Կիրակի, 17 նոյեմբերի

Արթուր Սարգսյանի դիահերձումը հետաձգելու միջնորդություն է ներկայացվել



Այսօր նշանակված էր «Հաց բերող» Արթուր Սարգսյանի դիահերձումը, սակայն տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները քիչ առաջ միջնորդել են այն հետաձգել: Նպատակը այդ պրոցեսում միջազգային անկախ փորձագետների ներգրավման ապահովումն է:  

«Համապատասխան սառեցման ռեժիմ ապահովելու պայմաններում դին կարելի է պահպանել մինչև շաբաթ: Ըստ մասնագետների, դա չի հանգեցնի հյուսվածքների այնպիսի քայքայման, որn անհնարին կդարձնի անհրաժեշտ հյուսվածքաբանական հետազոտությունների կատարումը: Ուստի, միջազգային անկախ փորձագետների մասնակցությունն ապահովելու համար միջնորդել ենք ևս մի քանի օրով հետաձգել դիահերձման կատարումը»,- «Հետքին» փոխանցեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը: 

Նա տեղեկացրեց, որ միջազգային անկախ փորձագետների մի ամբողջ ցանկ են ուղարկել Քննչական կոմիտե՝ միջնորդելով ապահովել նրանցից երկուսի ներկայությունը: 

Ինչպես հայտնի է, Քննչական կոմիտեն բավարարել է Արթուր Սարգսյանի դիակի դատաբժշկական փորձաքննությանը միջազգային անկախ փորձագետներ հրավիրելու` տուժողի իրավահաջորդ ճանաչված Արսեն Սարգսյանի`Արթուր Սարգսյանի եղբոր և նրա ներկայացուցիչների միջնորդությունը:

Ավելին, Քննչական կոմիտեի՝ երեկ տարածած մամուլի հաղորդագրության մեջ նշված է. «Ներկայումս քննարկվում է տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների վկայակոչած միջազգային փորձագետներին՝ փորձաքննության կատարմանը մասնակից դարձնելու հարցը»։ 

Ըստ Տիգրան Եգորյանի` միջնորդության բավարարումն ինքնին ենթադրում է պետության դրական պարտավորության ստանձնում: «Եվ այդ բեռը չի կարող դրվել Արթուր Սարգսյանի հարազատների կամ իրավահաջորդի ներկայացուցիչների վրա: Հույս ունեմ, որ պետությունը բոլոր անհրաժեշտ ջանքերը  կգործադրի այդ ուղղությամբ՝ ապահովելով նրանց մասնակցությունը»,- արձանագրեց փաստաբան Եգորյանը:

Տիգրան Եգորյանը փոխանցեց, որ իր ունեցած տեղեկատվությամբ, այդ գործընթացն ընթացքի մեջ է:

Տիգրան Եգորյանի և Դավիթ Գյուրջյանի ներկայացրած միջնորդության մեջ մասնավորապես ասվում է. «Այսօր  նախատեսված է Արթուր Սարգսյանի դիահերձման գործողությունը ժամը 13.00-ին, որը հետաձգվեց միջազգային փորձագետների ներգրավումն ապահովելու նպատակով: Այժմ մենք տեղեկացվեցինք, որ ժամկետների սղության պատճառով (փորձագիտական կենտրոնի կարծիքով՝ դիահերձումը պիտի տեղի ունենա մահվանից 48 ժամվա ընթացքում՝ հյուսվածքների պահպանման նպատակով) նրանց ներգրավման անհնարինության պատճառով դիահերձումն, այնուամենայնիվ, նախատեսվում է  իրականացնել այսօր: 

Հաշվի առնելով, մեր կողմից մի քանի միջազգային անկախ դատաբժիշկների հետ իրականացված խորհրդակցությունները, որոնց արդյունքում վերջիններս հավաստիացրել են մեզ, որ համապատասխան պայմաններում՝ 0-4 աստիճան ըստ ցելսիուսի, դին կարելի է պահպանել մինչև մեկ շաբաթ տևողությամբ, և դա չի հանգեցնի հյուսվածքների այնպիսի քայքայման, որն անհնարին կդարձնի լաբորատոր հյուսվածքաբանական/գիսոլոգիական հետազոտությունների արդյունավետ կատարման անհնարինության, 

Միջնորդում ենք

Հետաձգել Արթուր Սարգսյանի դիահերձման գործողությունը՝ ապահովելու համար միջազգային անկախ դատաբժիշկ փորձագետների ներգրավումը, չստվերելով փորձաքննության թափանցիկությունն ու վստահելիությունը»:

Քիչ առաջ Տիգրան Եգորյանը մեզ հաղորդեց, որ վարույթն իրականացնող մարմնից իրենց փոխանցել են` դիահերձման պրոցեսի տեսանկարահանումն արգելվել է:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված