Երեքշաբթի, 12 նոյեմբերի

Արայիկ Պապիկյան. «Ներսես Պողոսյանի վիճակը չափազանց վատ է»



6 օր է կալանավորը հրաժարվում է հացից ու ջրից

«Ես շատ անհանգիստ եմ, Ներսեսը շատ վատ էր, նույնիսկ չափազանց վատ, հևալով էր խոսում, լյարդի, երիկամների շրջանի, գլխի ցավերից էր բողոքում»,- «Հետքին» ահազանգեց շուրջ 8 ամիս կալանքի տակ գտնվող, 6 օր հացադուլի ու ջրադուլի մեջ գտնվող Ներսես Պողոսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը, որը քիչ առաջ է դուրս եկել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից:

Պաշտպանը հորդորել է Ներսեսին դադարեցնել հացադուլը, սակայն նա չի համաձայնել․ «Խնդրեցի, ասեցի, իրավական ընթացակարգերը ժամանակ են պահանջում, դադարեցնի հացադուլը, բայց չստացվեց»: Առանձնազրույցի ժամանակ ՔԿՀ-ի բժիշկն է մոտեցել: Նա ասել է, որ տևական ժամանակ պառկած է մնալով պառկելախոցեր են առաջանում, նշել է, որ Ներսեսն այդ վտանգի տակ է հիմա։

Արայիկ Պապիկյանը փոխանցեց, որ Ներսեսի պահանջը նույնն է՝ կալանքի որոշումների վերանայում, այս հարցին դատարանների արդարացի մոտեցում:

«Ես կամակորություն չեմ անում, արդարացի պահանջ եմ ներկայացնում: Պատրաստ եմ հացադուլն ու ջրադուլը դադարեցնեմ, միայն, թե կալանքի հետ կապված արդարացի վարվեն դատարանները»,-փաստաբանին փոխանցել է Ներսես Պողոսյանը:

Արայիկ Պապիկյանը նշեց, որ կալանքի հատկապես վերջին երկու երկարացումներն օրենքի կոպիտ խախտումներով են ընթացել։

Մասնավորապես, փաստաբանի փոխանցմամբ, կալանքի երկարացումը կատարվել է գրության հիման վրա, պատշաճ միջնորդություն չի ներկայացվել: Այնինչ դատարանի կողմից որպես հիմք ընդունվել է հենց գրությունը: Հենց դեկտեմբերի 15-ին Ներսես Պողոսյանը հացադուլ է հայտարարել, որից դուրս է եկել հունվարի 13-ին: Սակայն Վերաքննիչ բողոքի ժամանակ, ինչպես պաշտպանն է պատմում, դատարանը մինչև խորհրդակցական սենյակ գնալն ասել է՝ քանի որ Ներսես Պողոսյանը լավ վիճակում չէ, նրան տեղափոխեն «Նուբարաշեն» ՔԿՀ, փաստաբանը կստանա որոշումը:

«Այսինքն՝ դեռ որոշումը չկայացրած ասվեց, որ միևնույնն է՝ Ներսեսը մնալու է կալանքի տակ»,-ասաց Արայիկ Պապիկյանը՝ ընդգծելով. «Չնայած նրան, որ կար անձնական երաշխավորություն ԱԺ պատգամավորից, մշակութային գործիչների ու քաղաքացիների շուրջ 500 ստորագրություն, կալանքը չփոխվեց»:

Նույն օրն արդեն՝ հունվարի 27-ին Ներսես Պողոսյանը հացադուլ ու ջրադուլ է հայտարարել, հրաժարվել բժշկական օգնությունից:  

Ներսես Պողոսյանի կինը՝ Լիա Պողոսյանը հորդորում է պետական համապատասան կառույցներին վերանայել ամուսնու կալանքի հարցը: «Նա քննությունից խուսափող չի, բայց գոնե հիմա կալանքը փոխարինեն»,-ասում է Լիան:

Ներսեսի կինը նշեց, որ որ օրեր առաջ է հանդիպել Գլխավոր դատախազի տեղակալին, որը խոստացել է վերանայել կալանքի հիմքերը:

Ներսեսը ընտանիքի միակ կերակրողն է: Լիան ասում է, որ ինքը և 3 անչափահաս տղաները արդեն 8 ամիս է ապրում են հարազատների օգնությամբ: Երիտասարդ կինը նոր է աշխատանք գտել:     

«6 տարեկան զույգ տղաներս չգիտեն, թե իրականում որտեղ է հայրը, գիտեն, թե Ռուսաստանում է, իսկ մեծ որդիս, որը 11 տարեկան է, մի անգամ է տեսակցության գնացել, շատ ծանր է տանում»,-ասաց Լիան:

Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանը անցյալ տարվա մայիսի 31-ից ազատազրկման վայրում է: Նա մեղադրվում է Ժիրայր Սեֆիլյանի գործով՝ ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեջ, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից: Պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված