Երեքշաբթի, 12 նոյեմբերի

Դանիել Իոաննիսյան. «Սա քաղաքական case-ի դասական օրինակ է»



Դպրոցների ու մանկապարտեզների 30 տնօրեններ զրպարտության հայցով դիմել են դատարան: Պատասխանողը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն է և ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Բոլոր տնօրենների պահանջը նույնն է՝ ներողություն և 2 միլիոնական դրամ (ընդհանուր՝ 60 մլն դրամի պահանջ):

Դանիելը դեռ չի ստացել հայցադիմումները, տնօրենների՝ դատարան դիմելու մասին տեղեկացել է այսօր՝ «Հայկական ժամանակ» թերթի լրագրողից:

 «Դատալեքս» տեղեկատվական համակարգում տեսանելի են 30 գործերը: Դրանք Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան մուտք են արվել հիմնականում մարտի 30-ին, որոշները՝ ապրիլի 3-ին և 4-ին ու մակագրվել տարբեր դատավորների:

«Դատալեքս» տեղեկատվական համակարգից

 «Հետքի» հետ զրույցում Իոաննիսյանը նշեց՝ ակնհայտ է՝ կազմակերպված է դատարան դիմելը. «Համարյա վստահ եմ, որ միանման հայցեր են»:

Զրպարտության անբաժանելի մասն այն է, որ պետք է սուտ լինի: Սա դիտարկում են նաև որպես խոսքի ազատության իրացման դեմ ոտնձգության փորձ է

Ըստ Դանիել Իոաննիսյանի, եթե պատշաճ քննություն գնար իրենց կայքում հրապարակված տնօրենների ձայնագրությունների մասով, չէր հետևի այս ամենը: «Դրանով ոչ միայն իրենց ձեռքերը ազատեցին, այլ իրենց հուշեցին, որ այդպես պետք է վարվել»:

ՀԿ ներկայացուցիչը համոզված է, որ իրենց կազմակերպության դեմ նման հայցերով դատարան մտնելը 100 տոկոսով քաղաքական հարց է. «Իրավական առումով մենք մաքուր ենք: Սա քաղաքական case-ի դասական օրինակ է, որովհետև ոչ մեկին չենք զրպարտել, մենք ոչ մի սուտ չենք հրապարակել, հետևաբար՝ չկա սուտ, չկա զրպարտություն»,- «Հետքին» ասաց Իոաննիսյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ նախընտրական շրջանում Դանիել Իոաննիսյանը հրապարակել էր «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում (114 ձայնագրություններ)» վերտառությամբ հոդվածը:

Օրեր անց «Իրավունք» թերթում հրապրակվել էր քաղաքացիական ակտիվիստ Իոանեսյանի անձնական, ընտանեկան կյանքին առնչվող հոդված, որի կապակցությամբ Դանիել Իոաննիսյանը մարտի 26-ին հաղորդում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն: Նրա պահանջն է ՔՕ 144 հոդվածի (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) հիմքով քրեական գործ հարուցել ոչ միայն «Իրավունք» թերթում այդ հոդվածը հրապարակողների նկատմամբ, այլև նրանց, ովքեր փոխանցել են այդ տեղեկատվությունները թերթին: ՀՔԾ-ից դեռ պատասխան չկա: Փոխարենն այժմ էլ տնօրեններն են դիմել դատարան հայցերով՝ պահանջելով 2-ական միլիոն դրամ իրենց պատիվն ու բարի համբավը արատավորելու համար:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված