Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի

«Հետք»-ի հրապարկումների արդյունքները․ մակնշումները փոխվել են, հավաստագրերը՝ տրամադրվել



Այս տարվա հունվարի 20-ին «Հետք»-ը գրել էր  շուկայում առկա և իրացվող բարձր ռիսկայնություն ունեցող սննդամթերքի մասին, որը վաճառվում էր առանց  անվտանգությունն ու համապատասխանությունը հավատող EAC  պարտադիր նշանի։

Հենց նույն օրը՝ հոդվածին հղում անելով, հարցում էինք ուղարկել Սննդամթերքի անվտագության պետական ծառայությանը՝ խնդրելով տեղեկություն տրամադրել ապրանքների ներկրման, անվտանգության, տեխնիկական կանոնակարգերին համապատասխանության, ինչպես նաև՝ շուկայում առանց EAC  նշանի հայտնվելու պատճառի մասին։

Այս հարցմանը պատասխանելու համար ՍԱՊԾ-ն մինչև մեկ ամիս ժամանակ էր խնդրել։ Այնինչ հավաստագրերի առկայության մասին տեղեկությունը արտադրողներից և ներմուծողներից կարելի էր ստանալ ընդամենը մի քանի օրվա ընթացքում, եթե իհարկե, դրանք կային և պատշաճ էին։

Հաջորդ, նմանատիպ խախտումները շուկայում արձանագրելիս, փորձեցինք պարզաբանումներ ստանալ հենց ներմուծողներից․ «Պոլիտան» ՍՊԸ-ից դժվարացան պատասխանել, թե ինչու չկա  EAC նշանը, սակայն հավաստիացրին, որ իրենք «բոլոր սերտիֆիկատներն ունեն» , իսկ «Անդակո» ՍՊԸ-ից հայտնեցին, որ պատճառը զուտ տեխնիկական է, իսկ երկար «համոզելուց» հետո, ուղարկեցին մեկ ապրանքի «հավաստագիր», որը, ինչպես ուղարկելուց հետո պարզ դարձավ, РСТ ստանալու,  Ռուսաստանում իրացվելու համապատսխան դեկլարացիան էր։

Նախքան մեր հարցման պատասխանը ստանալը, այս թեմայով  զրուցել ենք ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի վերահսկողության հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանի հետ, ով թեև համաձայն էր, որ առանց հայերեն մակնշման ապրանքը, հնարավոր է, «ինչ-որ մաքսանենք ճանապարհով մտած սննդամթերք է», սակայյն գուցե տնտեսվարողները  «չեն հասկացել, որ EAC նշանի մակնշումն այդ ապրանքների վրա պարտադիր է»:

Վերջերս մենք ստացանք հարցման պատասխանը, որտեղ նշված է, որ ծառայությունը հրավիրել է  ներմուծող և իրացնող կազմակերպությունների պատասխանատուներին, և իրականացրել  «բացատրական, խորհրդատվական աշխատանքներ՝ առկա անհամապատասխանությունները վերացնելու ուղղությամբ, տրվել են համապատասխան հանձնարարականներ»։

Տնտեսվարողների կողմից ձեռնարկվել են համապատասխան  միջոցներ՝ մակնշման խախտումները վերացնելու համար։

Այսպիսի պատասխան ստանալու համար 30 օրը ողջամիտ չենք համարում․ կոնկրետ  տնտեսվարողների՝ մեր  հրապարակած խախտումների մասին հստակ պատասխաններ այդպես էլ չէինք ստացել, իսկ նշված գործողությունները կրել էին ընդհանրական բնույթ։ Այդ պատճառով նորից դիմեցինք ՍԱՊԾ՝ մանրամասները ճշտելու։

Ի՞նչ է փոխվել

«Հետքի» հրապարակումներից հետո սննդամթերքի անվտանգության ոլորտում  փոփոխություններ են եղել՝ սկսած մակնշումներից, շուկայի դիտարկումներից, ապրանքների հետկանչումից, մինչև  դատախազություն դիմելը։ 

ՍԱՊԾ արձագանքը «Հետք»-ի հրապարակումներին ի՞նչ է փոխվել

«Հետքի» հետ զրույցում սննդամթերքի անվտանգության և որակի վերահսկողության հսկողության տեսչության պետ Վ․ Դանիելյանն ասաց, որ ՍԱՊԾ են հրավիրվել  մեր հրապարակումների մեջ տեղ գտած բոլոր պատասխանատուները, մասնավորապես՝ «Անդակո», «Պոլիտան»  «ԼԴԼ», «ՍԱՍ» ընկերությունների ներկայացուցիչները:

Վերջինիս կողմից իրականացված խախտման մասին գրել ենք  փետրվարի 28-ին։ «Հենց հաջորդ օրը իրենք («ՍԱՍ» ընկերությունը, հեղ) ներկայացրել  են մակնշման օրինակներ,  մենք այդ խանութները նայել ենք, և այդ ապրանքներն այժմ մակնշված տարբերակով են»,-ասաց Վ․Դանիելյանը՝ ավելացնելով, որ դրանով չեն սահմանափակվելու և շարունակական աշխատելու են։

Խոսելով  «Անդակո» ընկերության ապրանքների՝ EAC նշանը չունենալու մասին,  Վ Դանիելյանը հավաստիացրեց, որ ընկերությունը ՍԱՊԾ-ին  տրամադրել է համապատասխանությունը հավաստող բոլոր հայտարարագրերը (որոնք, ինչպես վերևում նշեցինք, մեզ չտրամադրվեցին), և նշանի բացակայությունը զուտ տեխնիկական խնդիր է:

Ինչ վերաբերում է շուկայում առկա և առանց EAC նշանի վաճառվող ձուկ, ձկնամթերք սննդատեսակի վաճառքին, Վ Դանիելյանը  հայտնեց,  որ ՄՄ ՏԿ 021/2011 կանոնակարգը չի տարածվում դրանց վրա, և տվյալ խմբի ապրանքնատեսակները գնահատման ենթակա են ազգային օրենսդրության պահանջով։

«Մենք 100 % -ով չենք կարող բացառել, որ շուկայում նման խնդիր չի լինի․ աշխատակիցների անփութության հետևանքով չի բացառվում, որ լինեն ապրանքներ, որոնց վրա բացակայի հայերեն մակնշումը»,- ասաց տեսչության պետը։

Այն նկատառմանը, թե դա կարող է նաև նշանակել, որ ապրանքը շուկայում է հայտնվել առանց որևէ տեղ փաստացի հաշվառվելու, Վ. Դանիելյանը պատասխանեց, որ դա արդեն հարկային մարմինների խնդիրն է:

«Այն ապրանքները, որոնք որ հաշվառման ենթակա ապրանքներ են, դրանց վրա դրոշմապիտակներ են փակցվում,-ասաց նա։ -Մենք որպես մակնշման պահանջ դրոշմապիտակի պահանջը չենք դիտարկում»,-եզրափակեց նա։

 

Մենք կշարունակենք ուսումնասիրել շուկան, ինչպես նաև՝ հետևել նախկինում մեր արձանագրած խախտումներին՝ փոփոխվել են, թե ոչ։ Եթե դուք էլ արձանագրեք խախտումներ սննդամթերքի անվտանգության ոլորտում՝ գրեք մեզ info@hetq.am հասցեին կամ զանգահարեք՝  010 563 363 հեռախոսահամարով։


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված