Կիրակի, 20 հոկտեմբերի

Կարեն Կարապետյանի ոչ վերբալ պահվածքում անհամապատասխանություն կա՞. այո



Այսօր տեղի ունեցավ վարչապետ Կարեն Կարապետյանի 2017թ. առաջին ասուլիսը։ Մենք ուսումնասիրել ենք նրա ոչ վերբալ պահվածքն ու փորձել  հասկանալ՝ ինչպիսի՞ն է նա։

 

Բազային պահվածք

Կարեն Կարապետյանը ծնվել է 1963թ. Ստեփանակերտում: Ավարտել է ԵՊՀ  Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: 2010-11թթ. եղել է Երևանի քաղաքապետը: Հայաստանի Հանրապետության վարչապետն է 2016թ. սեպտեմբերի 13-ից:

Նա դրսևորում է ակտիվ ոչ վերբալ պահվածք՝ միաժամանակ ցանկանալով ստեղծել «լիդեր»-ի կերպար, ով, սակայն, ուղղակի պաշտոնյա չէ, այլ «յուրային» է. ես իրավիճակը ղեկավարում եմ, բայց ես նաև ձեզանից մեկն եմ:

Դա երևում է թե՛ նրա անկաշկանդ թվացող պահվածքից, թե՛ խոսելաձևից, թե՛ ժամանակ առ ժամանակ արվող հումորներից և թե՛ նույնիսկ հանված պիջակից և հաճախակի ժպտացող դեմքից։

Պաշտոնական խոսելաոճից խուսափելն ու պարզ նախադասություններ օգտագործելը թույլ են տալիս հաջողությամբ լրացնել այդ կերպարը՝ հանրության համար ստեղծելով ոչ սովորական պաշտոնյայի իմիջ:

Ելույթները երբեմն համեմված են հումորներով, որը իրավիճակը թուլացնելու, երբեմն էլ՝ լուրջ հարցից խուսափելու նշան է:


Բայց այդ ամենն, իհարկե, կերպարն ամբողջականացնելու միջոցներ են: Իսկ ի՞նչ է նշանակում Կարեն Կարապետյանի ոչ վերբալ պահվածքն իրականում:

Սկսենք ժպիտից:

 «Ժպտացե՛ք, պարոնայք, ժպտացե՛ք. խելացի դեմքը դեռևս խելքի նշան չէ»

Ցանկացած կերպարի ամենակարևոր ոչ վերբալ  բաղադրիչներից է ժպիտը: Այն դրական էմոցիա է, որը թեթևացնում է մթնոլորտը, մեղմացնում զրուցակցի կերպարը:

Ժպիտը, որի դրսևորման ժամանակ մասնակցում են աչքի մկանները,  իրական է և անկեղծ ու դրան արժե հավատալ: Կարեն Կարապետյանի ելույթների ժամանակ ժպիտ հաճախակի կարելի է նկատել, և այն իսկապես մթնոլորտը թեթևացնող ու տրամադրող է։

Սակայն, երբեմն այն դառնում է չափազանց ձգված ու երկար տևող, իսկ դա արդեն ոչ անկեղծ ուրախության նշան է:

Այն կիրառվում է տարբեր նպատակներով՝ քողարկելու  իրական զգացումնները (շատ հաճախ՝ զայրույթը), հեգնելու, դիմացինին անլուրջ վերաբերվելու և այլն:

Հասկանալու համար՝ ժպիտն անկե՞ղծ է, թե՞ ոչ, պետք է իմանալ, որ.

  • Անկեղծ ժպիտը կարճ է տևում
  • Բերանը չի լինում չափազանց ձգված
  • Անկեղծ ժպիտին անպայման մասնակցում են աչքի մկանները:

Եթե նկարի վրա փակեք բերանը, և մարդը շարունակի ժպտալ, նշանակում է՝ հույզն իրական է:

Կարճ, բայց ոչ կոնկրետ

Ելույթների ժամանակ վարչապետը հարցերին տալիս է լակոնիկ պատասխան: Թվում է՝ պարզությունը հեշտացնում է ընկալումը, սակայն կարճ պատասխանը երբեմն անցանկալի հարցից խուսափելու հնարավորություն է տալիս, քանի որ լինում է ոչ  կոնկրետ և ոչ՝ ըստ էության:
Վերջերս կայացած հարց ու պատասխանի ժամանակ կարելի է առանձնացնել մի քանի այդպիսի դրվագ:

Օրինակ՝ Հայաստանում ներդրում իրականացրած անձանցից մեկն այսպիսի թեմա բարձրացրեց.

-Եթե մենք Սփյուռքին կամ որևէ մեկին պետք ապացուցենք, որ Հայաստանում դու կարող ես ինվեստիցիա կատարել, մենք պետք է ապահովենք մարդու սեփականաության իրավունքի ամրագրում: Ի՞նչ եք կարծում դրա մասին:

-Համաձայն եմ, միանշանակ համաձայն եմ:

Ու դադար: Նմանատիպ պատասխան ստացան նաև այդ քննարկման ժամանակ հնչեցված մի շարք հարցեր. դերասանուհի Արսինե Խանջյանի՝ մենաշնորհների վերաբերյալ նկատառումը, ընդդիմության, համակարգային փոփոխությունների, Ամուլսարի և այլնի մասին:

«Ես անպայման կանդրադառնամ այդ հարցին», «Կիրականացվեն բարեփոխումներ», «Միանշանակ այդպես է», «Կա նման խնդիր» և այլն:

Նմանատիպ իրավիճակներում կոնկրետ պատասխանների բացակայությունը չի նպաստում «յուրային-լիդեր» կերպարի ամրապնդմանը, ընդհակառակը՝ անվստահություն է ներշնչում, քանի որ հարցին չպատասխանելը կամ պատասխանից խուսափելը ևս պատասխան է: Բայց արդեն՝ բացասական։

Բացի կարճ նախադասություններից, Կարեն Կարապետյանի խոսքում հաճախ լսվում են նաև առօրյա-խոսակցական ոճին բնորոշ՝ «գ»-ով, «դ»-ով, «ձ»-ով և բայի բառավերջի «ս», «լ» տառերի բացակայությամբ բառեր, օրինակ՝ «ընգեր», «երգիր», «երգրներ», «եգրորդ», «օգտագորձել», «գորձընգեր», «գիդեք», «տալի», «ասե» և այլն:

Թեև այս ոճը ևս կարող է համարվել «յուրային-լիդեր» կերպարի մի մաս և ամրապնդել այն, բայց դրա հաճախակի կիրառումը խոսքին կարող է ոչ գրագետ երանգ հաղորդել:

 

Հարց ու պատասխան ինքն իր հետ

Հոգեթերապիայի տեսանկյունից ներքին երկխոսությունը շատ կարևոր է՝ հասկանալու սեփական անձն ու որոշ հարցերի լուծում տալու: Սակայն կա նաև այդպիսի խոսելաոճի տեսակ, երբ հարց ու պատասխանի ձևով է անձը կառուցում իր խոսքը կամ ելույթը.

  • Օգտագործելու՞ ենք, կարծում եմ՝ այո:
  • Հնարավո՞ր է անել, կարծում եմ՝ այո:
  • Լինելու՞ է, թե ոչ, տեսնենք:
  • Ինչքա՞ն ժամանակում կանենք, չեմ կարող ասել:
  • Կստացվի՞ դա, թե ոչ...
  • Կարո՞ղ ենք, թե չէ, իհարկե՝ կարող ենք:
  • Լինելու՞ է դա, թե՞ ոչ, իհարկե, լինելու է:
  • Մե՞ր կառավարության օրոք, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա:
  • Փորձելու՞ ենք մենք դա անել, թե՞ ոչ, այո:
  • Կհաջողվի՞ մեզ, կտեսնենք:
  • Սայլը տեղից շարժվելու՞ է, այո:
  • Ուզու՞մ եմ աշխարհ շուռ տամ, հա:

Երկխոսության կիրառումը խոսքն,  իհարկե, դարձնում է ավելի կենդանի. նախադասությունները կարճ են, իսկ հարց ու պատասխանն ինտերակտիվություն է մտցնում: Սակայն, ամեն մի հնարքի կիրառումն արդարացված է, եթե այն չի չարաշահվում, հակառակ դեպքում՝ նմանատիպ կրկնությունները խոսքը դարձնում են ոչ արժանահավատ և ձանձրացնում զրուցակիցներին:
Թուլացնու՞մ է դա «յուրային լիդերի» կերպարը, այո:

 

     Պատկերավորիչներ

Ինչպես ցանկացած մարդ, վարչապետը  հաճախ է կիրառում պատկերավորիչներ՝ ասածը շեշտելու, խոսքն ավելի ազդեցիկ դարձնելու համար:

Պատկերավորիչների տեղին կիրառումը խոսքը դարձնում է բնական, քանի որ այն ինչ-որ չափով ընդգծում է խոսքն ու այն դարձնում առավել վստահելի։

Ելույթների ժամանակ հաճախ կարող ենք տեսնել «ցուցամատի նշան»-ը , ինչն ունի հրամայական իմաստ և լիդերի կերպար ստեղծելու անբաժան մաս է կազմում:

Բացի այդ, հաճախակի է կիրառում «լայն հենած ձեռքեր» պատկերավորիչը. դա մեծ տարածք գրավելով՝ ավելի վստահ զգալու և դիմացինին վստահություն ներշնչելու համար է։

     Հանգստացնող ազդակներ

Ոչ հարմարավետ գոտում հայտնվելիս՝ հուզվելիս, անցանկանալի հարց ստանալիս, լարվելիս և այլն, մարդիկ կիրառում են հանգստացնող ազդակներ։ Դա սթերսային իրավիճակներում օրգանիզմի բնական արձագանքն է։

Հանգստացնող ազդակներ կիրառելը բնորոշ է ցանկացած մարդու։ Լարված իրավիճակներում վարչապետն օգտագործում է կոկորդը մաքրելու, բերանը թրջելու, թուքը կուլ տալու, ձեռքերի շփման, քիթը քորելու, ականջը շփելու և մի շարք այլ հանգստացնող ազդակներ։

Դրանք ամենևին չեն նշանակում, որ զրուցակիցն անկեղծ չէ, անվստահ է կամ ստում է. դա պետք է դիտարկել համատեքստում։ Սակայն, դրանց առկայությունը վկայում է ոչ հարմարավետ գոտում հայտնվելու մասին։

               Անցանկալի հարց. Փախուստ

Ոչ հարմարավետ գոտում հայտնվելիս, երբ ֆիզիկապես փախչել, հեռանալն անհնար է, մարդը «փախուստն» իրականացնում է դիմացինի համար աննկատ։  

Պատասխանելով ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի՝ կադրային դասավորության մասին հարցին՝ արդյոք նոր կառավարությունում կուսակցական պատկանելությունը կարևոր է լինելու,  վարչապետը «փախուստի» է դիմում, ինչպես նաև նկատում ենք կասկած սեփական պատասխանի նկատմամբ։

Ուսերը միաժամանակ վեր բարձրացնելն առաջացնում է «կրիայի էֆեկտ», ինչը ենթագիտակցորեն աննկատ դառնալու, փախուստի նշան է: Տվյալ դեպքում փախուստը պայմանավորված է անցանկալի հարցով, քանի որ վարչապետի պատասխանը դանդաղում է, շեղվում է և չի կոնկրետանում.  «Կուսակցական պատկանելությունը դեր խաղալու է, թե չէ՞... եթե կադրը պրոֆեսիանալ է, ուրեմն լավն է»:

 «Փախուստ»  Կարեն Կարապետյանը կատարում է, երբ հարց են տալիս նախկին վարչապետի գործունեության մասին. նա մարմինը մի քանի անգամ տեղում «հետ-առաջ է տանում»՝ ենթագիտակցաբար փորձելով լքել տարածքը, իսկ  դա անցանկանալի հարց ստանալու և ոչ հարմարավետ գոտում հայտնվելու նշան է:
Բացի այդ, բացակայում է վիզուալ կոնտակտը, ինչը ենթագիտակցաբար նվազեցնում է ասածի նկատմամբ արժանահավատությունը:  

Անցանկալի հարց և դարձյալ փախուստ մենք տեսնում ենք, երբ Կարեն Կարապետյանը պատասխանում է մենաշնորհների վերացման մասին հարցին. «Լինելու են հավասար պայմաններ»,-ասում է նա և աջ ուսը վեր բարձրացնում (ասիմետրիկ ոչ վերբալ պահվածք, տվյալ դեպքում՝ սեփական խոսքի հանդեպ անվստահության, կասկածի նշան է), ապա բարձրացնում է երկուսը միաժամանակ՝ նորից կիրառելով «կրիայի էֆեկտ»-ը, ինչը, ինչպես վերը նշեցինք, անցանկալի հարց ստանալու, «փախուստի»նշան է: 

                   
                 Կասկած և անհամապատասխանություն

Երբ մարդու վերբալ և ոչ վերբալ պահվածքը չեն համապատասխանում, կասկած է առաջանում ասածի հավաստիության վերաբերյալ:

 «Եթե մեկն ու մեկը լինի հաջողակ բիզնես, մենք իրենից էդ բիզնեսը որևէ կերպ չենք խլելու »,- ասում է վարչապետն ու կատարում գլխի աջ ու ձախ շարժում «մենք իրենից էդ բիզնես»-ը ասելու ժամանակ՝ կատարելով հերքման ոչ վերբալ պահվածքը։ Եթե դա ասվեր «չենք խլելու» ասելիս, դա կլիներ ժխտողական խոսքի հաստատում։
Ու քանի որ զուգահեռաբար նա «փախուստ» է կատարում և խուսափում վիզուալ կոնտակտից, նշանակում է՝ հարցն անցանկալի է, ու ինքն էլ վստահ չէ իր ասածին։


Հերքումն՝ իբրև հաստատում

Բայց հերքման ոչ վերբալ պահվածքը միշտ չէ, որ անհամապատասխանության նշան է, երբեմն այն պատկերավորիչ է, որը հաստատում է ասածը։ 

Պատասխանելով Տիգրան Ուրիխանյանի՝ աշխատավարձի վերաբերյալ հարցին, վարչապետը կիրառում է այս ոչ վերբալ պահվածքը, սակայն այստեղ այն ասածի հաստատման և հավաստիության նշան է, քանի որ համապատասխանում է արտահայտած խոսքին:

                                     Կտրուկ հայտարարարություններ

Լիդերի կերպարն ամրապնդել կարելի է ոչ միայն հրամայական ոչ վերբալ պահվածքի, այլև կոշտ վերբալ պահվածքի շնորհիվ։ Վարչապետի ելույթների, կառավարության նիստերի ժամանակ հաճախ կարելի է լսել կոպիտ, երբեմն՝ ինչ-որ առումով վիրավորական հայտարարություններ և նկատողություններ։

Օրինակ՝ Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի ելույթից հետո Կարեն Կարապետյանը կոչ է անում լինել լակոնիկ, իսկ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին նկատողություններ է անում թեմային լավ չտիրապետելու համար։ «Չգիտե՞ք....բա ինչու՞»:

Այսպիսի հայտարարություններով վարչապետն ուզում է ցույց տալ, որ իրեն ոչինչ չի կաշկանդում՝ փորձելով հավասարության նշան դնել տարբեր պաշտոնյաների միջև։

Այս ամենը նպատակ ունի ստեղծել օբյեկտիվ, խիստ, բայց միևնույն ժամանակ՝ յուրային-լիդերի կերպար:

Հաջողվե՞լ է դա նրան, թե՞ ոչ….

 

Նյութում օգտագործված էին հատվածներ՝ Panorama.am,  CivilNet.am, Tert.am, ArmLur.am կայքերի տեսանյութերից:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (5)
1. Գայանե Դավթյան01:58 - 14 հունվարի, 2017
Լավ կլիներ, որ պարոն վարչապետը կարդար այս նյութը և հետևություններ աներ: Այս պրոֆեսիոնալ վերլուծությունը հասատ օգուտ կտար նրան: Մեր վարչապետը, ուղղակի «ստավկա» է արել իր մարդկային հմայքի վրա, բայց դա քիչ է հաջողության հասնելու համար: Մարդու խարիզման մեծ դեր ունի, անխոս, բայց ախր մեր ժողովրդին հիմա դա ամենաքիչն է հուզում: Մենք մեր կենասակերպը, ապրելու որակը բարձրացնելու խնդիր ունենք, ու վարչապետի ասած` երԳիրը, այո, շատ ծանր տնտեսական ճգնաժամի մեջ է... Lուծեք էդ խնդիրները ու որքան ուզում եք ժպտացեք ու սիրուն փողկապներ կապեք, պարոն վարչապետ:
2. ընթերցող09:08 - 14 հունվարի, 2017
Կարծում եմ ավելի ճիշտ կլինի մտածել հետեւյալ ավելի պարզ հարցի վրա - ի՞նչ կարող էր անել լավ վարչապետը իր ներկա պայմաններում, որը չի անում այս պարոնը: Իսկ վերլուծել, թե ահա ,,որ այսպես ժպտած, այնպես նայեց .... ուրեմն մտքի մեջ այս բանը մտածեց!,, - երեւի շատ օգտակար գործ չէ:
3. Գագիկ16:46 - 14 հունվարի, 2017
Տաթև ջան ինչպես և մյուս «չինովնիկների» այնպես ել սրա վերլուծությունը ուղակի ու միայն հիացմունք պատճառեց ինձ քանի որ յուրաքնչյուր ձեր գրած բառ100% ճշմարտություն է և ոչ մի կողմնակալություն չի պարունակում իր մեջ։ Կեցցես դու, միայն հպարտություն եմ զգում որ կա Հետքը իր անձնակազմով, կա ճշմարտություն և կաք դուք։ Համամիտ եմ և կստորագրեմ ձեր գրած յուրաքանչյուր տողի տակ։ Ափսոսում եմ ուղակի որ ցավոք ով որ պարտադիր պետք է կարդա այս վերլուծությունը հաստատ չի կարդալու ինչպես և նախորդիկները։ Դուք անում եք ձեր գործը, անում եք ճիշտ, հմտորեն, գրագետ և ես հպարտ եմ որ մեր մեջ դեռ կան ու մնացել են ձեր տիպի մարդիկ, իսկ մեր «ղեկավարները» ջայլամի օրին են ընգել ու գլուխները ավազի մեջ խոթած կարծում են թե ոչ ոք ոչինչ չի նկատում կամ հասկանում։
4. Նվեր00:34 - 15 հունվարի, 2017
Հետքը, ինչպես միշտ, պրոֆեսիոնալ է...
5. Հրաչ13:39 - 16 հունվարի, 2017
Բա հիմա ինչ պտի արվի? Համեմատականով մեր ունեցած վարչապետներին կարանք դասակարգենք ըստ տարբեր կատեգորիաների օրինակ ինչպես միջազգային կազմակերպութուններն են դասակարգում պետությունները (րեյտինգներ վորոշելու համար)?
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված