Հինգշաբթի, 14 նոյեմբերի

«Հաց բերողի» մահվան գործով քրեական հետապնդում չի իրականացվի քննիչների, դատավորների, ՔԿՀ-ների պաշտոնյաների նկատմամբ



Մերժում -1

«Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան գործով քննիչների, դատավորների, ՔԿՀ-ների պաշտոնյաների, վերահսկող դատախազի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի: Երեկ Արթուր Սարգսյանի իրավահաջորդի ներկայացուցիչները ստացել են քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Դավիթ Գյուրջյանն ու Տիգրան Եգորյանը Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին էին ներկայացրել հանցագործության մասին հաղորդում, որի պահանջն էր` Արթուր Սարգսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով քննություն իրականացնել քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանի, դատարաններում Արթուր Սարգսյանի կալանավորման միջնորդությունները ներկայացրած և պաշտպանած քննչական խմբի անդամ քննիչների, դատախազական հսկողություն իրականացնող դատախազ՝ Պ. Պետրոսյանի, կալանքի միջնորդությունները և դրանք բավարարելու մասին որոշումների դեմ ներկայացված բողոքները քննած նախագահող դատավորների, «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ների վարչակազմի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորությունները անցնելու, պաշտոնեական անփութության, Արթուր Սարգսյանին խոշտանգելու, վերջինիս ապօրինի ձերբակալելու և ապօրինի կալանավորման փաստերի առթիվ:  

«Հետքի» հետ զրույցում փաստաբան Դավիթ Գյուրջյանը նշեց՝ Գլխավոր դատախազության մերժման հիմքում դրված է այն, որ գործի շրջանակում որևէ փաստական հիմք չի հայտնաբերվել, որը հիմք կհանդիսանար դատավորների, քննիչների, ՔԿՀ պաշտոնյաների մասով քրեական հետապնդում նախաձեռնելու համար: Ըստ փաստաբանի, մերժման մեջ արձանագրված է նաև, որ եթե գործի նախաքննության ընթացքում որևէ հանգամանք վկայի իրենց բողոքում մատնանշած կետերի մասին, նոր այդ մասով կգնա քննություն:

«Եթե մի բան ընթացքում հայտնաբերվի, լավ, եթե ոչ՝ չենք պատրաստվում այդ ուղղությամբ քննություն տանել: Մերժման տրամաբանությունը մոտավորապես այսպիսին է»,-ընդգծեց Դավիթ Գյուրջյանը:

Արթուր Սարգսյանի իրավահաջորդի՝ Արսեն Սարգսյանի ներկայացուցիչներից Դավիթ Գյուրջյանը տեղեկացրեց, որ դատարանում պատրաստվում են բողոքարկել Գլխավոր դատախազության որոշումը: 

Մերժում -2

Մինչ այդ, վերահսկող դատախազ Պ.Պետրոսյանի կողմից մերժվել էր քննիչ Էդիկ Հակոբյանի նշանակած Արթուր Սարգսյանի կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին որոշման դեմ բողոքը:

Բանն այն է, որ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի վերաբերյալ 40 օրում կատարվել էր երկու դատաբժշկական փորձաքննություն, երկրորդը ընդամենը մեկ շաբաթում՝ «Իզմիրլյան» ԲԿ-ում:

Այս տարվա հունվարի 23-ի դատաբժշկական փորձաքննությամբ հանձնաժողովային փորձագետները հաստատել էին, որ Արթուր Սարգսյանը, ի թիվս այլ հիվանդությունների, ունի նաև Բեխտերևի հիվանդություն, որը գտնվում է խրոնիկ պրոգրեսիվ ընթացքում և զուգորդվում է հենաշարժական համակարգի ֆունկցիայի զգալի խանգարումով: Փորձագիտական եզրակացությունը տված խմբում ներառված են եղել Առողջապահության փոխնախարար Տ.Գ.Սահակյանը,  Ոստիկանության բուժվարչության պետ Վ.Վ.Մովսիսյանը, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի ֆունկցիոնալ ախտորոշման և ֆիզիոթերապիայի բաժանմունքի պետ Հ.Ս. Հեբիմյանը և ԱՆ ԴԲԳԳԿ բարդ փորձաքննությունների բաժնի վարիչ, ԵՊԲՀ-ի դատական բժշկության ամբիոնի դոցենտ Գ.Կ. Հարությունյանը: Սակայն հունվարի 31-ին ստանալով այս եզրակացությունը՝ «Սասնա Ծռեր» խմբի գործով քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանը նույն օրը կայացրել է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին որոշում՝ «բացարձակ կամայականորեն կասկածի տակ դնելով ստացված եզրակացությունը»,-նշված է փաստաբան Դավիթ Գյուրջյանի բողոքի մեջ:

Ընդամենը մեկ շաբաթում՝ փետրվարի 8-ին ստացվել է կրկնակի փորձաքննության եզրակացությունը: Այս անգամ տրվել է «տրամագծորեն հակառակ եզրակացություն՝ նույն փաստական տվյալների առկայության դեպքում: Այսինքն՝ նշված եզրակացությունը ապացուցում էր այն, ինչի կապակցությամբ և պաշտպանության կողմը մտահոգություն ուներ՝ եզրակացությունը այն էր, ինչը որ ամեն գնով ցանկանում է ձեռք բերել քննչական խմբի ղեկավարը»: Իսկ մեկ օր անց՝ փետրվարի 9-ին Արթուր Սարգսյանը երկրորդ անգամ ձերբակալվել է:  

Ըստ Դավիթ Գյուրջյանի, որոշումը օրինական չէ, քանի որ «Էդիկ Հակոբյանը չի ունեցել որևէ օրենքով սահմանված հիմք այն նշանակելու համար, ինչն արտացոլվում է որոշման պատճառաբանական մասի բացակայության փաստով»: Սակայն վերահսկող դատախազ Պ.Պետրոսյանը որևէ խախտում չի արձանագրել քննիչ Էդիկ Հակոբյանի գործողություններում՝ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելը համարելով օրինական:

Դատախազի այս որոշումը Դավիթ Գյուրջյանը բողոքարկում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: 

 Մերժում -3

Արթուր Սարգսյանի գործով ևս մեկ մերժում է ստացվել օրերս՝ այս անգամ Քնչական կոմիտեի կողմից: Մերժվել է Արթուր Սարգսյանի հերձման ընթացքում օրգաններից ու հյուսվածքներից վերցված փորձանմուշների հանձնումը տուժող Արթուր Սարգսյանի իրավահաջորդի ներկայացուցիչներին՝ անկախ փորձագիտական կենտրոնում դրանց փորձաքննությունն իրականացնելու համար:  


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված