Հինգշաբթի, 05 դեկտեմբերի

Ինչո՞ւ բժիշկը չի այցելել Գևորգ Սաֆարյանին



Քաղաքացիական ակտիվիստ, «Նոր Հայստան» շարժման անդամ, 1 տարուց ավելի «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Գևորգ Սաֆարյանի ընտանիքն անհանգստացած է. կալանավորումից 2 ամիս անց Գևորգի ձախ ծունկը սկսել է ցավել: Նրա եղբայրը՝  Արմո Սաֆարյանն ասում է, որ տեսակցությունների ժամանակ նկատել է՝ Գևորգը կաղալով է քայլում, ենթադրում են՝ բռնությունների հետևանք է:

Երեկ վնասվածքաբան հրավիրելու նրանց քայլերն անհաջողությամբ են ավարտվել: Արմո Սաֆարյանը մեզ պատմեց, որ թեպետ «Իզմիրլյան» ԲԿ-ի վնասվածքաբան Մաքսիմ Բադասյանի հետ ունեցել են «Նուբարաշեն» ՔԿՀ գնալու պայմանավորվածություն, այնուամենայնիվ այցից առաջ Արմո Սաֆարյանին տեղեկացրել են, որ ՔԿՀ գնալու խնդիր կա: Գևորգի եղբայրը հանդիպել է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի տեղակալ Տիգրան Նալբանդյանի հետ: «Տիգրան Նալբանդյանը սկզբում ասաց, որ նման կարգ չկա, որ ՔԿՀ այց կատարվի»,-պատմեց Արմո Սաֆարյանը:

Տնօրենի տեղակալի պատասխանից հետո Գևորգի եղբայրը  ցույց է տվել ԱՆ ՔԿ վարչության պետի տեղակալ Արսեն Համբարձումյանի գրությունն՝ ուղղված Գևորգի փաստաբան Տիգրան Հայրապետյանին, ըստ որի Գևորգին կարող է զննել ընտանիքի նախընտրած բժիշկը: ՔԿՎ պետի տեղակալի գրությունը կարդալուց հետո, ըստ Արմո Սաֆարյանի, Տիգրան Նալբանդյանն ասել է՝ թույլ չեմ տա, որ իմ բժիշկն այցելի քրեակատարողական հիմնարկ. «Ես էլ հայտարարեցի՝ համարում եմ, որ հրաժարվում են բուժօգնություն ցույց տալ Գևորգ Սաֆարյանին»: Ըստ Արմոյի, սա ուղղակի խտրական վերաբերմունք է:

Մենք զրուցեցինք «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի տեղակալ Տիգրան Նալբանդյանի հետ, ով չցանկացավ հարցազրույց տալ, միայն նշեց, որ գոյություն ունի համապատասխան կարգ, և իրենք պարտավոր են առաջնորդվել այդ կարգով, որ որևէ գրություն իրենց կենտրոնը չի ստացել:

Գևորգ Սաֆարյանի փաստաբանն էլ ի պատասխան նշեց, որ իր պաշտպանյալը նեղ մասնագետի կարիք ունի, որ ինքն անձամբ է հանդիպել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժշկի հետ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նեղ մասնագետը կհրավիրվի, սակայն պարզվել է, որ վերադասության խնդիր կա:  

«Մինչ նման հարցեր են քննարկվում, Գևորգ Սաֆարյանի ծնկի ցավը չի թուլանում, բացի այդ՝ խախտվում է Գևորգ Սաֆարյանի պատշաճ բուժօգնություն ստանալու իրավունքը»,- ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանը:  

Արմո Սաֆարյանն էլ նշեց, որ կփորձեն գրավոր դիմել բուժ. հաստատությանը կամ դիմել այլ մասնագետի: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված