Հինգշաբթի, 14 նոյեմբերի

Նախկին զինծառայող. «2 օրվա կյանք էին տվել, որոշեցի իրանց ինադու երկար ապրեմ»



Վազել. նախկին զինծառայողի միակ ցանկությունը

Խաղաղապահ զորքերի նախկին զինծառայող 28-ամյա Դավիթ Հակոբյանը չի կարողանում հիշել, թե վերջին հինգ տարվա ընթացքում որերորդ հունվարի 28-ն է անցկացնում բուժման մեջ:

Դավիթին հանդիպեցի ՊՆ կենտրոնական կլինիկական (Մուրացանի) զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքում: Ամանորյա տոներից հետո է եկել հոսպիտալ:

Մինչև տոները «Աջակցություն զինվորական հաշմանդամներին ու վիրավոր զինվորներին»  քաղաքացիական նախաձեռնության անդամ Հայկուհի Մինասյանը Դավիթ Հակոբյանի հետ եղել է նույն հոսպիտալում, որտեղ Դավիթը անցել է բժշկական հետազոտություններ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ տոներից հետո Դավիթ Հակոբյանը դարձյալ ֆիզեոթերապիայի կուրսեր կանցնի հոսպիտալում: Այժմ նա այդ կուրսերն է անցնում: Շուտով կլինի նաև ասեղնաբուժություն:

Ամեն ինչ սկսվել է 2012թ.-ին, երբ Խաղաղապահ զորքերում ծառայության ժամանակ հերթական պարապմունքից հետո Դավիթը ցավեր է զգացել որովայնի շրջանում: Վիճակը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են նախ 1-ին հիվանդանոց, ապա «Մուրացան» հոսպիտալ, որտեղ և վիրաբույժ Գագիկ Թունյանը վիրահատել է Դավիթ Հակոբյանին: Վիրահատությունն անհաջող է անցել: «Բայց մինչև էդ օրը, ես երբեք որևէ առողջական խնդիր չեմ ունեցել, ես մի քանի անգամ բուժզննություն եմ անցել, ամեն ինչ նորմալ ա եղել»,-պատմեց Դավիթ Հակոբյանը:

Ըստ էպիկրիզի՝ աղիքի խոցն է կարվել աղեոլորքից հետո: 2-րդ վիրահատության անհրաժեշտություն է զգացվել: 8 ժամվա տարբերությամբ այն արվել է, որից հետո երիտասարդն ընկել է կոմայի մեջ: 10 օր անց արթնացել է՝ ձախակողմյան հատվածը պարալիզացված: Էպիկրիզում նշված է, որ վիրահատության ժամանակ երիտասարդը ինսուլտ է ստացել:

«Կոմայից երբ արթնացել եմ, ոչ մեկին չեմ հիշել, անգամ ծնողներիս: Օրվա հետ էի սկսում ապրել: Ոնց որ լամպը անջատած լինեին, տաքությունը պահում ա, բայց ներսի լույսը չկա: Էդ նույն  զգացողություն էր: Ինձ 2 օրվա կյանք էին տվել, ես էլ որոշեցի իրանց ինադու երկար ապրեմ»,-պատմեց նախկին զինծառայողը:

Շուրջ 7 ամիս հենասայլակով տեղաշարժված Դավիթը երախտագիտությամբ է հիշում հատկապես Կարմիր Խաչում աշխատող այն մասնագետին, որն իրեն ոտքի է կանգնեցրել. «Անունը Վալենտին ա, ազգանունը չեմ հիշում, հենց ինքը ինձ նորից քայլել սովորացրեց»:

ՊՆ-ում տարիներ շարունակ հորդորել են չբողոքել բժշկի դեմ՝ խոստանալով բուժում արտերկրում: Գերմանիայում բուժում ստանալու՝ ՊՆ-ի խոստումները չեն իրականացել, փոխարենը 2015թ. օգոստոսից Դավիթը հայտնվել էր կալանավայրում: Առաջին կարգի հաշմանդամ Դավիթ Հակոբյանը մեղավոր էր ճանաչվել ահաբեկչության մասին կեղծ ահազանգ կատարելու մեջ (ՔՕ 259 հոդված) ու դատապարտվել 1 տարի 6 ամսվա ազատազրկման: Իսկ կեղծ զանգերի պատճառն իր վրա ուշադրություն սևեռելն էր եղել, ինչպես զինծառայողը հայտարարել էր դատարանում: «Սեյրան Օհանյանը իմ հարցին լուծում տվողն էր, բայց մի քանի տեղ ուղարկեց, խոստացան Գերմանիա բուժման ուղարկել, բայց խաբեցին»:

«Հետքն» անդրադարձել է խաղաղապահ զորքերի զինծառայող Դավիթ Հակոբյանի պատմությանը։ Զինծառայողի մորը 2016-ի նոյեմբերի 19-ին ընդունել էր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Օրեր անց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Դավիթ Հակոբյանին ներում էր շնորհել: 2016-ի նոյեմբերի 28-ին նախկին զինծառայողը վերադարձել էր ազատություն:

Նայում եմ Դավթի ձեռքի դաջվածքին, ասում է՝ բանտում է արել: Խնդրում եմ պատմել մատի կիսաշրջանի մասին. «Իմ ընդհատված հնարավորությունների շրջանն ա, անպայման պիտի ամբողջացնեմ»:

Բանտից դուրս գալուց հետո Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ընդունել է Դավիթ Հակոբյանին: «Նախարարը իմ բուժման հարցերը կազմակերպեց: Բայց արտասահմանում բուժում ստանալու մասին խոսք չկա»,-ասում է Դավիթը՝ շեշտելով, որ իր նպատակը լիարժեք տեղաշարժվելն է, ոտքի ու ձեռքի ֆունկցիաների աշխատանքը: Գերմանիայում բուժումը շարունակելու մտքից Դավիթը չի հրաժարվել: Պարզապես ֆինանսական հնարավորությունների հարց է, որը նրա ընտանիքը չունի:   

Խաղաղապահ զորքերի նախկին զինծառայողը ցույց տվեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի նվիրած խաչը՝ վրան գրված Երուսաղեմ: Նախարարն ասել է, որ Երուսաղեմում օրհնված խաչ է: Այդ օրվանից նա կրում է խաչը:

Ցույց տվեց նաև Նոր Կտակարանը. «Մտքի ուղղում ա տալիս: Կարդալով ոչ հավատս ավելանում ա, ոչ պակասում, պարզապես մտքերս ա ուղղում»:

«Ինչ ցանկություն ունես»՝ հարցնում եմ Դավիթին: Պատասխանում է շատ արագ՝ վազելու:

Փոխարենը չպատասխանեց հայրենասիրության մասին հարցին. ասաց, որ իրեն թույլ չի տա այդ հարցին պատասխանել «Էդ հարցին պատասխանում են շատ լուրջ մարդիկ»:

Վերջում Դավթին խնդրեցի մաղթանք ասել Բանակի օրվա կապակցությամբ: Զինվորներին մաղթեց այն, ինչ իրենց ծնողներն են մաղթում:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Սարգիս18:09 - 29 հունվարի, 2017
Հետաքրքիր է, որ մինչ այս հոդվածը այս ստատուսն էի գրել, ու համընկավ որոշ կետերով... https://www.facebook.com/ArmDance/posts/1587916774557282?notif_t=like¬if_id=1485684820187199
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված