ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

«Հաց բերողը» կմնա կալանքի տակ. Վերաքննիչ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը



«Հաց բերող» Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Վերաքննիչ դատարանի դատավոր Կարինե Ղազարյանը փետրվարի 23-ին մերժել է «Հաց բերող» Արթուր Սարգսյանի փաստաբանների բողոքը՝ կալանքը վերացնելու մասին՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը:

Փաստաբան Դավիթ Գյուրջյանը «Հետքին» տեղեկացրեց, որ դատավորն ընթերցել է միայն որոշման եզրափակիչ մասը: Հիմնավորումներին դեռ ծանոթ չէ, սակայն «ինչ հիմնավորմամբ էլ լինի, ողջամտության սահմաններում չի տեղավորվի, քանի որ հայտնի է, թե որքան անհիմն է կիրառվել հարկադրանքի այդ միջոցը»: Որոշումը փաստաբանները բողոքարկելու են նաև Վճռաբեկ դատարանում, թեև «որևէ ակնկալիք դատական այդ ատյանից չունենք»,-ասում է Դավիթ Գյուրջյանը:

Փաստաբանները բողոքարկել են նաև կրկնակի փորձաքննություն նշանակելու մասին որոշումը, խնդրել են Գլխավոր դատախազությանը վերացնել այդ որոշումը և անթույլատրելի ճանաչել դրա հիմքով ստացված ապացույցը:

Հիշեցնենք, որ մեկ ամսվա ընթացքում կատարվել է երկու դատաբժշկական փորձաքննություն: Ոչ միայն բժշկական կոնսիլիումի եզրակացությունն է եղել, այլև հունվարին ստացվել է հանձնաժողովային միջգերատեսչական փորձագիտական եզրակացություն, որը կրկին հաստատել է, որ Արթուր Սարգսյանի մոտ առկա Բեխտերևի հիվանդության ընթացքը անհամատեղելի է պատժի կրման հետ: Սակայն «Իզմիրլյան» ԲԿ-ում կատարվել է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն, որը փաստել է հակառակի մասին:

Գլխավոր դատախազությունում բողոքարկվել է նաև տեսակցության արգելանքի մասին որոշումը. «Երեք օր առաջ ենք բողոքարկել, դեռ լուր չունենք»:

Փետրվարի 9-ից կալանքի տակ գտնվող «Հաց բերող» Արթուր Սարգսյանը կալանավորման դեմ իր բողոքն է արտահայտում՝ բողոքի ծայրահեղ միջոց համարվող հացադուլով. նա ուղիղ կես ամիս՝ արդեն 15 օր հացադուլի մեջ է:

Փաստաբան Դավիթ Գյուրջյանը կեսգիշերից առաջ է տեսակցել Արթուր Սարգսյանին: Ասաց, որ Արթուրը գնալով հյուծվում է, երկու օր առաջ էլ դարձյալ արյան փսխումներ է ունեցել՝ այս անգամ ավելի երկարատև. «Օրվա ընթացքում մի քանի անգամ՝ սկսած ցերեկվա ժամը 2-ից մինչև երեկոյան 8-ը պարբերաբար»: Դավիթ Գյուրջյանը նշեց, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի բուժանձնակազմից այցելել են մի քանի անգամ, հորդորել, որպեսզի դուրս գա հացադուլից, «Սակայն դրա մասին չի էլ ուզում լսել»:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հուլիսին ՊՊԾ գնդում «Սասնա Ծռերին» հաց հասցրած Արթուր Սարգսյանը առաջին անգամ ձերբակալվել էր հուլիսի 31-ին, ապա՝ կալանավորվել: 6 ամիս անց՝ դեկտեմբերի 31-ին դատախազի որոշմամբ փոխվել էր նրա խափանման միջոցը. կիրառվել էր ստորագրություն՝ չհեռանալու մասին: Սակայն 40 օր անց՝ փետրվարի 9-ին նրան կրկին ձերբակալել ու կալանավորել են՝ նախաքննության մարմնի կանչով չներկայանալու հիմքով ու տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց», որտեղ մեկ օր անց՝ ի նշան կալանավորման դեմ բողոքի, հայտարարել է հացադուլ:

Արթուր Սարգսյանը մեղադրվում է պատանդներ պահելուն և զենք-զինամթերք տեղափոխելուն ու պահելուն օժանդակելու մեջ: Արթուր Սարգսյանի մոտ առկա է զինծառայության ընթացքում ստացած Բեխտերևի հիվանդություն, նա տարել է նաև ողնաշարի վիրահատություն՝ C1 և C2 մասնահատումով և պրոթեզավորմամբ, ունի  որովայնային գծային ճողվածք՝ բավականին մեծ չափի: 2-րդ խմբի հաշմանդամ է: Արցախյան պատերազմի ժամանակ սնունդ է մատակարարել ազատամարտիկներին ու ստացել վիրավորում: Ունի ֆիզիկական գործունեության սահմանափակումներ, հատուկ պայմանների կարիք: Նշենք, որ Բեխտերևի հիվանդությունը ներառված է պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում (Կառավարության 2006թ. 825-Ն որոշմամբ):  


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված