ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

Դանիել Իոաննիսյան. «Ոչ միայն անձնական տվյալների հրապարակման փաստն է առկա, այլև խտրականության»



ՀՔԾ-ում դեռ քննարկվում է «Իրազեկ քաղաքացների միավորում» ՀԿ  ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի՝ հանցագործության մասին հաղորդումը. այս մասին մեզ տեղեկացրեց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:   ՀՔԾ-ի մամուլի խոսնակը նշեց, որ ՀՔԾ-ում այն մուտք է եղել որպես դիմում:

Հիշեցնենք, որ ԱԺ նախընտրական շրջանում Դանիել Իոաննիսյանը հրապարակել էր «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում (114 ձայնագրություններ)» վերտառությամբ հոդվածը: Օրեր անց «Իրավունք» թերթում հրապրակվել էր քաղաքացիական ակտիվիստ Իոանեսյանի անձնական, ընտանեկան կյանքին առնչվող հոդված, որի կապակցությամբ Դանիել Իոաննիսյանը մարտի 26-ին հաղորդում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն: Նրա պահանջն է ՔՕ 144 հոդվածի (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) հիմքով քրեական գործ հարուցել ոչ միայն «Իրավունք» թերթում այդ հոդվածը հրապարակողների նկատմամբ, այլև նրանց, ովքեր փոխանցել են այդ տեղեկատվությունները թերթին:

Ըստ Քրեական դատավարության օրենսգրքի, հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում: Ըստ այդմ, ժամկետը լրանալուց հետո պետք է կայացվի հետևյալ որոշումներից մեկը`1) քրեական գործ հարուցելու մասին, 2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին, կամ 3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին: 

Դանիելի կարծիքով, սա շատ դժվար կոծկվող գործ է: «Ով է հրապարակողը, պարզ է, ով է փոխանցողը, գոնե պարզ է, որ իրավապահներն են»:

Սակայն ոստիկանությունը հայտարարությամբ հերքեց իր առնչությունը այդ տվյալների մասով: Ըստ Դանիելի, ոստիկանությունը պարզապես մեղքը փորձում է գցել Քննչական կոմիտեի վրա: «Բայց իրականում ինձ համար տարբերություն չկա՝ սա ոստիկանության, թե քննչական կոմիտեի արածն է»,-ասում է Իոաննիսյանը:

Քաղաքացիական ակտիվիստը տեղեկացրեց, որ արդեն նախնական պայմանավորվածություն կա բողոքը ՄԻԵԴ ուղարկելու շուրջ: Ըստ Իոաննիսյանի, ոչ միայն անձնական տվյալների հրապարակման փաստն է առկա, այլև խտրականության:

«Եթե այդ տեղեկատվությունը հրապարակվեր ցանկացած օր, ապա կլիներ միայն անձնական կյանքի գաղտնիության խախտում: Բայց կոնվենցիոն իմաստով սա նաև խտրականություն է, որովհետև հրապարակումը հաջորդում է մեր հայտնի հրապարակմանը, որը իշխանություններին դուր չեկավ: Իշխանությունը խտրականություն ցուցաբերեց, և իշխանությունը նաև այս հիմքով է գլխացավանք ունենալու»: 

Դանիելը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ «Իրավունք» թերթում իր ընտանիքին վերաբերող ամենաթարմ տեղեկությունը վերաբերում է 2012-ին. «Այսինքն՝ 5 տարի առաջվա պատմություն էր ամենաթարմը: 5 տարի նստել, սպասել էին, որ հրապարակեն տնօրենների մասին հայտնի հրապարակումից հետո: Միամտություն կլինի սա համարել պատահականություն: Ի դեպ, հրապարակվեց մի լրատվամիջոցի կողմից, որը պատկանում է Հանրապետական կուսակցության պատգամավորներից մեկին»: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված