Հինգշաբթի, 14 նոյեմբերի

Դատավորի կանխակալության վերաբերյալ մեղադրյալներն ունեն «ողջամիտ կասկած»



Քաղաքացի Էդուարդ Սարիբեկյանին առևանգելու մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է Վանաձորի մարզի ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Սուրեն Բաղդասարյանին:

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ մարդուն առևանգելու համար Գոռ Չոբանյանին ու Ռազմիկ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նշված էր, որ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և այն` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Երկու մեղադրյալների շահերը ներկայացնող փաստաբաններից տեղեկացանք, որ մեղադրական եզրակացությունը հաստատվել է Գլխավոր դատախազության կողմից: Մեղադրանքն էլ դատարանում պաշտպանելու է Գլխավոր դատախազությունը:

Այս առնչությամբ երկու մեղադրյալները դատավոր Սուրեն Բաղդասարյանին, ում և մակագրվել է քրեական գործ քննությունը, ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել: Այն քննության փուլում է դեռ: Ինքնաբացարկի միջնորդության համար, ըստ մեղադրյալների ու նրանց պաշտպանների, առկա է քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի մասերից մեկը: Հայտնի է, որ օրենքի համաձայն, դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի փաստերի կամ հանգամանքների մասին, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անկողմնակալության մեջ: Ինքնաբացարկի հիմքերից մեկն էլ այն է, երբ դատավորը կամ նրա ամուսինը կամ նրանց հետ արյունակցական` մինչև 3-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձը ողջամտորեն կհանդիսանա (հիմքեր ունի կարծելու, որ նա կհանդիսանա) գործին մասնակցող անձ կամ մասնակցել է տվյալ գործի քննությանը ստորին ատյանում` որպես դատավոր կամ գործին մասնակցող անձ: Սույն օրենքի իմաստով, անձի հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ են գտնվում անձի զավակները, ծնողները, քույրերը և եղբայրները...:

Հետևաբար, հաշվի առնելով այն, որ այս քրեական գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել և դատարանում մեղադրանքը պաշտպանելու է գլխավոր դատախազությունը, որտեղ մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետը հանդիսանում է Գևորգ Սուրենի Բաղդասարյանը, ով դատավոր Սուրեն Բաղդասարյանի որդին է, պաշտպանական կողմը. «Տվյալ դեպքում ողջամտորեն հիմքեր կան կարծելու, որ ՀՀ գլխավոր դատախազության Մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետը կարող է սույն քրեական գործի դատական քննության որևէ փուլում հանդիսանալ գործին մասնակցող անձ` մեղադրող, կամ դատարանում գործին մասնակցող մեղադրողի նկատմամբ մեղադրանքի կազմակերպման և իրականացման առումով վերահսկողության իրականացնող պաշտոնատար անձ… Դուք` որպես նախագահող դատավոր, կարող եք կանխակալ վերաբերմունք ունենալ սույն քրեական գործի նկատմամբ, ուստի գտնում ենք, որ դատավարության մասնակիցների մոտ դատավորի կանխակալության վերաբերյալ առաջացած ցանկացած ողջամիտ կասկած ի սկզբանե բացառելու համար անհրաժեշտ է հայտնել ինքնաբացարկ»,-նշված է դատավորի ինքնաբացարկի միջնորդության մեջ:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված