Հինգշաբթի, 14 նոյեմբերի

Հաց բերողին տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց». նա կալանավորված է



Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը բավարարել է ՀՔԾ քննիչի միջնորդությունը՝ Արթուր Սարգսյանին կալանավորելու մասին: Այս մասին «Հետքին» հայտնեց Արթուրի եղբայրը՝ Արսեն Սարգսյանը՝ նշելով, որ եղբորը տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց»:

«Էսօր Արթուրի աղջկա ծննդյան օրն էր, «նվեր» արեցին»,-ասաց Արսեն Սարգսյանը՝ ավելացնելով, որ կանխազգում էր կրկնակի ձերբակալությունն ու կալանքը:

ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը «Հետքին» հայտնեց, որ Արթուր Սարգսյանին ձերբակալելու որոշում է կայացվել՝ հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածը: Ըստ որի՝ եթե մեղադրյալը խախտում է իր նկատմամբ կիրառված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի պայմանները, ապա քրեական վարույթն իրականացնող մարմինն իրավունք ունի որոշում ընդունել տվյալ անձին ձերբակալելու մասին: Ըստ նախաքննական մարմնի,  «Արթուր Սարգսյանը բազմիցս խախտել է այդ պայմանները»։

Արթուր Սարգսյանի փաստաբան Տիգրան Եգորյանը «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում հայտնել է, որ քննիչին փետրվարի 3-ին ներկայանալու փոխարեն պայմանավորվածություն է ծեռք բերվել փետրվարի 6-ին ներկայանալու մասին, ինչը կատարվել է: Բայց դրանից հետո որոշում է կայացվել «Հաց բերողին» ձերբակալերու մասին:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հուլիսին ՊՊԾ գնդում «Սասնա Ծռերին» հաց հասցրած Արթուր Սարգսյանը առաջին անգամ ձերբակալվել էր հուլիսի 31-ին, ապա կալանավորվել: 6 ամիս անց՝ դեկտեմբերի 31-ին դատախազի որոշմամբ փոխվել էր նրա խափանման միջոցը. կիրառվել էր ստորագրություն՝ չհեռանալու մասին: Արթուր Սարգսյանը մեղադրվում է մեղադրվում է պատանդներ պահելուն և զենք-զինամթերք տեղափոխելուն ու պահելուն օժանդակելու մեջ: Արթուր Սարգսյանի մոտ առկա է զինծառայության ընթացքում ստացած Բեխտերևի հիվանդություն, նա տարել է նաեւ ողնաշարի վիրահատություն՝ C1 և C2 մասնահատումով և պրոթեզավորմամբ, ունի  որովայնային գծային ճողվածք՝ բավականին մեծ չափի: 2-րդ խմբի հաշմանդամ է: Արցախյան պատերազմի ժամանակ սնունդ է մատակարարել ազատամարտիկներին ու ստացել վիրավորում: Ունի ֆիզիկական գործունեության սահմանափակումներ, հատուկ պայմանների կարիք: Նշենք, որ Բեխտերևի հիվանդությունը ներառված է պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում (Կառավարության 2006թ. 825-Ն որոշմամբ):


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված