.

«Մտել են տուն, երբ ես քնած էի, ու երբ արթնացա մոտեցա իրենց` հարցնելու, թե ինչի համար են եկել, ասացին, որ հանցագործ են փնտրում և պիտի խուզարկեն, ասացի՝ օրդեր ունե՞ք, որ խուզարկեք, պատասխանեցին՝ ոչ: Ասացի՝ դե՛, հենց հիմա դուրս եկեք, առանց օրդերի ոչ մի շարժ իմ տանը: Դրանից հետո սկսեցին գոռալ, թե ես իրենց օրենք չսովորեցնեմ, քանի որ այդքան իրավագիտակցություն չունեմ: Պահանջեցի, որ ինձ վրա չգոռան, ասացի, որ կզանգեմ փաստաբանիս, նրանք էլ սպառնացին իրենց օպերատիվ գործողությունը խոչընդոտելու համար սկեսրայրիս տանել բաժին: Իսկ երբ գնացի հեռախոսս բերեցի, արդեն փոխել էին խոսելու տոնը և իրենց գալու շարժառիթը: Արդեն ասում էին, որ wifi-ից ոմն Կարեն կապ է տվել ու այդ ինֆորմացիան ստացել են Մոսկվայից»,- ասաց Արփին:

Արփի Մախսուդյանի փաստաբան Անի Չատինյանը «Հետքի» հետ զրույցում պարզաբանեց, որ եթե նույնիսկ ոստիկանությունը տարածել է տեղեկատվություն, թե իրենց ծառայողները եկել են հանցանք կատարած անձի հետքերով, ապա բնական է, որ վերջինը կարող էր խուզարկությամբ հայտնաբերվել կամ ոչ:

Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն` խուզարկությունը չի կարող կատարվել առանց դատարանի որոշման:

«Եթե եկել են մարդ փնտրելու, ինչպես պիտի փնտրեին, բնական է՝ խուզարկությամբ: Սենյակ պիտի նայեին, դռներ բացեին, պահարաններ, պատուհան, սա արդեն խուզարկություն է... Բացի այդ, այդ անձինք առանց համազգեստի ու տարբերակող նշանների են եղել, իսկ ո՞վ պետք է ապացուցեր, որ նրանք ոստիկան են: Երկարատև պահանջից հետո միայն նրանցից մեկն է ցույց տվել իր վկայականը: Այլ բան, քան այս գործողությունը որակել անօրինական` ես չեմ կարող»,-եզրափակեց փաստաբանը: 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Հասմիկ Ա. Ա.10:45 - 12 մայիսի, 2017
Կեցցե՜ք, Արփի ջան: Շնորհակալ եմ Ձեր պայքարի համար: Հանցագործները պետք է պատժվեն, առավել ևս, եթե նրանք ծառայում են իրավապահ համակարգում:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված