ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

Հոր մահվան առեղծվածը բացահայտելու համար դուստրն ընտրել է իրավաբանի մասնագիտությունը



Արարատ քաղաքի բնակչուհի Գայանե Հովհանյանը 4-րդ տարին բախում է դատաիրավական համակարգի պաշտոնյաների դռները՝ պարզելու հոր առեղծվածային մահվան իրական պատճառները: 2013թ. հունիսի 26-ին 65-ամյա Գյանջիրով Հովհանյանի դին գտնվել է Արարատ քաղաքից 3 կմ հեռու մասնավոր այգում՝ ծառից կախված վիճակում՝ բռնության հետքերով: Մինչ օրս մահացածի դուստրը համոզված է, որ հայրը ոչ թե ինքնասպան է եղել, կամ նրան հասցրել, դրդել կամ հակել են ինքնասպանության, այլ տեղի ունեցածը սպանություն է եղել, բայց որևէ մեկը պատասխանատվություն չի կրել:

Վաղը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում լսվելու է Գայանեի բողոքն՝ ընդդեմ քննիչի կասեցման որոշման: Այս գործն անցնում է դատական ատյաններում նախաքննական մարմինների որոշումների բողոքարկման երկրորդ շրջապտույտը: Սկզբում նախաքննությունը կարճվել էր Արարատի մարզի քննչական բաժնում, ապա դատական կարգով այն վերացվել էր, նոր նախաքննություն սկսվել, Գայանեի ջանքերով այն ընթացել էր ոչ թե Արարատի մարզում, այլ մայրաքաղաքում: Սակայն այս անգամ էլ քրեական գործը ոչ թե կարճվել էր՝ նախկինի պես, այլ կասեցվել:

«Հետքն» անդրադարձել է այս պատմությանը, հետևել գործի զարգացումներին: Բանն այն է, որ տուժող Հովհանյանները ականատես էին եղել ավագ Հովհանյանի անհետանալուն նախորդող դեպքերին, երբ քարի արտադրամասի (որտեղ որպես բանվոր աշխատում էր ընտանիքի հայրը) սեփականատիրոջ` Ասլան Ավետիսյանի որդիներ Նարեկ և Հովհաննես Ավետիսյանները ահաբեկել էին Գյանջիրով Հովհանյանին ու ողջ ընտանիքին՝ քարի արտադրամասից կատարված ենթադրյալ գողության համար: Սակայն Արարատի մարզի նախաքննական մարմինը, հանցակազմի բացակայության հիմքով կարճել էր քրեական վարույթը: Տուժողի իրավահաջորդ Գայանե Հովհանյանի ու նրա փաստաբան Գագիկ Մալխասյանի ջանքերով կարճման որոշումը բողոքարկվել էր դատական կարգով: Որոշումը վերացվել էր: Դատարաններն արձանագրել էին աղաղակող խախտումներ: Անցյալ տարի սկսվել էր նոր քննություն: Վարույթը դուրս էր բերվել Արարատի մարզից: Այն քննվում էր Երևանում` Քննչական կոմիտեում` ՀԿԳ ավագ քննիչ Ա.Մկրտչյանի վարույթում: Սակայն ամիսներ անց քննիչը երկու որոշում էր կայացրել՝ քրեական հետապնդում չիրականացնելու և ինքնասպանության հասցնելու վարույթը կասեցնելու վերաբերյալ: Այս երկու որոշումներն էլ այժմ վիճարկվում են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում:

Տուժողի իրավահաջորդի բնորոշմամբ՝ որոշումներն անօրինական են. «3 տարի անց ունեմ ոչ մի բան: Կասեցման որոշումների մեջ ամեն տեղ գրված է` հանցակազմի բացակայություն, բայց հանցակազմն առաջին օրվանից կա, ապացուցված է... հզորն անզորին կերել է: Եթե ես ազդեցիկ կապեր ունենայի, նման դեպք նախ չէր լինի, լինելու դեպքում էլ օբյեկտիվ գնահատականի կարժանանար»,-«Հետքի» հետ զրույցում ասել էր Գայանե Հովհանյանը:

Երկու քննություններից հետո էլ շատ հարցեր այդպես էլ մնացել են անպատասխան. օրինակ՝ ինչո՞ւ ծառի վրա արյան հետքեր չեն հայտնաբերվել, եթե Գյանջիրով Հովհանյանի հագուստը արյունոտ է եղել: Չի կատարվել փորձաքննություն, թե արդյոք մահացածի ձեռքերի վրա կան ժանգի հետքեր, թե ոչ, քանի որ մետաղալարը, որից նա կախված է եղել ժանգոտ է եղել: Ինչո՞ւ չի կատարվել հողաբանական փորձաքննություն՝ պարզելու, թե որտեղ են փոշոտվել Գյանջիրով Հովհանյանի հագուստը և կոշիկները: Ինչո՞ւ է դիակի զննությամբ ավելի շատ վնասվածք նկարագրվել, քան դատաբժշկական փորձաքննությամբ: Կամ ինչպե՞ս են անհետացել քննիչի կողմից արված դիակի լուսանկարները:  

Բուն քրեական գործով կա նաև անջատված մաս, որը վերաբերում է աշխատանքային փաստաթղթերում Գյանջիրով Հովհանյանի ստորագրության կեղծմանը: Մահացած Գյանջիրով Հովհանյանը աշխատել է Ավետիսյաններին պատկանող քարի արտադրամասում: Թեպետ դատաձեռագրաբանական փորձաքննությամբ հաստատվել է, որ Գյանջիրով Հովհանյանի ստորագրությունը կեղծվել է, այդուհանդերձ քրեական գործը դարձյալ կասեցվել է՝ այս դեպքում՝ մեղադրյալի ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու հիմքով: «Այսինքն՝ ասում են, որ հորս ստորագրությունը կեղծել են, բայց չեն կարողանում նույնականացնել, թե ով է դա արել»,- ասաց Գայանե Հովհանյանը:

Կասեցման այս որոշումը ևս բողոքարկվում է դատական կարգով, մահացածի աղջիկը այն բողոքարկել է նաև վերադաս դատախազին: Նրա կարծիքով՝ առկա է կախվածություն, վախի մթնոլորտ Արարատում՝ կապված Ավետիսյան ընտանիքի հետ: Ըստ տուժող կողմի՝ հենց այդ պատճառով էլ Ավետիսյանները պատասխանատվությունից մշտապես դուրս են մնում:

«Հերթական անգամ Արարատի մարզը ապացուցեց, որ չի կարողանում այս մարդկանց վրա, լավագույն դեպքում՝ քրեական գործերը կասեցվում են: Խոսքը Ավետիսյան ընտանիքի մասին է... իսկ ես ուզում եմ հորս բարի անունը պաշտպանեմ»,- ասում է մահացած Գյանջիրով Հովհանյանի դուստրը՝ ավելացնելով, որ քանի սիրտը աշխատում է՝ թույլ չի տա՝ այս գործը փակվի:

Հ.Գ. Հատուկ հոր գործի իրական բացահայտման համար դուստրն ընտրել է իրավաբանի մասնագիտությունը: Այժմ երկրորդ կուրսի ուսանող է: Ասում է, որ իրենից լավ, թերևս, որևէ մեկը չի կարող սրտացավ մոտենալ խնդրին. «Միգուցե մեկը վրիպի մի կարևոր տեղ, իսկ ես չհասկանամ, թե որտեղ էր խնդիրը, դրա համար էլ ինքս որոշեցի իրավաբան դառնալ»,- շեշտում է Գայանեն, որն արդեն կատարել է իր սեփական հետաքննությունը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված