Կիրակի, 20 հոկտեմբերի

Բարձր ռիսկայնությամբ սննդամթերք՝ առանց անվտանգությունը հաստատող հավաստագրման նշանի



ԵՏՄ տարածքում իրացվելու համար ապրանքը պետք է  ստուգվի և համապատասխանի ընդունված բոլոր տեխնիկական կանոնակարգերին և նորմերին։ EAC  նշանի առկայությունը վկայում է, որ տվյալ  ապրանքն անցել է այդ բոլոր փուլերն ու կարող է հայտնվել շուկայում։

Սննդամթերքի դեպքում այս նշանի դերն էլ ավելի է կարևորվում, քանի որ փաստում է, որ այն անվտանգ է, փորձաքննվել է համապատասխանում է անվտանգության սահմանված  նորմերին։

Մենք շրջել ենք երևանյան մի քանի խանութներով և պարզել, որ ներկրված և բարձր ռիսկայնություն ունեցող մի շարք սննդատեսակներ չունեն EAC-ի նշան, ինչը նշանակում է, որ ապրանքը հաշվառված չէ որևէ ռեեստրում, և հայտնի չէ՝ ով է պատասխանատու  դրա որակի համար:

 

Ի՞նչ է  EAC  նշանն ու ինչու՞ է այն կարևոր

EAC-ի նշանի (Եվրասիական համապատասխանություն, Eurasian Conformity) ՝ պարտադիր լինելու մասին որոշումն ընդունվել է դեռևս 2011թ օոգոստոսի 16-ին՝ «Փաթեթվածքի անվտանգության մասին»   (ՄՄ ՏԿ 005/2011), ինչպես նաև՝ «Պարենային ապրանքներն իրենց պիտակավորման մասով» (ՄՄ ՏԿ 022/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում  ։ Դրա առկայությունը ոչ միայն փաստում է, որ ապրանքը համապատասխանում է ընդունված տեխնիկական կանոնակարգերին և անվտանգ է, այլև հաստատում է, որ այն հաշվառված է, ու ԵՏՄ շուկայում է օրինական ճանապարհով՝ անցնելով իրացման կետում հայտնվելու համար նախատեսված  բոլոր շղթաները։

EAC  մակնշումն իրականացավում է արտադրողի կամ արտադրողի կողմից լիազորված մարմնի, ներմուծման դեպքում՝ ներկրողի կողմից՝ նախքան շուկայում հայտնվելը։ Այն դրոշմվում է ապրանքի ամեն մի փաթեթի վրա՝ առանձին-առանձին կամ ուղեկցող փաստաթղթերի վրա։

Փաթեթի համապատասխանության հաստատումը պարտադիր է և իրականացվում է այն հայտարարագրելու միջոցով։
Գոյություն ունի ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության հիման վրա հսկողության մեթոդաբանությունը հաստատելու մասին կառավարության որոշում, որը կարգավորվում է  ներմուծվող սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ռիսկայնությունը:

Այս որոշման նպատակն է՝   ներմուծվող բեռի վտանգների կանխումն ու նվազեցումը և սահմանային անցման կետերում հսկողության համապատասխան տեսակի ընտրությունը:

Ներմուծվող բեռի ռիսկը պայմանավորված է բեռի՝ սննդամթերքի (արտադրանքի) տեսակից:

Օրինակ` կենդանական ծագման սննդամթերքից ՝ միսը, մսամթերքը, ենթամթերքը, թռչնամիսը ( թարմ և պահածոյացված), ձուկը և այլն համարվում են բարձր ռիսկայնությամբ մթերք՝  30 ռիսկի միավորով։

Բեռի ռիսկայնությունը բարձրանում է նաև՝ կախված ներկված խմբաքանակի ծավալի, փոխադրման պայմանների և արտադրողի մոտ ներդրված կառավարման համակարգերի:

_________________________________________________________________________________________

Ձկան կիսաֆաբրիկատ «Ագամա», արտադրող՝ ռուսական «Ագամա Ռոյալ Գրինլանդե» ՍՊԸ։ Հայաստան է ներկրում «Պարմա» ՍՊԸ-ն։

Կիսաֆաբրիկատը բարձր ռիսկայնություն ունեցող ապրանքների ցանկում է։ Ապրանքի վրա չկա EAC-ի նշան, առկա է միայն РСТ (Ռոստեստ) նշանը, ինչը նշանակում է, որ այն անցել է համապատասխանության հավաստման գործընթաց՝ ըստ  ռուսական ստանդարտների (ГОСТ Р)։ Հայաստանում արտադրված ապրանքների վրա կարող ենք տեսնել նմանատիպ ՀՍՏ նշանը։

Բացի այդ, հայերեն մակնշման մեջ կան «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի մի շարք խախտումներ։ Նախ՝  այն փակցված է արտադրողի կողմից ներկայացված օրիգինալ մակնշման վրա, ինչը չի թույլատրվում։ Զտաքաշը՝  300գ  հայերեն մակնշման մեջ, չգիտես ինչու, դարձել է՝ 400գ, ինչն արդեն պատճառ է դառնում սննդամթերքը հավանել կեղծ, քանի որ մակնշումը փոփոխվել է ՝ առանց բաղադրության համապատասխան փոփոխության։

________________________________________________________________________________________

Սառեցված սաղմոնի սթեյք, արտադրող՝ բելառուսական «Սանտա Բրեմոր» ՍՊԸ, ներկրող՝  «ԼԴԼ» ՍՊԸ։
Ապրանքը չունի EAC նշան, առկա է  РСТ նշանը, որը, ինչպես արդեն նշեցինք, ռուսական ստանդարտներին համապատասխանելու նշան է։

Կա նաև մակնշման խախտում․ սխալ է նշված մթերքի սննդային արժեքը, ըստ այդմ նաև՝ սպիտակուցների ու ճարպերի քանակը։

Ռուսերեն       100г  203ккал,  белки- 22,5г, жиры- 12,5г

Հայերեն          100г  239կկալ,  սպիտակուցներ- 19,5գ, ճարպեր- 17,8գ

——————————————————————————————————

Իտալական պաստա «Rana», ներկրող՝ «Անդակո» ՍՊԸ։ Թեև ապրանքը ներկրվել է ԵՏՄ անդամ չհանդիսացող երրորդ երկրից, սակայն ևս պետք է ունենար EAC-ի նշան, քանի որ հայտնվել է ԵՏՄ անդամ հանդիսացող երկրի իրացման ցանցում։

Բացի այդ, արտադրողի փաթեթի վրա նշված չէ սննդային արժեքը․այն առկա է միայն հայերեն մակնշման մեջ։ Միգուցե արտադրողը ներկրողին տրամադրել է այդ տեղեկությունը, սակայն հավաստիանալ՝ այն ճիշտ է թե ոչ, չենք կարող, քանի որ չկա սննդամթերքի անվտանգությունն ու տեխնիկական կանոնակարգերին համապատասխանելու փաստը հաստատող EAC նշանը (որտեղ հստակ պահանջներ կան նաև ապրանքի մակնշման վերաբերյալ)։

———————————————————————————————————————

Իտալական խոզապուխտ «Levoni», ներկրող՝ դարձյալ «Անդակո» ՍՊԸ։  EAC-ի նշան չկա։ Հայերեն մակնշումը թերի է․քաշի մասին հայերեն մակնշման մեջ նշվում է «տես փաթեթավորման վրա», այնինչ այս տեղեկությունը հայերեն մակնշման մեջ նշելը պարտադիր է, այլապես սննդամթերքի մասին ցանկացած այլ տեղեկություն կարելի է ստանալ՝ «տեսնելով փաթեթը»։  
Բացակայում է նաև սպիտակուցների, ճարպի և ածխաջրերի մասին ինֆորմացիան, թեև սննդային արժեքը 100գ-ում նշված է։

 _____________________________________________________________________________________

«Ricotta» իտալական պանիր, արտադրող՝ «Զանետի» Սպա (ինչպես նշված է հայերեն մակնշման մեջ), ներկրող՝ «Անդակո» ՍՊԸ։ Չունի EAC-ի նշան։

Հայերեն մակնշման մեջ կան խախտումներ․ բացակայում է բաղադրության և սննդային արժեքի մասին որևէ ինֆորմացիա,  «մինիմալ յուղայնությունը» 40%,  այնինչ արտադրողը  «ճարպերը 100գ » մասում նշել է 7,7 (այսինքն՝  7,7%)։

_____________________________________________________________

«Calvo»՝ արևածաղկի ձեթի մեջ պահածոյացված թունա, ներկրող՝ «Անդակո» ՍՊԸ։ Նունյպես չունի EAC-ի  նշան։

Հայերեն մակնշումը նախորդի պես թերի է․ չկա  տեղեկություն սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի, ինչպես նաև՝ պահպանման պայմանների մասին։

__________________________________________________________________________________

«Lutik» կտրած, աղաջրած թունա (թյուննոս) , արտադրող՝ «Ի․Ս․Ա․ Վելյու» ՍՊԸ , Թայլանդ։ Չունի EAC-ի նշան։ Տուփի վրա կա РСТ նշան, ինչը վկայում է ռուսական ԳՕՍՏ-ին համապատասխանելու մասին, սակայն կա  նաև՝  «արտադրված է Եվրովիժն ստանդարներով  (ԱՄՆ)» գրությունը։

Մենք որևէ տեղեկություն չկարողացանք գտնել, թե ինչ է «Եվրովիժն ստանդրատ»-ը և կա արդյոք նման ստանդարտ, թե ոչ։

—————————————————————————————————————

 

Շպրոտ ձեթով «Riga Gold», արտադրող՝ «ԳԱՄԱ-Ա» ՍՊԸ, ներմուծող՝ «Պոլիտան» ՍՊԸ։ Չունի EAC-ի նշան, մակնշված է միայն՝ РСТ։
Հայերեն մակնշումը փակցված է արտադրողի օրիգինալ մակնշման վրա։

   ——————————————————————————————————

Սրանք ընդամենը մի քանի օրինակներ են։ Մենք կշարունակենք ուսումնասիրել շուկան՝ ներկայացնելով  նմանատիպ այլ խախտումներ։

Մինչ այդ այս ապրանքների EAC նշանի բացակայության մասին մենք այսօր հարցում ենք ուղարկել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն՝ խնդրելով տեղեկություն տրամադրել  դրանց ներկրման, անվտանգության, սահմանված տեխնիկական կանոնակարգերին համապատասխանության հավաստագրի , ինչպես նաև՝ շուկայում առանց EAC  նշանի հայտնվելու պատճառի մասին։


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (1)
1. arthur12:26 - 25 հունվարի, 2017
i hope one day the journalists will understand that when they require extra label on a food item, that extra label costs money and the price of the good will be higher and it will hurt the ordinary people. Most of the food companies in the world are either HAACP certified(fresh/frozen foods) or ISO certified(packaged dry goods). i believe the Armenian food inspection agency confirms that before allowing the goods into Armenia. If you want the EAC label, the price will be higher, do you want that? I do not.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված