ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

Լիբանանահայ Ժակը չի շտապում հաղթանակ համարել Վերաքննիչ դատարանի որոշումը



Ինչպես և առաջին ատյանի դատարանի որոշումից հետո, այսօր էլ լիբանանահայ Ժակ Բաքարեջյանը չի շտապում հաղթանակ համարել Վերաքննիչ դատարանի որոշումը: Նա պարզապես ասում է, որ համաձայն է իր ներկայացուցիչներից Տիգրան Ղազարյանի հետ. «Արդարության վերականգնման ճանապարհին ևս մեկ քայլ է»,- ասում է երկու մանկահասակ երեխաներին վերադարձնելու համար պայքարող հայրը:

Այսօր Վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով բավարարվել էր լիբանանահայ Ժակ Բաքարեջյանի ու նրա ներկայացուցիչների բողոքն ընդդեմ հետաքննիչի ու վերահսկող դատախազի որոշումների:

«Դատարանների որոշումներով փաստորեն վերացվել է  հետաքննության մարմնի կողմից պաշտոնական փաստաթղթեր ապօրինի ձեռք բերելու կամ իրացնելու, ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու հատկանիշներով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը»,-ասում է փաստաբան Տիգրան Ղազարյանը:

Հիշեցնենք, որ Ժակ Բաքարեջյանի կինը՝ Նաիրա Մկրտչյանը, կարողացել էր Լիբանանի քաղաքացի հանդիսացող իրենց երկու մանկահասակ երեխաների քաղաքացիությունը փոխել մի քանի օրում, ստանալ ՀՀ քաղաքացիության անձնագրեր ու լքել Հայաստանի սահմանը:

Հետաքնչական մարմինը, սակայն, հանցակազմ չէր տեսել Նաիրա Մկրտչյանի գործողություններում: Հետաքննիչը մերժել է քրեական գործ հարուցել երեխաների մոր նկատմամբ: Երևանի դատախազ Րաֆֆի Ասլանյանը հետքննիչի մերժումն իրավաչափ էր համարել: Ժակ Բաքարեջյանի երկու ներկայացուցիչները՝ Սամվել Դիլբանդյանն ու Տիգրան Ղազարյանն հետքննիչի ու Երևանի դատախազի մերժումերը վիճարկել էին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ բավարարվել էր այն, այնուհետև Ժակի կինը՝ Նաիրան բողոքարկել էր որոշումը Վերաքննիչ դատարան, որտեղ այն այսօր մնաց ուժի մեջ:

Բողոքաբերները պնդում էին, որ երեխաների քաղաքացիության փոփոխության համար մայրը տվել է կեղծ տեղեկություններ, թե Լիբանանից Հայաստան է եկել միայնակ՝ առանց երեխաների հոր, ապա ներկայացրել է կեղծ փաստաթղթեր երեխաների համար ՀՀ քաղաքացու անձնագրեր ձեռքբերելու համար, հետևաբար, ըստ Ժակի ներկայացուցիչների, մանկահասակ աղջիկների մոր գործողություններում կան հանցագործության հատկանիշներ (ՔՕ հոդված 325 1-ին մաս, հոդված 326):

«Եթե հիմա գնամ Լիբանան և ցանկանամ, օրինակի համար, երեխաների համար անձը հաստատող փաստաթուղթ ստանալ, ինձ անպայմանորեն կհարցնեն՝ իսկ որտեղ է նրանց մայրը, և առանց մոր ներկայության, համաձայնության, ծնողքից մեկի ցանկությամբ նման հարցեր չեն լուծի»,-ասում է Ժակը ու շարունակում զարմանալ, թե ինչպես է Հայաստանում իր երեխաներին տրվել մի փաստաթուղթ, որտեղ բացակայում է հայրանվան մասը: Կեղծ տեղեկություններ ներկայացնելու հետևանքով երեխաների անձնագրերում բացակայում է նաև հայրանունը:

«Մինչդեռ երեխաներն ունեն հայր, որի մասին անպայման պետք է նշվեր անձնագրի 5-րդ էջում, իսկ ձեռքբերված կեղծ անձնագրի պայմաններում ստացվում է, որ երեխաների հայրը մահացած է կամ անհայտ կորած»,-նշված է երեխաների հոր ներկայացուցիչների բողոքում:

Փոխարենը թե Նաիրա Մկրտչյանը (ով հրաժարվում է հարցազրույցից), թե դատախազը գտնում են, որ որևէ օրենք, իրավունք խախտված չէ, հետևաբար պետք է մերժել երեխաների հոր ու նրա ներկայացուցիչների բողոքները:

Ժակ Բաքարեջյանը դիմել է պետական, դատաիրավական համակարգի գրեթե բոլոր օղակներ, բազմաթիվ նամակներ է ուղղել բարձրաստիճան գրեթե բոլոր պաշտոնյաներին, ստացել հիմնականում նույնաբովանդակ պատասխաններ. կամ թողնել անհետևանք, կամ հանցակազմ չկա: «Մի՞թե չկա Հայաստանում օրենսդրություն, որը կզսպի ծնողքից մեկին, երբ նա փորձ է կատարում խլել երեխաներին»,-ասում է Ժակը:

«Հետքը» շարունակում է հետևել 2015-ին երեք շաբաթով ընտանիքով հայրենիք որպես զբոսաշրջիկ եկած Ժակ Բաքարեջյանի պատմությանը: Նա շուրջ երկու տարի պայքարում է սեփական երեխաներին տեսնելու, նրանց խնամքով զբաղվելու համար: Դատական ատյաններում միանգամից մի քանի վարույթներ կան: Մի քանիսով բավարարումներ կան, օրինակ, Վարչական դատարանն անվավեր է ճանաչել երեխաների հայկական անձնագրերն ու դրանք սառեցրել:

Ամեն ինչ սկսվել է 7 տարի առաջ՝ 2010-ին, երբ համացանցով ծանոթացել է ապագա կնոջ՝ երևանցի Ն. Մկրտչյանի հետ: «Կիրթ, բարեհամբույր, խելացի». այս բառերով է բնորոշում Ժակը կնոջը: 2010-ի վերջին նրանք ամուսնացել են Հայաստանում, ապա տեղափոխվել Լիբանան: Զույգի ամուսնությունը գրանցվել է և՛ մեր պետությունում՝ 2010-ին, և՛ Լիբանանում՝ Բեյրութում՝ 2011-ին: 2012-ին և 2014-ին Լիբանանում ծնվել են Ժակի ու Ն. Մկրտչյանի դուստրերը՝ Ն.Բ.-ն և Ս.Բ.-ն (երեխաների անուն ազգանունները չենք հրապարակում նրանց իրավունքները պաշտպանելու նպատակով): Երեխաները Լիբանանի քաղաքացի են, ունեն Լիբանանի Հանրապետության անձնագրեր: Սակայն 2015 թ-ին առանց երեխաների հոր՝ Ժակ Բաքարեջյանի համաձայնության, ոստիկանության ԱՎ վարչությունը երեխաների մոր՝  2015-ի սեպտեմբերի 11-ին ներկայացրած դիմումից հետո ընդամենը 20 օրում տրամադրել է մանկահասակ աղջիկների՝ ՀՀ քաղաքացիությամբ անձնագրերը՝ սակայն անվան, ազգանվան ու հայրանվան լատինատառերի մոտ 8 տառերի փոփոխություններով:

Ժակի վերջնական նպատակն է՝ երեխաների վերադարձը  Լիբանան. «Մենք միասին՝ ընտանիքով եկել ենք որպես տուրիստ, բայց աս կեղծ քաղաքացիությամբ էրեխեքս զրկվել են հորից, հայրենիքից, քաղաքացիությունից»,-ասաց լիբանանահայ Ժակը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված