Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի

Անբարեխիղճ մրցակցություն և մակնշման խախտում. հայ արտադրողը մոլորեցնում է սպառողին



Վարչապետ Կարեն Կարապետյանը Կառավարության այս տարվա  առաջին նիստը սկսեց  հանձնարարականներով: Առաջինը վերաբերում էր տեղական արտադրանքի խթանմանը:

«Հանձնարարում եմ Տնտեսական զարգացման և ներդրումների, Ֆինանսների, Պաշտպանության, Գյուղատնտեսության, Առողջապահության նախարարներին՝ համատեղ ուսումնասիրել և 20 օրյա ժամկետում առաջարկություն ներկայացնել ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու վերաբերյալ՝ ըստ առանձին ապրանքների»:

Տեղական արտադրանքի խթանումն ամենևին չի նշանակում, որ հայ արտադրողները պետք է անտեսեն օտարերկյա արտադրողի հեղինակային իրավունքներն ու կրկնօրինակեն ապրանքանիշը. անբարեխիղճ մրցակցությունն ու սպառողին մոլորության մեջ գցելն արգելված է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով:

Ամիսներ առաջ «Հետք»-ը գրել էր մի դեպքի մասին, երբ հայկական արտադրողներից մեկը՝ 2014թ.ին հիմնադրված «Նիկոլա» ՍՊԸ-ն շուկայում վաճառքի էր հանել իտալական  «Raffaello» ապրանքանիշին ակնհայտ նմանությամբ «Catalina» ՝ սեփական արտադրության կոնֆետները: 

Սա «Նիկոլա» ՍՊԸ-ի կողմից անբարեխիղճ մրցակցության միակ դեպքը չէ.վերջերս շուկայում մենք գտել ենք արտաքին փաթեթավորմամբ (մասնավորապես՝ ապրանքիանիշի պատկերի նմանությամբ) իտալական «Ferrero Rocher» կոնֆետներին հիշեցնող «Nicolo Felice» կոնֆետները, որոնք ևս արտադրում է այս ընկերությունը:

Նշենք, որ ապրաքնի նշանը համարվում է այլ նշանին շփոթելու աստիճան նման, եթե այն ընդհանուր առմամբ զուգորդվում է դրա հետ (այսինքն` մարդու մոտ առաջացնում է նույն պատկերի, բառի, գույների, դրանց համակցության, իմաստի ընկալման զգացողություն), չնայած առանձին տարբերությունների առկայությանը:
Ի տարբերություն «Catalina» կոնֆետի, որտեղ արտաքին նմանություններն ավելի ակնհայտ էին,  այս դեպքում  կա  պատկերային նմանություն, ինչպես նաև՝ մարդու մոտ այլ ապրանքանիշի ընկալման  զգացողություն է առաջացնում:

Սպառողը առաջնորդվում է նախկինում տեսած նշանի մասին ունեցած ընդհանուր տպավորությամբ և կարող է ընկնել մոլորության մեջ։

Գնային առումով էլ՝ այս հայկական երկու ապրանքները զգալիորեն զիջում են իտալականներին. օրինակ՝ «Nicolo Felice» 280գ արժե 1240 դրամ, իսկ «Ferrero Rocher»-ի՝ 300 գ՝ մոտ 4,5 անգամ թանկ՝ 5590 դրամ:

Տնտեսական մրցակցության պետական կոմիտեն հավանաբար չի նկատել սա, այլապես կարձանագրեր, որ խախտվել է նաև «Ապրանքային և  սպասարկման նշանների, ապրանքների, ծագման, տեղանունների մասին օրենք»-ը և կմերժեր ապրանքանիշերի գրանցումը:

Մասնավորապես հիմք ընդունելով, որ օգտագործված է համընդհանուր ճանաչում ստացած խորհրդանիշ, ինչպես նաև՝ պարունակում է ապրանքի մասին  սպառողին մոլորության մեջ գցող տեղեկություն: Թե ինչպիսի ՝ ուսումնասիրենք մակնշումը:


Մակնշման խախտում

«Nicolo Felice» կոնֆետների տուփի վրա կա EAC-ի նշան, ինչը վկայում է, որ տվյալ ապրանքը ստուգվել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) բոլոր տեխնիկական կանոնակարգերով և համապատասխանում է տվյալ տնտեսական տարածքում հաստատված պահանջներին։
Այնինչ դրանցից մեկի՝ ապրանքի սննդային արժեքի մասին տեղեկությունը թերի է.չի նշված ածխաջրերի քանակը, ինչպես նաև՝  կալորիականությունը՝ 100գ-ում:

Մակնշման մեջ խախտում կա նաև ռուսերեն թարգմանության մեջ.

Հայերեն  «սոդայի բիոկարբոնատ»     «համեմունքներ»            «խմորիչ»
                          
√                                       √                               √

Ռուսերեն  «биокарбонат натрия»    «ароматизаторы»   «разрыхлитель»


Տվյալ դեպքում, հավանաբար, սխալը հայերեն մակնշման մեջ է. նախ՝ սոդան հենց նատրիումի բիոկարբոնատն է (հիդրոկարբոնատ), քաղցրավենիքի արտադրության  մեջ ավելի հավանական է օգտագործել «բուավետիչներ / անուշաբույր նյութեր» («ароматизаторы» ), քան՝ «համեմունքներ» («специи»): Իսկ խմորիչը «разрыхлитель»-ը չէ, «дрожжи»-ն է, ու  դրանցից յուրաքանչյուրն օգտագործվում է տարբեր նպատակների համար:

Ինչպես տեսնում ենք, բաղադրատարրերը  ոչ միայն ճիշտ չեն թարգմանված, այլև խախտված է դրանց հերթականությունը (ինչը ևս կարևոր է, քանի որ դրանք նշվում են՝ ըստ քանակի նվազման սկզբունքի): Ավելորդ կամ փոփոխված  բաղադրատարրեր պարունաող սննդամթերքը  «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում բնորոշվում է՝ իբրև կեղծված։

Ըստ էության՝ ռուսերեն և հայերեն իմացող սպառողին առաջարկվոմ է տարբեր արտադրանք: 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված