Կիրակի, 20 հոկտեմբերի

ՍԱՊԾ պաշտոնյա․«Դա ինչ-որ մաքսանենգ ճանապարհով մտած սննդամթերք է»



«Հետք»-ը շարունակում է ուսումնասիրել սննդամթերքի շուկան: Վերջերս  մենք անդրադարձել էինք բարձր ռիսկայնությամբ սննդամթերքի մակնշումներին , որոնց վրա բացակայում էր ԵԱՏՄ տարածքում իրացվելու համար անհրաժեշտ EAC նշանը:


Այս անգամ մենք հայտնաբերել ենք շուկայում իրացվող սննդամթերք, որոնց վրա ոչ միայն բացակայել է EAC նշանը, այլև չի եղել նույնիսկ հայերեն մակնշում, ինչը «Սննդամթերքի անվտամգության մասին» օրենքի կոպիտ խախտում է. Հայաստանում իրացվող սննդամթերքը պետք է պարտադիր ունենա հայերեն մակնշում՝ անհրաժեշտ բոլոր տեղեկատվությամբ:

Բացի այդ այս ապրանքները չեն համապատասխանում նաև ԵԱՏՄ տարածքում իրացվելու համար անհրաժեշտ և ընդունված տեխնիկական կանոնակարգերին, մասնավորապես՝  «Պարենային ապրանքներն իրենց պիտակավորման մասով» (ՄՄ ՏԿ 022/2011) տեխնիկական կանոնակարգին:

Իրացման ցանցում հայտնված սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող նյութերը և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումները պետք է համապատասխանեն սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի տեխնիկական կանոնակարգերին և իրավական ակտերին, հակառակ դեպքում՝  չեն կարող հայտնվել շուկայում:

Առանց հայերեն մակնշման վաճառակետում հայտնված սննդամթերքը վկայում է, որ ապրանքը, նախքան վաճառակետում հայտնվելը չի անցել համապատասխան բոլոր շղթաները, որոնցից թերևս ամենակարևորը՝ դրանց անվտանգության հավաստումն է:
Բացի այդ, հայտնի չէ՝ ով է պատասխանատու սննդի որակի համար:

Իտալական «Fererro»  ընկերության  «Yogurette» շոկոլադները վաճառվում են  «ՍԱՍ» սուպերմարկետում (Իսահակյան փ. 35): Քաղցրավենիքը վաճառվում է առանց հայերեն մակնշման: Օրիգինալ մակնշումը գերմաներեն է: Այլ լեզուներով մակնշում չկա: 
Մենք քանիցս փորձեցինք պարզաբանում ստանալ «ՍԱՍ Գրուպ»-ի կայքում նշված հեռտախոսահամարներով, սակայն պատասխանող չկար:  Այցելեցինք  վերընշված հասցեում գտնվող «ՍԱՍ» սուպերմարկետ:

Խանութի մենեջերը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ՝ պատճառաբանելով, որ բացակայում է լրագրողական վկայականը, այնինչ պարզաբանում պահանջել ունի ցանկացած սպառող՝ առանց որևէ հատուկ վկայականի: Այնուհետև եկավ անվտանգության աշխատակիցն ու մեզ դուրս հրավիրեց: 

«Nestle» ընկերության «After Eight» և «Niedergger» շոկոլադների մակնշումը ևս գերմաներեն է: («ՍԱՍ» սուպերմարկետ, Մ․Մաշտոց 18)։
Դրանց վրա բացակայում է հայերեն մակնշումը:
«After Eight» շոկոլադների մեկ այլ տեսակի վրա  (քաշով ավելի մեծ ) առկա էր հայերեն մակնշում, որտեղ որպես ներկրող ներկայացված էր «ՍԱՍ Գրուպ»-ը:
«ՍԱՍ» սուպերմարկետի՝ Իսահակյան 35 մասնաճյուղի խանութում նույն՝ «After Eight»-ի վրա կա հայերեն մակնշում։

 

Նուշի յուղը խորհուրդ է տրվում օգտագործել մի շարք առողջական խնդիրների դեպքում:Այս 2 նուշի յուղերը հայտնաբերվել են Էջմիածնի  խանութներից մեկում՝ առանց հայերեն մակնշման:

Ավելին, խախտում կա նաև օրիգինալ մակնշման մեջ.անհրաժեշտ տեղեկությունը դրա բաղադրության՝ յուղի տոկոսի, սննդային արժեքի, հավելանյութերի մասին բացակայում էր:

«Real Value» նուշի յուղի պիտակից երևում է, որ այն արտադրվում է Դուբայում (ԱՄԷ): Ապրանքի շտրիխ կոդով, որպես արտադրող երկիր,  նշվում է ԱՄՆ և Կանադա:

«WELL’S» նուշի յուղի վրա նշված է, որ ապրանքը փաթեթավորված է Մադրիդում (Իսպանիա): Թե ով է յուղի արտադորղը, որտեղ է այն արտադրվել, ևս հայտնի չէ:

ՍԱՊԾ վարչության պետ. «Մեր համար առաջնայինն այն է, որ այդ խնդիրը վերացվի»

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետը՝ Վահե Դանիելյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ առանց հայերեն մակնշման սննդամթերքի առկայությունը վկայում է, որ տնտեսվարողը խախտել է օրենսդրության պահանջները։

«Կարող ենք ենթադրել, որ այդ տնտեսվարող սուբյեկտը եղել է անպատասխանատու, առանց մակնշման ապրանք է մտցրել շուկա: Ավելի վատ տարբերակը, որ դա ինչ-որ մաքսանենգ ճանապարհով մտած սննդամթերք է»,- ասաց նա:

Վ․Դանիելյանի խոսքերով՝ նման դեպքերին հանդիպելիս կասեցնում են տվյալ սննդամթերքի իրացումը, և տալիս հանձնարական՝ մակնշման պահանջները ապահովելու համար:

Այն հարցին, թե հայերեն մակնշման բացակայության դեպքում հնարավոր է լինում արդյոք պարզել՝ ով է ներկրողը, Վ. Դանիելյանը պատասխանեց, որ ՍԱՊԾ-ն կարող է հետագձելիության սկզբունքով պարզել ներմուծողին, եթե միայն ապրանքը մաքսանենգ ճանապարհով չի հայտնվել շուկայում: «Մենք հետագձելիության սկզբունքը ապահովելու մեխանիզմներն ունենք,- նշեց տեսչության պետը:- Այդ սկզբունքով փորձում ենք հասկանալ ՝ տվյալ ապրանքը ում կողմից  է ներմուծվել կամ արտադրվել, և հասցեական հանձարարական ենք տալիս խնդրի վերացման համար»:

Ըստ Վ. Դանիելյանի՝ խանութն ամեն դեպքում պատասխանատվության կենթարկվի է այն մասով, որ իրավունք չուներ նմանատիպ սննդամթերք վաճառել: Պատասխանատվության տեսակը կախված է կոնկրետ դեպքի քննությունից. « Մեր համար առաջնայինն այն է, որ այդ խնդիրը վերացվի: Գերնպատակը՝ տվյալ խախտման բացառումն է»,- ասաց նա:

Իսկ թե ինչ գործողություններ կիրականացնեն մեր արձանագրած խախտումների  հրապարակումից հետո, Վ.Դանիելյանը պատասխանեց, որ ուսումնասիրություն կսկսեն։

 «Մենք տվյալ արտադրողների մոտ կիրականացնենք դիտարկում, կտանք համապատասխան հանձնարարական խախտումները վերացնելու համար, անհրաժեշտության դեպքում՝ նրանք կենթարկվեն վարչական պատասխանատվության»,- ասաց Վ.Դանիելյանը:


Խնդրում ենք մասնակցել այս կարճ հարցմանը

Վահե Դանիելյանի լուսանկարը՝ իր ֆեյսբուքյան էջից։


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (1)
1. levon11:20 - 25 մայիսի, 2017
Ցավալի է բայց իրականում ոչ Վարդանը ոչ էլ Իշխանը չեն աշխատում և կորժանումեն Հայրենիքը
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված