Կիրակի, 17 նոյեմբերի

«Հաց բերողը» կրկին արյան փսխումներ է ունեցել



«Արթուր Սարգսյանի կերակրափողի ճաքը կրկին բացվածք է տվել, արյան փսխումներ է ունեցել փետրվարի 15-ին: Ողնաշարի ու ոտքի ցավերը սաստկացել են, դեղամիջոց չի ընդունում, քանի որ առանց սնունդ ընդունելու դեղ ընդունելը կքայքայի աղեստամոքսային համակարգը... զգալի հյուծված էր»,-մեզ փոխանցեց «Հաց բերող» Արթուր Սարգսյանի պաշտպաններից Դավիթ Գյուրջյանը:

Փաստաբանը երեկ գիշերն է կարողացել տեսնել արդեն 9-րդ օրը հացադուլի մեջ գտնվող իր պաշտպանյալին: «Հետքին» պատմեց, որ գիշերը 1-ին է դուրս եկել նրա մոտից: Իսկ «Դատապարտյալների հիվանդանոց» կարողացել է մտնել մեկ ժամ քաշքշուկից հետո. «ՔԿՀ-ում պայուսակս էին փորձում խուզարկել, փաստաթղթերն էին ուզում խուզարկել, ստուգել թե որն է Արթուր Սարգսյանի գործին առնչվում, որը՝ ոչ»: Դավիթ Գյուրջյանը ստիպված առանց պայուսակի է ներս մտել:

Նա պատմեց, որ Արթուր Սարգսյանն առանձին է պահվում, բուժաշխատողներն հորդորում են նրան դուրս գալ հացադուլից, դեղերը ընդունել, գոնե ցավազրկողները: «Բայց դեղերի ընդունումն այս պահին կարող է ավելի վտանգավոր լինել»:

«Արթուր Սարգսյանի հանդեպ պետությունը դրսևորում է անմարդկային վերաբերմունք»,- հայտարարեց փաստաբանը:

Նա նշեց, որ նախ ապօրինի կալանավորումը, կրկնակի փորձագիտական եզրակացությունը՝ չգիտես որտեղից, պայմանների ապահովման անհնարինությունը փաստում են անմարդկային մոտեցման մասին. «Ոչ թե չեն ապահովում, այլ չեն էլ կարող ապահովել, քանի որ իր հիվանդությունների պատճառով մարդը կիսանստած վիճակում է քնում, հատուկ մահճակալ է պետք, մնացածի մասին էլ չեմ խոսում»:

Ինչ վերաբերում է Արթուր Սարգսյանի առողջության հետ կապված ՄԻ Եվրոպական դատարան ուղարկված միջանկյալ միջոցին (39 կանոնի համաձայն), ապա Դավիթ Գյուրջյանն ասաց, որ լուրեր մոտ օրերս կլինեն, պարզապես ավելի չմանրամասնեց՝ զուտ պաշտպանական մարտավարությունից ելնելով:

Արթուր Սարգսյանի հարազատները չեն կարող տեսակցել նրան, քանի որ տեսակցությունների արգելանք է դրված: Նրա մայրը՝ տիկին Դոնարան, հացադուլի օրերն էր հաշվում՝ ասելով, որ փետրվարի ոչ թե 10-ից, այլ 9-ից է տղան սոված. «Ամսի 9-ին եկան տանելու, նոր հաց էինք դրել, պիտի ուտեինք, ներս մտան, ձերբակալեցին տարան: Էրեխես 10-րդ օրն ա սոված»:

Դավիթ Գյուրջյանը փոխանցեց, որ Արթուրի դիրքորոշումը հստակ է՝ հացադուլով իր  բողոքն է հայտնում ապօրինի կալանավորման առնչությամբ:  

Գալով կալանավորման ապօրինությանը՝ Դավիթ Գյուրջյանն առանձնացրեց, որ վերջին մեկ ամսվա ընթացքում կատարվել է երկու դատաբժշկական փորձաքննություն: Ոչ միայն բժշկական կոնսիլիումի եզրակացությունն է եղել, այլև հունվարին ստացվել է հանձնաժողովային միջգերատեսչական փորձագիտական եզրակացություն, որը կրկին անգամ հաստատել է, որ Արթուր Սարգսյանի մոտ առկա Բեխտերևի հիվանդության ընթացքը անհամատեղելի է պատժի կրման հետ:

Սակայն «Իզմիրլյան» ԲԿ-ում կատարվել է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն, որը փաստել է հակառակի մասին, ինչի մասին վկայություն կա Գլխավոր դատախազության՝ օրերս արած պարզաբանման մեջ:

Ինչու է արվել կրկնակի փորձաքննություն հարցին, որևէ պատճառաբանություն չկա. ասում է Դավիթ Գյուրջյանը. «թերևս մեկ բառով նշված է որոշման մեջ՝ նախկին եզրակացությունը կասկած է հարուցում»:

Այժմ Արթուր Սարգսյանի պաշտպանները պատրաստվում են վիճարկել կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշամնակելու մասին որոշումը: Ըստ փաստաբան Գյուրջյանի, կրկնակի փորձաքննությամբ պարզապես փորձ է արվել ավելի ձեռնտու ապացույց ունենալ Արթուր Սարգսյանին նորից կլանավորելու համար:

Մեր դիտարկմանը, թե որքան հապշտապ են տրվել եզրակացությունները, քանի որ դեպքեր կան, երբ անգամ 6 ամիս են տևում դատաբժշկական փորձաքննությունները, փաստաբանը նկատեց, որ «Սասնա Ծռերի» գործերով տարօրինակ կերպով արագ են ստացվում փորձաքննությունների եզրակացությունները. «Երևի պայմանավորվածությունների հետևանք է»:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հուլիսին ՊՊԾ գնդում «Սասնա Ծռերին» հաց հասցրած Արթուր Սարգսյանը առաջին անգամ ձերբակալվել էր հուլիսի 31-ին, ապա կալանավորվել: 6 ամիս անց՝ դեկտեմբերի 31-ին դատախազի որոշմամբ փոխվել էր նրա խափանման միջոցը. կիրառվել էր ստորագրություն՝ չհեռանալու մասին: Սակայն 40 օր անց՝ փետրվարի 9-ին նրան կրկին ձերբակալել ու կալանավորել են՝ նախաքննության մարմնի կանչով չներկայանալու հիմքով ու տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց», որտեղ մեկ օր անց՝ ի նշան կալանավորման դեմ բողոքի, հայտարարել է հացադուլ:

Արթուր Սարգսյանը մեղադրվում է պատանդներ պահելուն, զենք-զինամթերք տեղափոխելուն ու պահելուն օժանդակելու մեջ: Արթուր Սարգսյանի մոտ առկա է զինծառայության ընթացքում ստացած Բեխտերևի հիվանդություն, նա տարել է նաև ողնաշարի վիրահատություն՝ C1 և C2 մասնահատումով և պրոթեզավորմամբ, ունի  որովայնային գծային ճողվածք՝ բավականին մեծ չափի: 2-րդ խմբի հաշմանդամ է: Արցախյան պատերազմի ժամանակ սնունդ է մատակարարել ազատամարտիկներին ու ստացել վիրավորում: Ունի ֆիզիկական գործունեության սահմանափակումներ, հատուկ պայմանների կարիք: Նշենք, որ Բեխտերևի հիվանդությունը ներառված է պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում (Կառավարության 2006թ. 825-Ն որոշմամբ):

Հ.Գ. Հրապարակումից հետո արձագանքեցին ԱՆ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից` նշելով, որ Արթուր Սարգսյանը արյան փսխումներ չի ունեցել: Ինչ վերաբերում է մահճակալին, ապա այն ֆունկցիոնալ է:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (3)
1. Հասմիկ Ա. Ա.16:57 - 18 փետրվարի, 2017
Այս ՄԱՐԴՈՒ կործանումը չի մարսի ստոր իշխանությունը: Դեռևս ուշ չի դրությունը փրկելու համար, կա'նգ առ, հանցագո'րծ:
2. Աննա16:06 - 19 փետրվարի, 2017
Հանրային գույքի, մասնավորապես այս դեպքում հանրային հիվանդանոցի վաճառքը եկեղեցուն, այսինքն ըստ էության առողջապահական համակարգի մասնավորեցումը Գարեգին Բ֊ի կլանին, այլ հետևանքի չէր կարող բերել։ Իզմիրլյան կենտրոնը պատկանում է եկեղեցուն, ողջ պետպատվերը գնում է սրանց գրպանը, պլյուս հիվանդներից թալանածը այդ անմարդկային սակագներով։ հիմա, այս մաֆիայի բնօրրանից ի՞նչ առողջապահություն կարելի է ակնկալել։
3. Լեվ Ավշարյան12:50 - 22 փետրվարի, 2017
Արտուր ջան,Աստված այսպես քեզ չի թողնի և իմացիր որ արածը շատ մեծ ԲԱՐԻ գործ է եղել:Ամեն օր մտածոմ ու անհանգստանում եմ ձեր և ձեր առողջականի մասին:Շատ եմ ուզում ձեզ ՀԱՑ ու ամեն ինչ բերեմ և չեմ ուզում որ դուք ձեզ սպառեք ադպես:Խնդրում եմ գոնե Աստծու տվաց ՀԱՑԸ կերեք:Պատրաստ ձեզ իմ փոքրիկ հանգամանգությունս անել ու ձեր կողքին լինել:Արտուր ջան,ինքս շատ դժվար կյանք ու օրեր եմ տեսել ու չեմ ուզում սոված մնաս քաղցած և պատրաստ եմ ձեզ ամեն ինչ բերեմ որ ուժ ու ամրություն ունենաք:Մեծ սիրով ուզում եմ դա անել ու ձեր կողքին լինել:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված