Չորեքշաբթի, 13 նոյեմբերի

Մահից առաջ 24 ժամվա իրադարձությունները մնում են անհայտ



Արարատ քաղաքի բնակիչ 65-ամյա Գյանջիրով Հովհանյանի մահվան հանգամանքները քննության առարկա են դարձել երկու անգամ (մեկ անգամ քրեական գործը կարճվել է, այժմ՝ կասեցվել), սակայն այդպես էլ նախաքննական մարմինները չեն կարողացել պարզել, թե ինչ իրադարձություններ են տեղի ունեցել մահվանից առաջ՝ 24 ժամվա ընթացքում:

Գյանջիրով Հովհանյանը դուրս է եկել տնից 2013-ի հունիսի 25-ին առավոտյան շուտ ու այլևս չի վերադարձել: Կնոջը զանգահարել է մի քանի անգամ, իսկ վերջին անգամ երեկոյան, ասել՝ հաց դիր, գալիս եմ: Այնուհետև նրա բջջայինը դարձել է անհասանելի: Իսկ մեկ օր անց՝ հունիսի 26-ին, նրա դին հայտնաբերվել է տնից 3 կմ հեռավորության վրա՝ մասնավոր այգում, անդրավարտիքը, վարտիքը, կոշիկները արյունոտված: Դին հայտնաբերել է այգու տերը:   

Երկու նախաքննական մարմինները՝ թե՛ Արարատում, թե Երևանում՝ Քննչական կոմիտեի ՀԿԳ վարչությունում չեն կարողացել պարզել, թե հունիսի 25-ին տնից դուրս գալով՝ ում է հանդիպել Գյանջիրովը, ուր է գնացել, ինչ է արել, ինչպես է հայտնվել տնից 3 կմ հեռու:

Այժմ տուժողի իրավահաջորդը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ) բողոքարկում է ՀԿԳ քննիչ Արա Մկրտչյանի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու որոշումը: Նրա ներկայացուցիչ, փաստաբան Լյուդվիգ Ավետիսյանը դատական նիստում ներկայացրեց իրենց բողոքը՝ հիմնավորելով, որ Գյանջիրով Հովհանյանի մահվանը նախորդող դեպքերը բազմակողմանի չեն քննվել:  

«Ամբողջ նախաքննության ընթացքում տուժողները պնդել են, որ տեղի ունեցածը սպանություն է: Բայց բացի նրանց ցուցմունքներից որևէ ապացույց ձեռք չի բերվել հնարավոր սպանության վերաբերյալ», - ասաց քննիչ Մկրտչյանը:

Հնարավոր չէ վերականգնել դեպքի վայրը

Ծառի վրա հայտնաբերվել է Գյանջիրով Հովհանյանի հագուստի մանրաթելերից: Դատարանի հարցին՝ արդյոք այլ մանրաթելեր ևս չեն հայտանբերվել, քննիչը պատասխանեց. «Հայտնաբերվել են, բայց նկատի պետք է առնել, որ դիակը իջեցնելու համար ծառ են բարձրացել նաև իրավապահ մարմինների աշխատողներ»:

«Բնականաբար մինչև դին ծառից իջեցնելը պետք է այդ ծառի վրայից հետքերը վերցվեին, նոր բարձրանային», - «Հետքին» ասաց մահացածի դուստրը, որը հոր ողբերգական մահից հետո որոշել է իրավաբան դառնալ: Այժմ սովորում է:  

Կան իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ժամանակի մեջ հնարավոր չէ վերականգնել: Կոչվում են իրավունքի անդառնալի խախտումներ: Դատարանում այսպես բնորոշեց ՀԿԳ քննիչ Արա Մկրտչյանը այն, որ այսօր հնարավոր չէ վերականգնել դեպքի վայրը, հետքերի հայտնաբերել:

Դիակի լուսանկարները անհետացել են քննիչի համակարգչից

Մոտ 4 տարի առաջ՝ 2013-ի հունիսի 26-ին, Արարատ քաղաքում Գյանջիրով Հովհանյանի դին ծառից կախված վիճակում հայտնաբերելու ժամանակ չի կատարվել դեպքի վայրի պատշաճ զննություն: Տուժողների այս ու այլ իրավունքների խախտումներ է արձանագրել Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանը: Անգամ դիակի ու դեպքի վայրի լուսանկարներ են անհետացել առաջին քննիչի համակարգչից: Մահացածի դստերը՝ Գայանեին, քննիչն ասել է, թե դրանք պատահական են ջնջվել: Գայանեն հակադարձել է. «Հո ինչ-որ քեֆի լուսանկարներ չէ՞ին, որ պատահական ջնջվեին»:

Հատուկ հոր մահվան իրական հանգամանքները բացահայտելու համար իրավաբանի մասնագիտությունն ընտրած Գայանեն համոզված է. «Եթե մանրակրկիտ զննություն կատարվեր, մահացած հորս ձեռքերից, եղունգների տակից վերցրած հետքերի փորձաքննություն լիներ, կարող էին պարզել նրա մահվան իրական հանգամանքները»: Այսինքն՝ արդյոք հայրը՝ Գյանջիրովն ինքնուրույն է բարձրացել ծառը, թե նրան օգնողներ են եղել, ձեռքերի մեջ ժանգի հետքեր կան, թե ոչ:

Քննիչը մանրամասնեց, որ նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ լրացուցիչ դատաբժշկական և դատահետքաբանական, հողագիտական, դատակենսաբանական փորձաքննություն:

Քննիչը ընթերցեց դատաբժշկական փորձաքննությունից, թե ինչից է մահը վրա հասել: Ըստ այդմ՝ սեփական մարմնի ծանրությունից կախման միջոցով առաջացած  մեխանիկական շնչահեղձությունից: Փոխարենը՝ փորձագետները միանշանակ չեն պատասխանել, թե ինչից են առաջացել մահացածի մարմնի վրայի վնասվածքները, հագուստի վրայի արյունը ինչի հետևանք է: «Հետքի» հարցին պատասանելով՝ Գայանե Հովհանյանը նշեց, որ մաքուր հագուստ է հագել ու տնից դուրս եկել:

Հողագիտական փորձաքննություն է կատարվել, կոշիկի վրայից հայտնաբերվել է փոշի, սակայն դրանց քանակը բավարար չի եղել որևէ նույնականացում կատարելու համար:

Դատավորի հարցին՝ հնարավոր է այլ անձանց օգնությամբ տեղի ունեցած լինի դեպքը, այսինքն՝ կարող էր արդյոք միայնակ մարդը, բարձրանալ ծառի վրա, անել բոլոր այդ գործողությունները, քննիչը պատասխանեց, որ միանշանակ պատասխան չկա, թե ինչպես են առաջացել վնասվածքները. «Դա է նաև պատճառը, որ նախաքննական մարմինը կասեցրել է քրեական գործի վարույթը: Վնասվածքները մահվան հետպատճառական կապի մեջ չեն գտնվել: Ըստ եզրակացության, հնարավոր է դրանք առաջացել են ծառերի ճյուղերի, թփերի հետ շփվելուց»,-ասաց նա:

Տուժողի կինը հրաժարվել է արտաշիրմումից

Քննիչ Մկրտչյանը դատարանում հայտնեց, որ նախաքննական մարմինը բազմիցս առաջարկել է կատարել էքսգումացիա՝ արտաշիրիմում: Սակայն տուժողի կինը՝ Ժաննա Հովհանյանը, ըստ քննիչի հայտնածի, հրաժարվել է: Իսկ առանց տուժողի հարազատների կարելի է միայն մեկ դեպքում կատարել արտաշիրիմում, երբ նախաքննական մարմինն ունի բավարար կասկածներ հարազատների կողմից սպանությանը մասնակից լինելու կամ այն կատարելու վերաբերյալ:

Վերահսկող դատախազ Անդրանիկ Հակոբյանն էլ նշեց, որ քննությանը հասանելի միջոցներից բոլորը կատարվել են:

Բողոքի լսումը հետաձգվեց մինչև փետրվարի 15-ը: Հաջորդ նիստին դատավոր Արսեն Նիկողոսյանը հարցեր կուղղի բողոքաբերին: Ի դեպ, դատարանը ծանուցագրեր էր ուղարկել նաև Նարեկ և Հովհաննես Ավետիսյաններին՝ որպես շահագրգիռ կողմեր, քանի որ քննվող նյութն առնչվում է նաև նրանց իրավունքների: Ավետիսյան եղբայրները, սակայն, չէին ներկայացել դատարան:

«Հետքը» շարունակում է հետևել այս քրեական գործի զարգացումներին, դատական վիճարկումներին: Հիշեցնենք, որ տուժող Հովհանյանները ականատես էին եղել ավագ Հովհանյանի անհետանալուն նախորդող դեպքերին, երբ Արարատի քարի արտադրամասի (որտեղ որպես բանվոր աշխատում էր ընտանիքի հայրը) սեփականատիրոջ` Ասլան Ավետիսյանի որդիներ Նարեկ և Հովհաննես Ավետիսյանները, ըստ Հովհանյանների վկայությունների, ահաբեկել էին հորն ու ընտանիքին՝ քարի արտադրամասից կատարված ենթադրյալ գողության համար: Սակայն Արարատի մարզի նախաքննական մարմինը, հանցակազմի բացակայության հիմքով կարճել էր քրեական վարույթը:

Տուժողի իրավահաջորդ Գայանե Հովհանյանի ու նրա փաստաբան Գագիկ Մալխասյանի ջանքերով կարճման որոշումը բողոքարկվել էր դատական կարգով: Որոշումը վերացվել էր: Դատարաններն արձանագրել էին աղաղակող խախտումներ: Անցյալ տարի սկսվել էր նոր քննություն: Վարույթը դուրս էր բերվել Արարատի մարզից: Այն քննվում էր Երևանում` Քննչական կոմիտեում` ՀԿԳ ավագ քննիչ Արա Մկրտչյանի վարույթում: Սակայն ամիսներ անց քննիչը երկու որոշում էր կայացրել՝ քրեական հետապնդում չիրականացնելու և ինքնասպանության հասցնելու վարույթը կասեցնելու վերաբերյալ: Այս երկու որոշումներն էլ այժմ վիճարկվում են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված