Երեքշաբթի, 12 նոյեմբերի

«Սա բնորոշ է ամենաբռնապետական երկրներին». իրավապաշտպանը՝ ՔԿՀ-ներում փաստաբանների գործունեության սահմանափակումների մասին



Փաստաբանների հանդիպումներն իրենց պաշտպանյալների հետ խոչընդոտելը  վտանգավոր ու աննախադեպ երևույթ է համարում իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Ըստ Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Իշխանյանի, փաստաբանների գործունեության սահմանափակումները ՔԿՀ-ներում ո՛չ Քրեակատարողական վարչության, ո՛չ էլ Արդարադատության նախարարության որոշումը չեն. «Սա քաղաքական որոշում է՝ «վերևից» իջեցված, ուղղակի ամբողջ կուժն ու կուլան կոտրվելու է ՔԿՎ-ի ու ԱՆ-ի գլխին»,- կարծում է իրավապաշտպանը: Նրա գնահատմամբ, նման սահմանափակումները հերթական անգամ ցույց են տալիս, որ իշխանությունների անկախություն, ինքնուրույնություն, տարանջատում չկա. «պարզապես կատարվում է քաղաքական հրահանգ»:

Բանն այն է, որ վերջին օրերին քաղաքական, հասարակական հնչեղություն ունեցող գործերով ներգրավված մի խումբ փաստաբաններ բարձրաձայնում են՝ իրենց մասնագիտական գործունեությունը խոչընդոտվում է ՔԿՀ աշխատակիցների կողմից: Մասնավորապես, հայտարարություններ ու հրապարակումներ են տարածվել ՔԿՀ աշխատակիցների կողմից խուզարկության փորձերի, փաստաբանների մոտ առկա փաստաբանական գաղտնիք պարունակող փաստաթղթերին ծանոթանալու մասին: 

«Սա բնորոշ է ամենաբռնապետական երկրներին, նույնիսկ կիսաժողովրդավարական երկրներում նման բան գոյություն չունի»,-ասում է իրավապաշտպանը՝ ավելացնելով՝ նշանակում է՝ մարդու տարրական իրավունքը սկսում է չգործել:

Վերադարձ 20-25 տարի ե՞տ

1990-ականների քրեական գործերում հաճախ եմ տեսել, թե ինչպես է փաստաբանի մուտքը ՔԿՀ, մասնակցությունը այս կամ այն քննչական գործողության թույլատրվել դատախազի գրությամբ: Այդպես էր, քանի որ այն ժամանակ դեռ գործողության մեջ էին սովետական շրջանի՝ 1961 թ-ի քրեական արդարադատության օրենսդրությունը (չնայած Գերագույն խորհրդի կողմից ընդունված անցումային որոշ դրույթների): Սակայն հետագայում նման կարգը վերացավ: Հայաստանը միացավ մարդու իրավունքների պաշտպանության տարբեր միջազգային կոնվենցիաների, որոնք գերակա ուժ ունեն իրավական ակտերի հիերարխիայում:

«Փաստորեն 20-25 տարի հե՞տ ենք գնում»,-հարցնում եմ իրավապաշտպանին: «Ավելի շատ, քանի որ հին մտածողությունը չի փոխվել»,-պատասխանում է նա:

Ո՞րն է Քրեակատարողական հիմնարկի հիմնավորումը

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը պարզաբանել է՝ վկայակոչելով նաև   կառավարության 2006-ին ընդունած թիվ 1543-Ն որոշումը, մասնավորապես 88-րդ կետը, որով սահմանվում է. «Սույն կանոնակարգով արգելված իրերի, առարկաների և սննդամթերքի (N 2 ձև) ներթափանցումը, ինչպես նաև քրեական գործի քննությանը խոչընդոտելը կամ նոր հանցագործություն կատարելը կանխարգելելու նպատակով կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից իրականացվում են կալանավորված անձանց, դատապարտյալների, ինչպես նաև կալանավորվածներին պահելու վայր և ուղղիչ հիմնարկ մուտք ու ելք ունեցող այլ անձանց անձնական խուզարկություններ, կալանավորված անձանց կամ դատապարտյալների խցերի կամ կացարանների խուզարկություններ, կալանավորված անձանց կամ դատապարտյալների իրերի զննումներ և առգրավումներ»:

Արդյո՞ք ՔԿՀ-ներում կարգը 10 տարի խախտել են

Հետևաբար հարց է առաջանում՝ ինչո՞ւ են քրեակատարողական հիմնարկներում նոր հիշել դեռևս վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կողմից ստորագրված կարգի մասին, ավելին՝ այն փորձել տեղայնացնել փաստաբանների գործուներության մեջ: Ստացվում է մինչ օրս՝ 10 տարի, խախտվե՞լ է կարգը: Եթե այդպես է՝ ինչո՞ւ չի հետևում պատասխանատվություն խախտողների հանդեպ:

«Բանտերից արված հայտարարությունները խիստ անհանգստացնում են իշխանություններին»

Իշխանյանի կարծիքով, նման սահմանափակումներ դեռ արվում են քաղաքական հնչեղություն ունեցող գործերի և քաղբանտարկյալների նկատմամբ, քանի որ  «բանտերից արված հայտարարություններն ու հրապարակումները խիստ անհանգստացնում են իշխանություններին, բայց կտարածվի նաև մյուս գործերի վրա՝ ճնշումներ կամ ցուցմունքներ կորզելու համար»:

ՄԻ պաշտպան. «Փաստաբանը պաշտպանված է նաև խուզարկությունից»

Այսօր ստեղծված իրավիճակին գնահատական է տվել նաև ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը՝ հայտարարության մեջ նշելով. «Փաստաբանների մասնագիտական աշխատանքը և հատկապես՝ նրանց աշխատանքը քրեակատարողական հիմնարկում ենթակա է բարձր պաշտպանության: Իրավաբանական օգնությանը, փաստաբանական գաղտնիքին առնչվող փաստաթղթերը կամ տեղեկատվական կրիչներն անձեռնմխելի են: Դրանք չեն կարող հասանելի լինել նաև քրեակատարողական ծառայողներին: Փաստաբանը պաշտպանված է նաև խուզարկությունից իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս: Այս երաշխիքներն ինքնանպատակ չեն. դրանք կոչված են ապահովելու փաստաբանի անխոչընդոտ աշխատանքը և իրավաբանական օգնության կարիք ունեցող անձի իրավունքների լիարժեք իրացումը»:

Անարգել տեսակցելու իրավունք

«Փաստաբանության մասին» օրենքի 18 հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ փաստաբանն իրավունք ունի. «Առանձին, խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցելու իր պաշտպանյալի հետ` առանց տեսակցությունների թվի և տևողության սահմանափակման, այդ թվում` տեսակցությանը հրավիրելու արտոնագրված թարգմանչի, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով»:

Ազատազրկման վայրերում անարգել տեսակցությունների իրավունք տրված է նաև մի խումբ անձանց «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 48-րդ հոդվածով. նրանք են՝ ՀՀ նախագահը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, սահմանադրական դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը, պատգամավորը, պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը կամ նրա համապատասխան տեղակալը, գլխավոր դատախազը, նրա տեղակալները, ինչպես նաև այն դատախազները, ովքեր օրենքով սահմանված կարգով հսկողություն են իրականացնում պատիժներ և հարկադրանքի այլ միջոցներ կիրառելու նկատմամբ, ձերբակալվածներին պահելու վայրի և կալանավորվածներին պահելու վայրի վերադաս մարմինների պաշտոնատար անձինք, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա, մարդու իրավունքների պաշտպանը, արգելանքի և կալանքի տակ պահելու կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդները: Անգամ օրենքը սահմանում է, որ օրենքով նախատեսված դեպքերում առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք կարող է տրվել նաև այլ անձանց:

2016-ից սահմանափակվել են նաև պատգամավորների ու դիտորդական խմբի տեսակցությունները

Թեպետ պատգամավորներն ու դիտորդական խումբն ազատազրկման վայրեր անարգել մուտք գործելու իրավունք ունեն օրենքով, այդուհանդերձ 2016 թ-ից սկսած թե՛ առանձին պատգամավորներ, թե ՔԿՀ-ներում հասարակական դիտորդական խմբի անդամներ բարձրաձայնում են, որ նախաքննական մարմինների կողմից տեսակցությունների արգելանք դրած անձանց տեսնելու հետ կապված խնդիրներ են ունենում:

Դիտորդական խումբը գործում է 2005 թվականից, սակայն երբևէ նման լայնածավալ խոչընդոտներ չեն եղել, որպիսիք գրանցվել են 2016-ին: Այս գնահատականը տվել էր հենց դիտորդական խումբը: «Անգամ մարտի 1-ի դեպքերից հետո դիտորդական խմբի գործունեության նման սահմանափակումներ չեն եղել»,-նշեց իրավապաշտպանը:

Բոյկոտ, գործադուլ

Լուծումն, ըստ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի, կարող է լինել փաստաբանական համայնքի բոյկոտը. «Օրինակ, փաստաբանները բոյկոտեին բոլոր գործերով ու գործադուլ անեին»: 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. Ս. Սարգսյան13:39 - 17 փետրվարի, 2017
Փաստաբանների պալատը վերածվել է հերթական պետական հիմնարկի, քանի որ պալատի նախագահի իրեն չինովնիկի դերում է պատկերացնում, ստեղծել է աննպատական վարչություններ, բաժիններ, խորհրադականների հաստիքներ, պալատ է բերել նախկին դատախազների, քննիչների, չեկիստների, սրանք էլ իրենց հետ բերել են իրենց բարքերը: Փաստաբանը պետք է լինի ԼՐԻՎ անկախ: ՔԿՀ, դատական ատյանի, դատախազության ներկայիս աշխատողները պետք է հասկանան, որ իրենք էլ են մի օր գալու փաստաբանի դուռը՝ որպես ամբաստանյալ: Եթե այսօր իրենք խոչնդոտում են փաստաբանի աշխատանքին, վաղը իրենց գործով իրենց ստեղծած կանոնակարգը իրենց նկատմամբ կկիրռաեն:
2. Տ. Մարգարյան13:42 - 17 փետրվարի, 2017
Գործադուլը ճիշտ գաղափար է. Ֆրանսիայում, օրինակ, դա փաստաբանների իրավունքների ամենաարդյունավետ միջոցն է: Հայաստանում էլ պետք է հասկանան, որ սերժիկը ցանկացածին կես ճանապարհին կարող է թողնել, լինի ՔԿՀ բանտապահ, պետիկ, դատավոր, դատաղազիկ կամ չեկիստ, իսկ սրանց վերջին կանգառը փաստաբանի գրասենյակն է:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված