Կիրակի, 17 նոյեմբերի

Ընտանիքը կանգնած է վտարման վտանգի առաջ



Արզումանյանների ընտանիքը 12 տարի պայքարում է, որպեսզի վերականգնի սեփականության իրավունքը: Այսօր նրանք կանգնած են վտարման վտանգի առջև: Տարիներ առաջ են պարզել, որ իրենց տունը մի քանի անգամ ձեռքից ձեռք է անցել, վերավաճառվել: Գնորդներից վերջինը` Լևոն Չարխիֆալակյանը, դիմել է քաղաքացիական դատարան Արզումանյաններին իրենց երբեմնի` Երևանի Արաբկիր 19-րդ փողոցի 10Ա տնից վտարելու հայցով:  

«Հետքին» դիմած Արզումանյան ընտանիքի հայրը` Արմեն Արզումանյանը, պատմեց, որ ամեն ինչ սկսվել է 2005 թվականից, երբ իրեն շտապ գումար է անհրաժեշտ եղել: Մի օր էլ «Գինդ» շաբաթաթերթում կարդացել է հայտարարություն` անշարժ գույքի գրավադրմամբ 5 տոկոսով վարկեր տրամադրելու մասին: Զանգել է նշված հեռախոսահամարով, ապա հանդիպել Երևանի բնակիչ Հրանտ Կարապետյանին:

«Այդ օրվանից մինչ օրս հանգիստ չենք ունեցել», - ասում է Արմենն ու հորդորում քաղաքացիներին` չընկնել անհատների ծուղակը, տոկոսով գումար տվող անհատներից կատեգորիկ հեռու մնալ, նույնիսկ վարկային կազմակերպություններից, լոմբարդներից: «Թող ինձ տեսնեն, իրենց խղճան», - ասում է տունը կորցրած քաղաքացին:

«Հետքը» ծանոթացավ այս պատմությանը, քրեական ու քաղաքացիական դատարաններում քննված բազմաթիվ գործերին:

Ահա, թե ինչպես է Արմեն Արզումանյանի տունը ձեռքից ձեռք անցել, ու հիմա նրա ընտանիքը վտարման եզրին է:

Ըստ գործի նյութերի` 2005թ. սեպտեմբերի 23-ին Հրանտ Կարապետյանը Արմեն Արզումանյանին Կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տարեկան 17 տոկոսի կրկնապատիկը գերազանցող չափով` տարեկան 60 տոկոսով, տրամադրել է 6.000 ԱՄՆ դոլար գումարին համարժեք դրամ` նոտարական ձևակերպմամբ կնքելով անշարժ գույքի հիպոթեքի (գրավի) պայմանագիր, որտեղ, սակայն, ոչինչ չի նշվել գումարը տոկոսով տրամադրելու վերաբերյալ, այլ տոկոսագումարները ներառելով տրված գումարի մեջ, ամբողջական նշվել է իբրև փոխառությամբ 4.000.000 դրամ տրամադրելու մասին:

Հետագայում, Արմեն Արզումանյանը պայմանավորված ժամկետում չի կարողացել վերադարձնել պարտքը Հրանտ Կարապետյանին: Եվ ահա 2006թ. դեկտեմբերի 30-ին Երևանի Բաղրամյան 1-ին նրբ.14 հասցեում գտնվող Կենտրոն նոտարական գրասենյակում (ի դեպ, Կարապետյանն ապրում է նոտարական գրասենյակի հարևանությամբ)նրանց միջև ձևակերպվել է նոր պայմանագիր իբրև լրացուցիչ 6.000.000 դրամ տրամադրելու մասին: Այդ պայմանագրում նշվել են չվճարված և հետագայում վճարման ենթակա տոկոսները: Ապա Հրանտ Կարապետյանը 6.000 ԱՄՆ դոլար գումարը և տոկոսագումարները Արմեն Արզումանյանից ետ ստանալու համար, դատական կարգով 2008թ.-ին ԴԱՀԿ ծառայությունից ձեռք է բերել Արմեն Արզումանյանին պատկանող տունը:  

Թեպետ 2008-ին Հրանտ Կարապետյանին վաշխառության մեղադրանք է առաջադրվել, այնուամենայնիվ քրեական գործը մեկ տարի անց կարճվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից: Հիմքը 2009-ի հունիսի 19-ի համաներումն է եղել:

2010-ին ևս խարդախության հատկանիշներով  քրեական գործ է հարուցվել Արմեն Արզումանյանի հաղորդման հիման վրա, սակայն կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով: Նույն դատարանը 2009թ.-ին տան վրա դրված կալանքը հանել է: Այնուհետև ոմն Արա Մուրադյանի հետ 2011-ի սեպտեմբերին կնքվել է առուվաճառքի պայմանագիր: Իսկ մեկ ամիս անց` 2011-ի հոկտեմբերին, արդեն Արա Մուրադյանն է կնքել առուվաճառք պայմանագիր քաղաքացի Լևոն Չարխիֆալակյանի հետ:

Այդպիսով Արզումանյանների տունը անցել է երրորդ գնորդի տիրապետության տակ: Թեպետ քաղաքացիական դատարանում Արզումանյանները վիճարկել են առուվաճառքի պայմանագրերը` խնդրելով դատարանին, որ դրանք անվավեր ճանաչվեն, այդուհանդերձ մերժում են ստացել 2012-ին: Դատարանի վճռում նշվել է, որ Չարխիֆալակյանը հանդիսանում է օրինական ու պատշաճ գնորդ:

Լևոն Չարխիֆալակյանը 5 տարի առաջ հայցադիմում է ներկայացրել դատարան` ընդդեմ Արզումանյանների` վտարման պահանջով:

Հայցվոր Չարխիֆալակյանը հայտնել է, որ 2011-ի հոկտեմբերին կնքված և նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերով ձեռք է բերել Արաբկիր 19 փողոցի թիվ 10/2 և նույն փողոցի 10/1 բնակելի տները և հողամասը (նույն տունն է` նոր երկու հասցեի տակ, որտեղ ապրում են Արզումանյանները` հորեղբոր ընտանիքներով):

Արզումանյանները դատարանում հայտնել են, որ իրենց տունը չեն օտարել, չեն ճանաչել և ներկայումս էլ չեն ճանաչում հայցվոր Լևոն Չարխիֆալակյանին: Այս անգամ դատարանը մերժել է վտարման պահանջը` նշելով, որ Չարխիֆալակյանը ներկայացրել է բնակելի տների սեփականության իրավունքի գրանցման վկայականների պատճենները միայն:

Արզումանյանները դեռ ապրում են իրենց երբեմնի տանը: Սակայն ամեն օր վախով, որ դատարանը կկայացնի վտարման որոշում: 5 տարի անց` 2017-ին, Չարխիֆալակյանը կրկին դիմել է դատարան նույն` վտարման պահանջով: Նիստը նշանակված է մայիս ամսին:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված