Կիրակի, 20 հոկտեմբերի

Սիրիահայ գործարար․ «Եթե դու աշխատող մարդ ես, գետնի տակից էլ գործդ կճարես»


Շանթ Խայալյանը 41 տարեկան է: Չնայած տարիքը չի ցանկանում նշել, ծիծաղում, ասում է՝ աղջիկները չեն ցանկանա հետը շփվել: Հալեպից մեկնել է, երբ Սիրիայում իրավիճակը լարված էր: Սկզբում՝ գնացել է Հորդանան, այնուհետև՝ 2013թ․ փետրվարին, տեղափոխվել Հայաստան ։ Ասում է՝ վերջնականապես։

Մասնագիտությամբ ծրագրավորող է, բայց այստեղ որոշել է սկսել օճառների և շամպուների արտադրություն․ դեռևս Հալեպում դա իր հոբբին էր.տատն օճառներ էր պատրաստում, իսկ ինքը՝ հետևում և ընդօրինակում: Ճիշտ է, մի քանի փորձերից հետո, իր ասելով, տունը վերանորոգման կարիք ուներ, սակայն դա նրան չի կանգնեցրել։

Հայաստանում գործը սկսելու համար փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար վարկ է վերցրել, արտադրամաս բացել։ Ապրանքատեսակի անունն ընտրել է՝ «Beauty Products»: Սկզբում արտադրում էր 4 տեսակի օճառ՝ գազար, խնկածաղիկ, մաղադանոս և երիցուկ, և անձնական մեքենայով «ցրում» խանութներով։ Հիմա նրա ապրանքները կարելի է գնել ինչպես առցանց (օրինակ՝ buy.am), այնպես էլ՝ մի շարք սուպերմարկետներում (օրինակ՝ «Հալեպ», «Քարֆուր», «Պարմա», «Նոր Զովք») և դեղատներում (օրինակ՝ «Գեդեոն Ռիխտեր»)։

Օճառների տեսականին այժմ 4-ից դարձել է 20, իսկ շամպուններինը՝ 16։ Կան նաև տարբեր տեսակի յուղեր։ «Կավի տեսակներն ենք շատացրել, ունենք՝ սպիտակ, կանաչ և մոխրագույն գույնի կավեր, ունենք նուռ, նուշի մեղրամոմ՝ նորություններից, ունենք քունջութի, կտավատի, ցորենի և բրնձի կաթերով սարքած օճառներ»,-պատմում է Շանթը։ Շուտով վաճառքի է հանելու նաև մազերի և մաշկի համար նախատեսված քսուքներ։

Հումքը, բացառությամբ զեյթունի և կոկոսի ձեթի, որոնք Հայաստանում չկան, տեղական է ու բնական․օրինակ՝ գազարի օճառները պատրաստվում են Արամուսի գազարներից։ Չնայած դրան՝ ապրանքն օրգանիկ չի համարվում, քանի որ դրա համար հատուկ գործընթաց պետք է անցնել, լիցենզիաներ ստանալ, ինչն ըստ Շանթի, կբարձրացնի ապրանքի գինը․ «Ինքը, որ մտածենք, օրգանիկ ա համարվում․ ինչ որ օգտագործում ենք, կարող ենք օգտագործենք սննդի, առօրյայի մեջ, բայց թող չլինի «օրգանիկ» անունով, թող բոլորն էլ օգտվեն ու մատչելի գնով»,-ասում է նա։

Արտադրանքը պատրաստում է միայնակ: Ասում է, որ վաղ առավոտից արթնանում է և մինչև ուշ գիշեր կարողանում է պատրաստել մոտ 120 օճառ: Հիմա արդեն «ֆորմաները» մեծացրել է, որպեսզի կարողանա ավելի շատ պատրաստել: «Էն որ ասում են՝ գիշերային, ցերեկային, լողանալուց առաջ, լողանալուց հետո․․․ապուշ բաներ են, մարդկանց խաբում են- ասում է Շանթը,- հետո էլ ինձ հարցնում են՝ շամպուն ոնց պետք ա օգտագործեմ, ասում եմ՝ գնա մտի բաղնիք ու հանգիստ օգտագործի (ծիծաղում է, հեղ․)»։

Արտադրամասն այժմ Իջևանում է, սակայն Շանթն ընդլայնում է գործունեությունն ու նոր տարածք է վերցրել Երևանում։ Իջևանում և Վանաձորում անվճար օճառ ու շամպուններ պատրաստել է սովորեցնում հաշմանդամներին։ Իսկ մյուս ամսվանից մտադիր է ամսական 120 օճառ ուղարկել Արցախի զորամասեր։

Շանթն այստեղից չի պատրաստվում հեռանալ, ավելին՝ ասում է, որ մտադիր է Սիրիայում և Լիբանանում մնացած 2 քույրերին ու ծնողներին ևս տեղափոխել Հայաստան։ Իր ճանապարհին հայտնված խոչընդոտները միայն ֆինանսական են եղել, բայց հաղթահարել է։

Նա այն կարծիքին է, որ աշխատող մարդը միշտ էլ կկարողանա գործ գտնել․ «Եթե որ ճիշտ ես աշխատում, մաքուր ես աշխատում, խաբելու պետք չունես, ոչ մեկ քեզ չի խանգարում»։ Բողոքելու պատճառն, ըստ նրա, այն է, որ ոչ մեկ չի սիրում պատասխանատվություն վերցնել իր վրա, այլ բողոքում է պետությունից ․«Եթե ես անփորձ եմ, ուրեմն մեղավորը պետությունն ա, հարևանի տղեն ա, կամ մեղավորը հերն ու մերն են, բայց ոչ մեկ չի ասում՝ դե լավ, ես ինչ եմ արել, որ կարողանամ էնպես անեմ, որ աշխատեմ»։

Ապրանքի որակն ավելի լավացնելու համար, Շանթն առաջիկայում մտադիր է ուսումը շարունակել Իջևանի համալսարանում․ սովորելու է օրգանական քիմիա։

Տեսանյութը՝ Հովհաննես Իշխանյանի և Տաթև Խաչատրյանի 


Գլխավոր էջ

Մեկնաբանություններ (1)
1. Arsen07:06 - 29 ապրիլի, 2017
Կեցցե՛ս, Շանթ։ Քո նման մարդիկ գուցե Հայաստանը նորմալ երկիր դարձնեն։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։