Երկուշաբթի, 15 հուլիսի

Կամ հեղափոխություն, կամ մահ



Պրն Մանուկյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը: Ձեր կարծիքով, կոալիցիոն կառավարումը սոսկ նախագահին սատարած ուժերին իշխանությանը մասնակից դարձնելու փորձ էր, թե կառավարման այս մոդելը Հայաստանում կարող է իրոք կենսունակ լինել:

Պառլամենտական հանրապետություններում սա շատ բնական ձեւ է. շատ անգամ մի կուսակցություն չի կարողանում պառլամենտում մեծամասնություն վերցնել, հավաքվում են մի քանի կուսակցություն, որոնք գումարով մեծամասնություն ունեն եւ իրար միջեւ պորտֆելները կիսում են: Նախագահական համակարգում այն դարձյալ տեղ ունի, բայց այդքան էլ տարածված չէ։ Զուտ քաղաքական տեսակետից ես կարծում եմ, որ ճիշտ մոտեցում է։ Բայց պարզ է, որ նորմալ ընտրությունների ժամանակ ուրիշ ուժերի բաշխում կլիներ, եւ այն ուժերը, որոնք որ գումարով մեծամասնություն կվերցնեին, նրանց կողմից կոալիցիա ստեղծելը, կառավարություն ձեւավորելը դարձյալ ճիշտ կլիներ:

Ռոբերտ Քոչարյանը կուսակցություն չունի, այդ կուսակցությունները մեծապես պաշտպանեցին նրան նախագահական ընտրությունների ժամանակ, իրենք էլ իրենց հերթին նրա աջակցությունը ստացան պառլամենտական ընտրությունների ժամանակ մեծամասնություն կազմելու համար եւ կազմեցին կոալիցիա: Իհարկե, ներսում անընդհատ լինելու են վեճեր: Քաղաքական հարցերին նրանց մոտեցումները տարբեր են: Արտաքին քաղաքականության եւ, ընդհանրապես, քաղաքականության նկատմամբ այդ կուսակցությունները նույն կարծիքը չունեն: Բնականաբար, վեճեր լինելու են: Կադրային հարցերում, ինքներդ տեսաք, վեճեր կային, բայց ինչ-որ կերպ կարգավորվեց այդ հարցը: Բայց արդյոք դրանք կհանգեցնեն կոալիցիայի քանդման, դժվար է ասել։ Առայժմ ես չեմ տեսնում կոալիցիայի քանդումը: Կոալիցիան կարող է քանդվել, երբ մարտահրավեր լինի Հայաստանին եւ ամեն մեկը փորձի վերմակն իր վրա քաշել կամ խուսափել պատասխանատվությունից: Առայժմ վիճելով, իրար հետ կռվելով կմնան կոալիցիայի մեջ: 

Մարտահրավեր ասելով Դուք, հավանաբար, նկատի ունեք Ղարաբաղյան հիմնահա՞րցը։ 

Հենց թեկուզ Ղարաբաղյան հիմնահարցը: 

Նախագահական ընտրությունները Հայաստանում եւ Ադրբեջանում ավարտված են: Ղարաբաղյան խնդրի կարգավորման ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում։ 

Կրկնեմ հայտնի միտքը, որ եթե երկրում նորմալ ընտրություններ չեն լինում եւ ժողովուրդը վստահություն չունի իշխանությունների նկատմամբ, իշխանությունը հեղինակություն չունի ժողովրդի մոտ, ցանկացած որոշում, խնդրի լուծման վերաբերյալ ցանկացած փաստաթղթի ստորագրում գրեթե անհնար կլինի: Ցանկացած որոշման մեջ, Հայաստանում թե Ադրբեջանում, կապված Ղարաբաղյան հարցի հետ, ինչ-որ բաներ պիտի դուր չգան հայ ժողովրդին, ինչ-որ բաներ դուր չեն գա Ադրբեջանի ժողովրդին: Դրա համար շատ հեղինակավոր, ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն է պետք, որպեսզի կարողանա ժողովրդին համոզել, որ այսինչը տալը կամ վերցնելը օգտակար է երկրի համար: Հիմա այդ տեսակետից երկու պետություններն էլ գտնվում են ծանր վիճակում: Ինձ չի թվում, թե կողմերին շատ արագ պարտադրվելու են լուծումներ: Իհարկե, բոլորը սպասում էին, որ ընտրություններից հետո պետք է այդ լուծումը լինի: Բայց բազմաթիվ պրոցեսներ կան աշխարհում եւ այնպես չէ, որ ամբողջ աշխարհը կենտրոնացել է Ղարաբաղյան հարցի վրա: Ես չեմ տեսնում արագացում այս հարցի լուծման մեջ: Այսինքն՝ ոնց որ նախորդ ժամանակաշրջանում, ինչ-որ բան կառաջարկեն, իրար հետ կբանակցեն, հետո կսպասեն մինչեւ ինչ-որ տեղ ինչ-որ բան կպայթի: 

Դուք տեղյա՞կ եք, թե ինչ տարբերություններ կան Ղարաբաղյան խնդրի լուծման տեր-պետրոսյանական տարբերակի եւ այն տարբերակի միջեւ, որն առաջարկվելու է հիմա բանակցությունների վերսկսման համար: 

 Բոլոր տարբերակների մեջ երբեմն ուղղակի, երբեմն անուղղակի նշվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Դա սողոսկում է բոլոր փաստաթղթերի մեջ: Դա գալիս է ժամանակակից միջազգային պրակտիկայից, Լիսաբոնի հայտարարությունից եւ այլն: Հիմնական հարցը, որը բաժանեց հասարակությանը 1997թ. հետեւյալն էր՝ խնդիրը լուծել փաթեթայի՞ն, թե փուլային տարբերակով: Վերջնական լուծումն, իհարկե, լինելու է փուլային, բայց փաթեթով նախ եւառաջ պետք է իմանալ, թե որ քայլին գրաֆիկով ինչ քայլ է հետեւելու, նոր սկսել: Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ առաջարկություն կար առաջին քայլը անել, հետո ազնիվ խոսքի վրա հիմնվելով մտածել, որ բնականաբար դիմացինն էլ երկրորդ քայլը կանի: Է, բա որ չանի՞: Անիմաստ մոտեցում էր ստացվում:

Այդ տեսակետից ես ինքս կողմնակից եմ, որ փաթեթային լուծում լինի, որն իրականացվի փուլային ձեւով: Բայց, իմ կարծիքով, փաթեթում պետք է ներկայացվի ոչ միայն Ղարաբաղի հարցի լուծումը, այլ այդ փաթեթը պետք է շատ ավելի մեծ լինի: Ամբողջ տարածաշրջանին վերաբերող տնտեսական, հաղորդակցային, բազմաթիվ խնդիրներ պետք է միասին տրվեն, եւ Ղարաբաղի հարցը պետք է տեղավորվի ավելի մեծ փաթեթի մեջ: Ղարաբաղի հարցն ինքնին որպես փաթեթ, ես կարծում եմ, որ լուծում չունի: 

Ձեր կարծիքով, Մինսկի խմբի համանախագահները, եւ բոլոր նրանք, ովքեր մասնակցում են բանակցային գործընթացին, արդյոք այդ լայնույթով ընկալում են խնդիրը: 

 Կարծում եմ՝ ոչ: Այդ ուղղությամբ աշխատանք էլ չի գնացել, եւ հետո, երբ մեծ խնդիր ես դնում, բոլորին թվում է, թե այդպիսի խնդրի լուծումն այնքան ծանր, անհույս է, որ խուսափում են: Մտածենք, թե ինչ է ուզում Եվրոպան այս տարածաշրջանում։ Բնական է, նա ցանկանում է, որ իր տարածքի սահմաններում լինի խաղաղություն, եւ ոչ թե պոռթկումներ, որոնք կարող են տարածվել եւ ներքաշել Եվրոպային: Այսինքն՝ Եվրոպան ինքնապաշտպանության խնդիր է լուծում, նա ոչ շահագրգռված է հայ ժողովրդին վատություն անել, ոչ էլ Ադրբեջանի: Բայց եթե առաջարկվեն սցենարներ, որոնք կապահովեն Եվրոպայի շահերը եւ միաժամանակ այս տարածաշրջանում կապահովեն նոր իրավիճակ, իրենք համաձայն կլինեն:

Ցավոք սրտի, որեւիցե նման բան չի առաջարկվում: Տարածաշրջանում Հարավային Կովկասը, Անդրկովկասը, Թուրքիան, Պարսկաստանը, արաբական երկրները, Իսրայելը երկրաշարժի մի կետ են, եւ երկրաշարժի ճեղքի մի փոքր մասը փակելով որեւէ խնդիր չես լուծի: Այսինքն՝ ցանկացած ցնցումից այդ ճեղքը դարձյալ առաջանալու է: Դրա համար իմ ասածը երբեմն ռոմանտիկ է ընկալվում: Ես կարծում եմ, որ մինչեւ ամբողջ տարածաշրջանում խոշոր, գլոբալ խնդիր չդրվի եւ փորձ չարվի լուծել, այնպես, ինչպես միացյալ Եվրոպայի գաղափարն էր, Ղարաբաղի հարցը, եթե անգամ լուծվի ինչ-որ պահի, դա կլինի ժամանակավոր: Ամեն րոպե այդ ճեղքը նորից բացվելու է: Այսինքն այս տարածքում նոր միավորում պետք է ստեղծել: 

Իրանի առաջարկը՝ նոր միավորում «3+1» ֆորմատով՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան գումարած Իրան, համարու՞մ եք նման միավորում ստեղծելու փորձ: 

Ամերիկացիներն էլ առաջարկում են «Անդրկովկասյան երեք պետություններ գումարած Թուրքիա» ֆորմատը: Կարծում եմ՝ ամերիկացիների առաջարկությունը մեզ համար անիմաստ է, որովհետեւ այդ երեքի մեջ մենք ունենում ենք Ամերիկայի հետ կապված հզոր Թուրքիա, Թուրքիայի հետ կապված Ադրբեջան եւ Վրաստան, որը միտ խաղացող է: Մենք այդ միավորումում միայնակ ենք լինելու: Այդ 4 աղյուսով շենք չես կառուցի: Մյուս չորսի ֆորմատը, բնական է, չի ընդունվի Ադրբեջանի կողմից: Ոչ մի դեպքում չորս աղյուսով շենք չես կառուցի: Այդ շենքի կառուցման համար շատ աղյուսներ են պետք: Ցանկացած 4 աղյուսի դեպքում ճեղք առաջացնող է լինելու՝ կամ Ամերիկան, կամ Եվրոպան, կամ էլ Ռուսաստանը: 

Դա նշանակու՞մ է, որ պիտի մի այնպիսի իրադրություն ստեղծվի, որ տարածաշրջանում համընկնեն նշված երեք պետությունների շահերը: 

Եթե խնդիրն այդպես հստակ դնենք, ապա այն երեւի առայժմ լուծում չունի: Բայց ունենալ մի լուծում, որն այստեղ ապրող ժողովուրդներին բավարարում է եւ նրանց շահերին այնքան էլ չի վնասում, միանգամայն բավարար կլինի: Որովհետեւ սպասել, որ բոլորի շահերը համընկնեն, իսկ այդտեղ տասնյակ տարիներ բախումներ են լինելու նրանց շահերի մեջ, անիմաստ է: Բայց եթե ժողովուրդներն իրենք կամք ցուցաբերելով ինչ-որ կառույց ստեղծեն, եւ դա վտանգ չներկայացնի մյուսներին, մյուսները ուզեն-չուզեն կհամաձայնեն: 

Հայ հասարակության տրամադրվածությունը ինչպիսի՞ն է ղարաբաղյան խնդրի լուծման առումով: Ձեր կարծիքով, մարդիկ հոգնել են եւ պատրաստ են ցանկացած լուծման, թե՞ պայքարի ոգին դեռ կա: 

 Այն ոգեւորությունը, որ կար 88 թվականին, երբ ամբողջ ժողովուրդը կանգնած էր Ղարաբաղի համար, հիմա դժվար է պատկերացնել: Այն ոգեւորությունը, որ գործողությունների մղեց մարդկանց պատերազմի ժամանակ, եւ մենք կարողացանք հաղթել, նորից դժվար է պատկերացնել: Մյուս կողմից, Ռոբերտ Քոչարյանի նախագահ լինելը, խոստովանենք, թե ոչ, բայց հասարակության մեջ ղարաբաղցի-հայաստանցի պրոբլեմ առաջացրեց, որը մինչ այդ չկար: Ցավն այն է, որ մինչեւ 98թ. նախագահական ընտրությունները արդեն հայտնի էր, որ դա հանգեցնելու է նման իրավիճակի: Ես դրա մասին բացահայտ եմ ասել եւ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է, որ նման բան չի լինի:

Դա շատ լավ հասկանում էին նաեւ Սամվել Բաբայանը, Լեոնարդ Պետրոսյանը, նրանք հասկանում էին, որ Քոչարյանի նախագահ լինելը, անկախ նրանից՝ լավ նախագահ է, թե վատ, լավ մարդ է, թե վատ, լեգիտիմ ընտրվեց, թե ոչ լեգիտիմ, բոլոր դեպքերում այդ հարաբերությունների սրացում է առաջացնելու: Բայց այս ամենի հետ միասին եթե Ղարաբաղի հարցը բարձրացվի, կեղծ, թե անկեղծ, ամբողջ հասարակությունը դեմ կլինի առաջարկվող այն լուծումներին, որոնք որ մեծ զիջումներ կպահանջեն մեզանից: 

Ինչու՞ է ընդդիմությունը Հայաստանում թույլ: 

Քաղաքականությունը, ժողովրդավարությունը պահանջում են իրար հետ պայքարող մի քանի ուժեր, որոնք գործում են խաղի կանոներով: Այդ կանոնների համաձայն՝ մեկը գալիս է իշխանության, մյուսն էլ գիտի, որ ինքն էլ իր տեղն ունի այս պետության մեջ եւ ուշ թե շուտ կամ կգա իշխանության, կամ էլ իշխանության մի կարեւոր մաս կկազմի եւ կկարողանա իր ծրագրերն իրականացնել: Հայաստանում դա գոյություն չունի: Ով որ իշխանություն է, մնում է իշխանություն, ով ընդդիմություն է, մնում է ընդդիմություն, եւ վերջինիս մոտ հարց է առաջանում՝ «Լավ, պայքար, պայքար, մինչեւ ե՞րբ»: Եթե քո պայքարը որեւէ արդյունքի չի բերում, ամեն ինչ լուծվում է ուժային մեթոդներով, կաշառքի միջոցով, առջեւում տեսնում ես կամ հեղափոխություն, կամ մահ: Այդպիսի իրավիճակ է ստեղծվում: Ընդդիմությունն, իհարկե, տանկեր չունի, որ տանկի դեմ հանի, եթե ունենար էլ, իմաստ չուներ:

Ընդդիմությանը դնում են այն վիճակի մեջ, որ ինքը պիտի որոշի՝ գնա շենքեր գրավի, թե ոչ: Այսինքն՝ իշխանությունը Հայաստանում ընդդիմության առջեւ դնում է հետեւայլ հարցը՝ «Հեղափոխություն կարա՞ք անեք, թե ոչ, տղերք»։ Իսկ այս ընտրություններից հետո ոչ միայն ընդդիմության, այլ ամբողջ ժողովրդի մեջ հիասթափության ալիք կա: Բայց այն անվերջ չի տեւում: Հիասթափություն է լինում ընտրությունների ժամանակ, բայց մի քանի տարի հետո ժողովուրդը, մոռանալով նախորդ ամեն ինչը, նույն ոգեւորությամբ պայքարում է նոր ընտրությունների համար: Ես կարծում եմ, որ ժողովուրդն այս տեսակետից վերականգնվող է եւ ուշ թե շուտ իր նպատակին կհասնի: Բայց հիմա անկման պահ է: 

Ձեր կարծիքով, ընտրությունների ժամանակ Հայաստանում կա՞ր գաղափարների պայքար:

Ցավոք սրտի, չկար: Երբ ես փորձում էի գաղափարական պայքար տանել, պարզվում էր, որ սկսում են նույնիսկ անտեսել: Հայաստանն արդեն այսպիսին է. իշխանությունը վատն է, եւ հավաքվում են ուժեր, որոնք ուզում են իշխանությունը փոխել: Ժողովուրդը նայում է, թե որտեղ է ավելի շատ մարդ հավաքվել, ում միջոցով է ավելի հավանական իշխանությունը փոխել եւ համախմբվում է դրանց շուրջը: Գաղափարների վրա քիչ է ուշադրություն դարձնում: Ես ժողովրդին չեմ կարող մեղադրել, որովհետեւ դա իշխանությունից է գալիս: 

Ընտրություններում Ձեր հավաքած ձայների քանակը դրանո՞վ եք պայմանավորում: 

 Էդտեղ պատճառներ շատ կան, բայց հիմա իմաստ չունի դրանց մեջ խորանալ: Միեւնույն է՝ Հայաստանում բոլոր տեսակի քաղաքական պայքարները սեւ եւ սպիտակով են գնում: Որովհետեւ կա իշխանություն, որը կառչած է իր աթոռին, եւ կա ուժ, որն ուզում է նրան պոկել այդ աթոռից: Ժողովուրդը ծանր վիճակի մեջ է եւ ուզում է փոխել իշխանությունը: Ու արդեն չի նայում, թե դու ինչ ես ասում, նայում է՝ դու կկարողանա՞ս փոխել, թե ոչ: Ասում են՝ 96-ին ես չկարողացա փոխել իշխանությունը, հիմա ուրիշի միջոցով փոխենք: Վաղը մեկ ուրիշի միջոցով կփորձեն: Սա անիմաստ խաղ է, որը պետք է կանգնեցնել: Ինչպե՞ս, դժվար է ասել: 

Այսինքն՝ խաղի կանոնները միշտ պետք է թելադրեն իշխանությունները, իսկ ընդդիմությունը պարզապես պետք է հաշտվի՞: 

Ոչ, եթե իշխանությունները ուզում են ամեն գնով պահպանել իշխանությունը, իսկ իշխանությունները ժողովրդի պահանջները մոտակա 20 տարում բավարարել չեն կարող, ժողովուրդը պետք է համախմբվի, ասի՝ «Ընդդիմության մեջ դուք ձեզ գտեք միասնական թեկնածու, ես նրան սատար կանգնեմ, եկեք իշխանությունը փոխենք»: Այդ խաղում միշտ հաղթող է դուրս գալիս իշխանությունը: Այդ խաղը պետք է կոտրել: Ասենք՝ 4-5 տարի հետո նոր նախագահական ընտրություններ լինեն: Շատերը մտածում են՝ այդ ո՞վ պիտի գա, որ հավաքի այնքան ձայն, որքան ես հավաքել էի 96-ին կամ Ստեփան Դեմիրճյանը հավաքեց այս ընտրություններում: Երկու դեպքում էլ հնարավոր չեղավ իշխանություն փոխել: Այդ դեպքում ինչի՞ շնորհիվ պետք է փոխվի: Այս հարցը պատասխաններ ունի, բայց ես դրանք հետո կտամ: Իշխանությունը միշտ ուզում է ունենալ այնպիսի այլընտրանք, որի դեպքում ինչքան էլ դիմացինը ձայն հավաքի, բացատրություն լինի, թե ինչու է ինքը իշխանությունն իր ձեռքում պահում: Օրինակ՝ 96-ին Լեւոն Տեր-Պետրասյանին շատ ձեռնտու կլիներ, որ իր դեմ համախմբված լինեին, ինչպես Ռուսաստանում, կոմունիստները: Այդ դեպքում նրա ցանկացած քայլ Արեւմուտքի, հասարակության համար ընդունելի կլիներ, այսինքն դիմացն այնպիսիս ուժ է, որի դեմ պետք է պայքարել:

Դա չստացվեց, եւ Տեր-Պետրոսյանը փորձեց ինձ մեղադրել ազգայնամոլության մեջ, այսինքն` եթե կոմունիստ չստացվեց, գոնե ֆաշիստի գույնով ներկեմ հակառակորդիս, որպեսզի կարողանամ հաղթել: 98-ի տեխնոլոգիան Կարեն Դեմիրճյանն էր: 98-ին հասկանալի էր, որ եթե նորից մնամ ես, որը 96-ից ձայներ ունի, եւ Ռոբերտ Քոչարյանը, ժողովուրդը նույն կերպ համախմբված կլինի Քոչարյանի դեմ: Երկրորդ անգամ տանկեր մտցնել չէին համարձակվի եւ իշխանությունը կկորցնեին: Դրա համար Կարեն Դեմիրճյանը կամա թե ակամա շատ կարեւոր դեր խաղաց: Միանգամից նոր ալիք առաջացավ եւ ձայները սկսեցին գնալ Դեմիրճյանի մոտ: Ինչքան էլ Դեմիրճյանի փեշից քաշում էին, չէին կարողանում, արդեն խաղի մեջ մտած Դեմիրճյանը իշխանությանն իմ վտանգից ազատեց, բայց վերջում մի նոր վտանգ առաջացրեց, որն իրենք լուծեցին: Որովհետեւ, վերջիվերջո, Դեմիրճյանին էլ կպցրին այն պիտակները, թե հին ռեժիմից է եւ այլն: Այս անգամ իշխանությունների համար կարեւոր էր, որ միասնական թեկնածու չլինի: Օրինակ՝ շատ վտանգավոր կլիներ, եթե միասնական թեկնածուն իր արժանիքներով անխոցելի լիներ: Կային նման դատողություններ, նույնիսկ Վանո Սիրադեղյանն ուրիշ անվան տակ գրել էր, որ դա իմ շուրջը հավաքվելով կարող է լինել, եւ դա ճիշտ էր: Բայց ԱԺՄ-ի ներքին պրոբլեմները եւ իմ նահանջը քաղաքական դաշտում այդ հնարավորությունը բնական չէին դարձնի, պետք է մյուսներն էլ ուզենային, միայն իմ ցանկությունը քիչ էր:

Մյուս միավորումը՝ Գեղամյան Արտաշես-Դեմիրճյան Ստեփան, շատ վտանգավոր կլիներ իշխանության համար: Բացի բնական հակասություններից երկու կողմի վրա էլ աշխատանք տարվեց, որպեսզի միավորում տեղի չունենա: Իհարկե, Ստեփան Դեմիրճյանին որպես հակառակորդ ունենալը Քոչարյանին ձեռնտու էր, որովհետեւ շատ հեշտ էր համոզել այն մի քանի տասնյակ հազարավոր մարդկանց, որոնք ոչ թե զգացմունքներով են առաջնորդվում, այլ կորցնելու բան ունեն այս երկրում, որ այդպիսի անփորձ երիտասարդ մարդը չի կարող երկիր ղեկավարել: Պատկերացրեք, եթե նրա փոխարեն ես լինեի, նույն ոգեւորությամբ Դաշնակցությունը կպայքարե՞ր: Դժվար կլիներ նրանց շարքերին համոզել, որ Հայաստանի փրկության համար պետք է անպայման Քոչարյանը մնա: Բայց Դեմիրճյանի դեպքում դա հեշտությամբ հաջողվեց: Հաջորդ ընտրություններին իշխանությունները պետք է կարողանան խոցելի այլընտրանքային քաղաքական ուժ գտնել՝ կոմունիստ, ֆաշիստ, անփորձ կամ հետեւում կասկածելի օտար ուժ ունեցող: Հիմա այդ ուղղությամբ պետք է մտածեն, որ հեշտ հաղթեն: 

Հնարավո՞ր է, որ այդ թեկնածուն լինի Լեւոն Տեր-Պետրոսյանը: 

Ես նախկինում էլ եմ ասել, առանց անձնավորելու, որ դա անիմաստ է: Իհարկե, քաղաքական ուժեր կան շարժումից, որոնք ուզում են Լեւոն Տեր-Պետրոսյանի միջոցով ջրի երես բարձրանալ: Կարծում եմ, որ դա անհույս խաղ է, չգիտեմ` ինչ կլինի տարիներ հետո, բայց կարծում եմ, որ այն դիրքը, որին արժանացավ Լեւոն Տեր-Պետրոսյանը, նա ճիշտ չի օգտագործում: Նա Հայաստանի առաջին Նախագահն է: Եթե Լեւոն Տեր-Պետր—ոսյանը նորից հավակնություններ չունենա նախագահ դառնալու, այլ փորձի քաղաքական դաշտում հաշտարարի, խրատ տվողի, միջամտողի դեր կատարել, աստիճանաբար իր նկատմամբ վստահություն եւ հավատ կառաջացնի լայն հասարակության շրջանում եւ, փաստորեն, իր ֆունկցիան կկատարի: Եթե դու երկրի առաջին նախագահն ես, քո ֆունկցիան չի սահմանափակվում քո նախագահության ժամկետով, դրանից հետո մինչեւ կյանքիդ վերջ դու այդ պատասխանատվությունն ունես: Ես եղել եմ առաջին վարչապետ, պատերազմի ժամանակ պաշտպանության նախարար եւ մինչեւ կյանքիս վերջ ինչ-որ պատասխանատվություն եմ կրում ու երբեմն սխալ, երբեմն ճիշտ փորձում եմ դա իրականացնել: Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ թե պետք է հրապուրվի այն խնդրով, թե վաղը նորից պետք է դառնա նախագահ (անկեղծ ասած` չեմ էլ հասկանում, թե իր ինչին է պետք ), այլ պետք է կարողանա քաղաքական դաշտի վրա մեծ ազդեցություն ունեցող քաղաքական դեմք դառնալ: Դա իրեն ավելի կսազեր եւ ավելի օգուտ կբերեր Հայաստանին: 


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված