Հինգշաբթի, 14 նոյեմբերի

Ազատազրկված լեյտենանտ. «Երբվանի՞ց է պարեկին արթնացնելու փորձը համարվում վտանգավոր արարք»



«Ինձ համար շարունակում է անհասկանալի մնալ, թե ինչու եմ մինչ օր գտնվում անազատության մեջ»,-Վերաքննիչ դատարանում երեկ հայտարարեց լեյտենանտ Արամ Աղայանը:

Լեյտենանտը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից (նիստերն անցկացվել են Ստեփանակերտում) դատապարտվել է 2 տարի 6 ամսվա ազատազրկման զինվոր Ռուդիկ Գրիգորյանին առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք պատճառելու համար: Կալանքը կրել է Շուշիի բանտում: Անցած ամիս է տեղափոխվել Երևան: Այժմ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է:

Տուժողը որևէ բողոք չունի

Հատկանշական է, որ Ռուդիկ Գրիգորյանը որևէ բողոք չունի Աղայանի դեմ, հակառակը՝ «Հետքի» հետ զույցում Ավագ Գիրգորյանը՝ Ռուդիկի հայրը, նշեց. «Չունենք որևէ խնդիր, բողոք, պարտք ու պահանջ Արամի հանդեպ: Իմ տղան էլ շեշտեց դատարանում, որ մտերիմ են եղել»: Ավելին՝ նա մեզ հետ զրույցում ընդգծեց. «Արամ Աղայանը չի արել որևէ բան, որի համար պիտի պատասխանատվություն կրի»:

Արամ Աղայանը ծնվել է 1991թ., Նոր Հաճն քաղաքում: Միջնակարգ կրթությունը ստացել է Նոր Հաճնի թիվ 3 միջնակարգ դպրոցում: Զուգահեռաբար հաճախել է կարատեի դեռևս 5 տարեկանից: Դպրոցն ավարտել է գերազանցությումբ: Կրթությունը շարունակել է ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետում, կրկին գերազանցությամբ  ավարտել: Ապա սովորել է Արմենակ Խանփերյանցի անվան Ռազմաավիացիոն ինստիտուտում: Հանդիսանում է «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի անդամ: Ռազմահայրենասիրական ակտիվ գործունեության  համար պարգևատրվել է Պաշտպանության նախարարի, ԵՊՀ ռեկտորի, ինչպես նաև ԵԿՄ Շենգավիթ բաժանմունքի պատվոգրերով: Հրաժարվել է վիճակահանությունից և ինքնակամ մեկնել Շուշի:

«Հետքն» անդրադարձել է լեյտենանտի կալանավորմանը, մեղադրանքին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռին, փաստաբանի նշած խախտումներին ու Վերաքննիչ բողոքին: Վերաքննիչ դատարանից Արամ Աղայանի պաշտպան Արայիկ Պապիկյանն ու ինքը՝ Արամը խնդրում են բեկանել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտն ու կայացնել արդարացման դատավճիռ:

«Քերծվածքն այնքան փոքր է եղել, որ հոսպիտալում անգամ չեն նկատել»

Ըստ գործի նյութերի, 2015 թվականի սեպտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը հերթապահ, լեյտենանտ Արամ Աղայանը, տեսնելով, որ թիվ 1 պահակակետում պարեկ կարգված, շարքային Ռուդիկ Գրիգորյանը դեռ զորանոցում քնած է, գնացել է զորանոց` նրան արթնացնելու համար: Լեյտենանտը մի քանի անգամ հրելով փորձել է արթնացնել շարքայինին` հերթափոխը կատարելու համար: Արամն այսօր Վերաքննիչ դատարանի կազմին (դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ) ներկայացրեց, որ մի քանի անգամ պարեկին արթնացնել փորձելուց հետո զինվոր Գրիգորյանը պառկած տեղից հանկարծակի վեր է թռչել՝ դիպչելով Արամի ձեռքին կամ ժամացույցին. «Մութ էր, չեմ կարող հստակ ասել, թե որտեղին է կպել, հեռախոսիս լույսը վառեցի, տեսա, որ մի փոքր արյուն կա քթի վրա, առաջարկեցի լվացվել»,-նկարագրեց Արամ Աղայանը:  

Պաշտպան Արայիկ Պապիկյանն էլ, ներկայացնելով բողոքը՝ նշեց, որ հանցագործության դեպքն այստեղ բացակայում է: Ըստ պաշտպանի, գոյություն չունի նաև շարժառիթը:

«Ո՛չ մեղադրական եզրակացությամբ, ո՛չ Աղայանի մասնակցությամբ կատարված քննչական գործողություններերով, ո՛չ քրեական գործի նյութերով, ո՛չ էլ դատաքնությամբ չի հիմնավորվել բռնություն գործադրելու փաստը»,-ասաց պաշտպան Պապիկյանը՝ նշելով, որ պաշտպանական կողմի մատնանշած բոլոր խախտումները, սակայն, առաջին ատյանի դատարանը համարել է վրիպակներ՝ ոչ էական խախտումներ:

Սեպտեմբերի 9-ին նույն զինվորը բարձր ջերմություն է ունեցել, նրան տեղափոխել են հոսպիտալ: «Հոսպիտալում երբ ընդունում են, շատ մանրակրկիտ զննում են: Քերծվածքն այնքան փոքր է եղել, որ հոսպիտալում անգամ չեն նկատել: Այնտեղ ռազմական ոստիկանության աշխատակիցներն են եկել ու ինչ-որ դեպքի մասին հայտնել: Զորամասի հրամանատարն է ինձ զանգել, ասել, ինչի համար ես խփել զինվորի քիթը վնասել... ինձ ներկայացրել են կոտրել: Բանավոր կերպով մեղադրանքը էսպիսին էր՝ խփել ես զինվորի քիթը կոտրել: Ասում էի՝ թող փորձաքննության ուղարկվի... ասում էի, որ չեմ հերքում՝ արթնացնելու ժամանակ պատահական ձեռքս կպել է»,-պատմեց Արամ Աղայանը:

Միակ ականատես վկան ցուցմունք է տվել, թե ձայն չի լսել, նման բան չի տեսել, իսկ ինքը՝ զինվոր Գրիգորյանը, թե՛ իր նախաքննական, թե՛ դատաքննական ցուցմունքներում հերքել է այն բացատրությունը, հայտարարությունը, որը տվել է սկզբում՝ լինելով հոսպիտալում:  

Ինչպե՞ս են բացատրություն վերցրել զինվորից

«Տուժող Ռուդիկ Գրիգորյանը հետագայում ցուցմունք է տվել, թե բացատրության մեջ գրել է, որ Աղայանն է հարվածել, որպեսզի ռազմական ոստիկանության աշխատակիցները հեռանան: Իրենից բացատրություն վերցնողներին չի ասել, որ լավ չի զգացել և ի վիճակի չի եղել բացատրություն տալու, անգամ չի իմացել, թե ինչ է իրենից ենթադրում բացատրությունը: Տուժողը պատմել է, որ բերել են թուղթ, չեն ստիպել, ինքը մտածել է, որ պարտավոր է գրել և գրել է, չի իմացել, որ կարող էր նաև չգրել: Իրեն ոչ ոք չի նախազգուշացրել, որ կարող է գործ հարուցվել: Հուշել են, կազմել նախադասությունները»,-Վերաքննիչ դատարանում ներկայացրեց պաշտպան Պապիկյանը:

«Երբվանի՞ց է պարեկին արթնացնելու փորձը համարվում վտանգավոր արարք, անհասկանալի է՝ ինչպես կարելի է մարտական հերթափոխի ապահովմանն ուղղված արարքը համարել հանրորեն վտանգավոր, մի՞թե մարտական հերթափոխի կատարման նպատակներից մեկն էլ հանրության անվտանգությունը չէ»,-ընդգծեց  լեյտենանտը:

Դատավոր Ռուզաննա Բարսեղյանի հարցին, թե «որևէ մեկը որևէ անգամ, այսպես ասած, Ձեր հետևից ընկել է, ի՞նչն է պատճառը, որ ինչ-որ մեկը չեղածը փորձի վերագրել Ձեզ», Արամ Աղայանը պատասխանեց, որ մշտապես իր ծառայությամբ է զբաղվել. «Փորձել եմ իմ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ լինել ազնիվ, ենթականերիս նատմամբ՝ ուշադիր, հնարավոր է դա ինչ-որ մեկին դուր չի եկել, բայց կոնկրետ ինչ-որ բան այդ առումով չեմ կարող ասել»:

Զինվորական դատախազության ավագ դատախազ Հակոբ Մարտիրոսյանը, սակայն, գտնում է, որ բողոքը ենթակա է մերժման: Ըստ նրա, կայացված դատական ակտը կայացվել է լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննության արդյունքում, հետևաբար օրինական է:

Որպես տուժող ներգրավված Ռուդիկ Գրիգորյանը մարտի 23-ին Վերաքննիչ դատարանում կներկայացնի իր դիրքորոշումը: Այսօր նրան լսելու որոշում կայացրեցին Վերաքննիչ դատարանի դատավորներ Արմեն Դանիելյանը, Ռուզաննա Բարսեղյանն ու Կարինե Ղազարյանը: 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. Գեւորգ09:01 - 2 մարտի, 2017
Ընտիր տղա է երեւում լեյտենանտը, սակայն նախ պիտի սովորենք իրերը կոչել իրենց անուններով: Ինչ է նշանակում ,,վեր է թռչել ու քթով դիպչել լեյտենանտի ժամացույցին,,? Իսկ եթե տղամարդավարի ասի՝ ,, համբերությունս կորցրել ու խփել եմ, որովհետեւ համը հանել է: Հիմա խորապես զղջում եմ ու խնդրում կրածս պատիժը բավարար համարելով՝ թույլատրել շարունակել ծառայությունս,,: Ի վերջո դատավորն ինչու պիտի համաձայնվի որ իրեն շլանգի տեղ դնեն?
2. Ara02:36 - 3 մարտի, 2017
Ի՞նչ է նշանակում ,,առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք պատճառել,,... Աբսուրդ...
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված