ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

Արթուր Մկրտչյան. «Ստացվում է՝ 20 տարվա մեջ քրեակատարողական համակարգը զրո արդյունք է գրանցել»



Նախկին զինծառայող, 18 տարեկանից բանտում գտնվող Արթուր Մկրտչյանը 20 տարի անց պայմանական ազատություն չի վերադառնա: Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը՝ Մխիթար Պապոյանի նախագահությամբ, մերժեց ցմահ դատապարտյալի ու նրա պաշտպան Ռոբերտ Ռևազյանի վերաքննիչ բողոքը:

«Էս 20 տարիներին արդեն 20 ցմահ դատապարտյալ հատել է պատժի 20 տարվա շեմը, բայց ոչ մեկին պայմանական չեն ազատել: Ստացվում է՝ 20 տարվա մեջ քրեակատարողական համակարգը զրո արդյունք է գրանցել, քանի որ ասում եք՝ որևէ մեկը չի ուղղվել 20 տարվա մեջ»,-դատարանում հայտարարեց Արթուր Մկրտչյանը:

Փաստաբան Ռևազյանը դատարանին նեկայացրեց, որ «Նուբարաշենի» վարչական հանձնաժողովը չի պատճառաբանել, չի հիմնավորել, թե ինչու է մերժում Արթուրին պայմանական ազատման ներկայացնել: Փաստաբանն ընդգծեց, որ վարչական ակտի պատճառաբանված լինելը օրենքի պահանջ է, որը չի պահպանվել: 

«Նուբարաշեն» ՔԿՀ ներկայացուցիչ Մաճկալյանը նշեց, որ Արթուր Մկրտչյանը պատժի կրման 20 տարիների ընթացքում ունեցել է 9 կարգապահական տույժ: Արթուրն էլ հակազդեց, թե տույժերը մարելու ժամկետներ կան. «Օրինակ, 2000 թ-ի տույժի համար ստացվում է, որ կրկնակի պատժում եք»:

«Նուբարաշեն» ՔԿՀ ներկայացուցիչը նշեց, որ վերջերս ՔԿՀ-ում բացվել է սպորտային սենյակ, և Արթուր Մկրտչյանը հաճախում է, նաև մասնակցում հոգեբանական աշխատանքներին: «Բայց ուսումնական ու աշխատանքային ծրագրերում ներառված չէ»: Փաստաբան Ռևազյանն էլ պատասխանեց, որ բուհում հեռակա ուսում ստանալը վճարովի է, աշխատանքներ կատարելն էլ ՔԿՀ-ն չի ապահովում: «ՔԿՀ-ն աջակցում է դատապարտյալների կամավոր նախաձեռնություններին»,-պատասխանեց Մաճկալյանը: Արթուր Մկրտչյանն էլ նշեց, որ 20 տարվա մեջ 2 միջոցառում է եղել բանտում, որոնցում ընդգրկվել են ցմահ ազատազրկման դատապարտվածները:

Պայմանական ազատման չներկայացնելու մեկ այլ պատճառ էլ նշվեց՝ վերաբերմունքը մեղադրանքին: Արթուր Մկրտչյանը 20 տարի պնդում է, որ չի կատարել համածառայակիցների սպանություն: Վերաքննիչ դատարանում էլ նշեց. «Ես երբեք չեմ ընդունել ինձ վերագրվող հանցանքը: Եթե դա պիտի առիթ, պատճառ լինի ու էդ հիմքով իմ պայմանական ազատումը մերժեն, թող մերժեն»:

Դատախազ Վահան Հարությունյանը նշեց, որ ներկայացված բնութագրով դատապարտյալը չի կարող պայմանական ազատվել:

«Հետքը» դատարանների կենտրոնական արխիվում ուսումնասիրել էր Արթուր Մկրտչյանի քրեական գործը, նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հարցազրույց վարել նրա հետ: 5 համածառայակիցների սպանության մեղադրանքով ազատազրկված Արթուրը 1996 թ.-ին, նախաքննության փուլում, ինքնախոստովանական ցուցմունք է տվել խոշտանգումներից ու բռնություններից հետո: Խոշտանգել են ոչ միայն իրեն, այլև հարևան զորամասերից մեկում ծառայող եղբորը, քրեական գործ են հարուցել նրանց հոր՝ Համբարձում Մկրտչյանի նկատմամբ: Դատարանում, սակայն, Արթուրը սկսել է խոսել. պատմել է, որ Կոթիի զորամասի դիրքեր դեպքի օրը՝ 1996թ. հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը եկել է ՊՆ համարանիշներով «Նիվա» մակնիշի մեքենա, որ եղել է զենքի առևտուր, որ ինքը սպանության հետ կապ չունի: Բայց դատարանը արժանահավատ չի համարել Արթուրի ցուցմունքը՝ նշելով, որ նա պատասխանատվությունից է փորձում խուսափել: Սակայն 19 տարի անց նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը «Հետքի» հետ զրույցում հաստատեց Արթուրի ցուցմունքը՝ պնդելով և հայտնելով օպերատիվ տվյալներ, որ, այո, դիրքերում օտար մարդիկ են եղել սպանության գիշերը: Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, փաստաբան Ռոբերտ Ռևազյանը նոր երևան եկած հանգամանքների հիմքով անցյալ տարի վիճարկեց այս գործը, սակայն թե գլխավոր դատախազությունը, թե դատարանները այն բավարար հիմք չհամարեցին 19 տարվա վաղեմության գործը վերաբացելու համար:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված