ՈՒրբաթ, 19 հուլիսի

Անձնական տվյալների պաշտպանություն. ինչպես է այն իրականացվում Հայաստանում եւ Վրաստանում



Այս տարվա ընթացքում անհատներ եւ կազմակերպություններ ահազանգեցին իրենց եւ այլոց անձնական կյանքի գաղտնիության կամ անձեռնմխելիության իրավունքի, անձնական տվյալների պաշտպանության իրավունքի ոտնահարումների մասին, որոնք տեղի էին ունեցել տարբեր թվային տեխնոլոգիաների միջոցով անձնական տվյալների հավաքագրման արդյունքում:

Այսպիսով, մարդու իրավունքների տարատեսակ խախտումներին Հայաստանում 2016 թվականին ավելացավ եւս մեկը՝ անձնական տվյալների պաշտպանության իրավունքի խախտումը: Այդ խախտումները, վստահ եմ, տեղ են գտել նաեւ նախկինում, պարզապես դրանց մասին հասարակությունը քննարկումներ սկսեց վերջին երկու տարիներին: Այդ իրավունքի պաշտպանության գիտակցումն էլ վերջին շրջանում հասունացավ՝ պայմանավորված թվային տեխնոլոգիաների զարգացմամբ եւ թվային իրավունքի հարցի առաջադրմամբ:

Թվային տեխնոլոգիաներն աշխարհում զարգանում են սրընթաց կերպով, կարելի է ասել՝ «լույսի արագությամբ», բայց դրանց առնչվող իրավունքի խնդիրները պատշաճ ուշադրության չեն արժանանում: 2016թ. Հայաստանում թվային իրավունքին նվիրված մի շարք քննարկումներ եղան Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախաձեռնությամբ եւ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության աջակցությամբ: Այդ շարքի ամփոփիչ հանդիպումը դեկտեմբերի 6-ին էր՝ «Անձնական տվյալների պաշտպանությունը Հայաստանում ու Վրաստանում. մարտահրավերներ եւ գործողությունների գերակա ուղղություններ» խորագրով:

Անձնական տվյալների պաշտպանությունն առնչվում է կյանքի բոլոր ոլորտներին  

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության ղեկավար Լարիսա Մինասյանն այս իրավունքի կարեւորությունն ընդգծելու եւ ցույց տալու համար, որ այն առնչվում է կյանքի բոլոր բնագավառներին՝ կրթությունից, առողջապահությունից մինչեւ մարդու ելումուտ սահմանային անցակետերով, մի օրինակ բերեց Միացյալ Նահանգներից. «Ջանեթ Նապոլիտանը, ով Կալիֆոռնիայի համալսարանի նախագահն է, դեկտեմբերի 5-ին ասել է, որ եթե ԱՄՆ նախագահ Թրամփը շարունակի պնդել, որ չփաստաթղթավորված Մեքսիկայի քաղաքացիները կամ անլեգալ միգրանտները պարտադրված լինեն գրանցվել, մենք երբեւիցե մեր ուսանողների տվյալները չենք տրամադրի: Չնայած այն հանգամանքին, որ Նապոլիտանոն ԱՄՆ ներքին գործերի նախկին նախարարն է եղել: Ասելիքս այն է, որ թվում է, թե սա մեկ իրավունքի բնագավառ է, բայց այն առնչվում է շատ այլ ոլորտների եւ շատ դժվար է դա պաշտպանել՝ չվտանգելով անվտանգությունը եւ այլ ոլորտների մասին տեղեկատվության մատչելիությունը»:

2015-ի հոկտեմբերին Արդարադատության նախարարության կազմում ստեղծված Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը համամիտ է՝ չկա մի ոլորտ, որտեղ անձնական տվյալների պաշտպանության խնդիրը չծագի՝ պետական, թե մասնավոր: Եվ իրենց գործունեությունն ուղղված է ինչպես այս իրավունքի մասին հանրային իրազեկմանը, այնպես էլ օրենսդրական կարգավորմանը: Բայց մեկ տարվա պատմություն եւ սահմանափակ ռեսուրսներ (6 աշխատակից) ունեցող գործակալության համար դժվար է միանգամից կարգավորել բոլոր ոլորտները: «Եթե մենք փորձեինք «օվկիանոսի ամբողջ հատակն ուսումնասիրել», ապա գործակալությունն իր ռեսուրսներն անարդյունավետ կվատներ եւ որեւէ կոնկրետ նպատակ չէր իրագործի: Դրանով պայմանավորված՝ գործակալությունը որոշեց ընտրել մի քանի ոլորտներ, որոնք առաջին տարվա գործունեության համար դարձան առանջնահերթ եւ գործողությունների մեծ մասն ուղղվեց այդ խնիդրները լուծելուն»,- իր ելույթում ասաց Դոյդոյանը:

Որպես կարգավորման ենթակա առաջնահերթ ոլորտներ գործակալությունն ընտրել է տեսահսկումը, որը թե՛ պետական, թե՛ մասնավոր ընկերությունների կողմից իրականացվում է օրենքի համատարած խախտումներով, անցանկալի առեւտրային հաղորդագրությունները, որոնք բջջային հեռախոս ունեցողները ստանում են՝ առանց նախնական համաձայնության, եւ անչափահասների անձնական տվյալների պաշտպանությունը:

Թեւ գործակալությունը անձնական տվյալների պաշտպանության իրավունքը խախտողների նկատմամբ վարչական պատասխանատվություն սահմանելու լիազորություն ունի, սակայն չի շտապում այն իրականացնել: «Մեկ տարվա ընթացքում հարուցվել է 8 վարույթ, բայց որեւէ տուգանք չենք նշանակել, թեեւ դա ամենաազդեցիկ միջոցն է: Մենք այլ քաղաքականություն որդեգրեցինք` փորձեցինք իրազեկել, բացատրել, վստահ լինել, որ իրազեկ են, նոր միայն մահակը վերցնել եւ սկսել պատժելու գործընթաց»,- ասաց գործակալության պետը: Գործակալության կատարած աշխատանքը ներառում է իրազեկում, ուղեցույցների մշակում, խորհրդատվություն, ուսուցում: «Եթե մենք սկսեինք տեսահսկում իրականացնողների նկատմամբ տուգանքների նշանակում, պետական բյուջեն կլցնեինք, բայց կհարուցեինք մյուս կողմի դժգոհությունը եւ ձեռք կբերեինք այնպիսի կառույցի համբավ, որը հեթական մահակն է եւ ընկել է տնտեսվարողի հետեւից: Դրա համար որդեգրեցինք «փափուկ իրավունքի» այս քաղաքականությունը՝ իրազեկման փուլն ավարտելուց  հետո միայն անցնել վարչական պատասխանատվության սահմանման»,- մանրամասնում է Շուշան Դոյդոյանը:

Տեսահսկման ուղեցույցը, որը մշակվել է Վրաստանի նմանատիպ ուղեցույցի հիման վրա, արդեն ընդունվել է:

Խորհրդատվական որոշումներ են արձակվել, որով համապատասխան կառույցներին իրազեկել են, թե ինչպես պետք է պաշտպանվեն երեխաների իրավունքները: ԱՆչափահասների իրավունքներին առնչվող գործերով վարույթներից գործակալության պետն առանձնացնում է մեկը, որը հարուցվել է Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա հաուցված վարչական վարույթի արդունքում: Ըստ Բախշյանի` Երեւանի 16 դպրոցների դասասենյակներում եւ ուսուցչանոցներում իրականացվում է տեսահսկում: Վարչական վարույթը հարուցվել է՝ պարզելու համար, թե որքանով է դա իրավաչափ, որն է եղել նպատակը, արդյոք իրականացվում է օրենքի դրույթներին համապատասխան: Գործը հիմա վարչական լսումների փուլում է: «Մեր ցանկությունն է, որ դա իրականացվի օրինական նպատակով եւ օրենքի սկզբունքներին համապատասխան»:

Շուտով գործակալությունը հանրության դատին կհանձնի անչափահասների անձնական տվյալների պաշտպանության մասին ուղեցույցը: Այն տարբեր ասպեկտներ է ներառում` տվյալների փոխանցում, պաշտպանություն ինտերնետում, տեսահսկում ուսումնական հաստատություններում, մոռացվելու իրավունք:

Անցանկալի առեւտրային հաղորդագրությունների հարցը փորձ է արվել լուծել օրենսդրական ճանապարհով. օրենքի նախագիծն արդեն կառավարությունում է, շուտով կուղարկվի ԱԺ: Այն սահմանում է, թե ինչ է անցանկալի հաղորդագրությունը (երբ մարդն առանց իր համաձայնության իր հեռախոսահամարին ստանում է առեւտրային բնույթի հաղորդագրություն, ինչն անթույլատրելի է եւ նախատեսում է վարչական պատասխանատվություն), երկրորդ՝ եթե մարդը մի օր մի տեղ շփոթվել է եւ համաձայնություն է տվել, պիտի հնարավորություն ունենա այդ համաձայնությունը հետ կանչելու: Ընդունման դեպքում այս երկու նորմերն օրենքի ուժ կստանան եւ կդառնան պարտադիր:

Շուշան Դոյդոյանի տեղեկացմամբ` այս տարվա ընթացքում 46 նախագծի վերաբերյալ գործակալությունը տվել է կարծիք, եւ հանրությունը կարող է վստահ լինել, որ դրանք մշակվել են անձնական տվյալների պաշտպանության երաշխիքներով:

Վրացական փորձը

Վրաստանում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքն ընդունվել է 2012-ին Եվրամիության ասոցացման պայմանագրի շրջանակներում: Երկու տարվա ընթացքում կատարվել են փոփոխություններ ոլորտին առնչվող օրենսդրության մեջ, հաստատվել է Անձնական տվյալների պաշտպանության տեսուչի կարգավիճակը, որը նշանակվել է 2013-ին:

Վրացական օրենքը կարգավորում է տեսահսկումը, բիոմետրիկ տվյալների պաշտպանությունը, ուղիղ մարքեթինգը, անդրսահմանային տվյալների փոխանցումը:  Սահմանում է վերահսկող մարմնի իշխանությունը եւ ապահովում է անկախությունը: Վարչական պատասխանատվություն է սահմանում օրենքը խախտողների համար:

Ի տարբերություն Հայաստանի, որտեղ գործակալությունը Արդարադատության նախարարության առանձնացված ստորաբաժանում է, Վրաստանի Անձնական տվյալների պաշտպանության տեսուչի գրասենյակը անկախ մարմին է:

Տեսուչին նշանակում է Հատուկ հանձնաժողովը՝ բաղկացած 5 հոգուց, որոնք ներկայացնում են Օմբուդսմենին, խորհրդարանը, կառավարությունը, քաղաքացիական հասարակությունը: Հանձնաժողովը  2-5 թեկնածու է ընտրում եւ ներկայացնում վարչապետին, վերջինս նրանցից երկուսին է ընտրում եւ ներկայացնում խորհրդարանին, որն էլ վերջնական ընտրությունն է կատարում: Տեսուչը նշանակվում է 3 տարի ժամկետով, ունի անձեռնմխելիություն:

Շուշան Դոյդոյանը նշում է, որ ՀՀ օրենսդրությամբ էլ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության անկախությունը երաշխավորված է եւ մատնանշում գործակալության պետի նշանակման կարգը. «Ըստ օրենքի՝ թեկնածուներին ներկայացնում է քաղաքացիական հասարակության կոնսորցիումը: Առնվազն 5 հասարակական կազմակերպություն պետք է միավորվի մեկ թեկնածուի առաջադրելիս: Առաջադրված թեկնածուներից ՀՀ վարչապետը նշանակում է կատարում: Եվ նա կաշկանդված է քաղհասարակության կարծիքով»:

Վրաստանի Տեսուչի գրասենյակը հաշվետու է միայն խորհրդարանին, պետբյուջեից հատուկ տողով է ֆինանսավորվում, ինչն էլ երաշխավորում է նրա անկախությունը: Երեք տարվա ընթացքում տեսուչի գրասենյակի բյուջեն շեշտակի աճել է (մոտ 700,000 եվրո տարեկան), ընդլայնվել է նաեւ աշխատակազմը` 43 մարդ: 

 

Համեմատության համար Հայաստանի Անձնական տվյալների պաշտպանության գործակալության բյուջեն մոտ 21 մլն դրամ է (մոտ 41.000 եվրո), որը զուտ 6 աշխատակցի աշխատավարձի ծախսն է: Թեեւ Հայաստանի համապատասխան կառույցը ԱՆ առանձնացված ստորաբաժանում է, սակայն գործակալության բյուջեն ներառված չէ Արդարադատության նախարարության բյուջեում եւ պետբյուջեում նշվում է առանձին տողով:

Այսքանով հանդերձ՝ Վրաստանի անձնական տվյալների պաշտպանության տեսուչ Թամար Կալդանին համարում է, որ իրենք սահմանափակ մարդկային եւ ֆինանսական ռեսուրսներ ունեն եւ չեն կարողանում լիարժեք իրականացնել հանրային իրազեկումը, սակավաթիվ են դատական նախադեպերը:

Վրացական օրենսդրությունն անձնական տվյալների պաշտպանության ոլորտում առանձնանում է նրանով, որ նախատեսում է՝

-         Դատական վերահսկողություն

-         Գաղտնի գործունեության սահմանափակ օգտագործում

-         Հիմնավորման բարձր չափանիշ

-         Բողոքարկման իրավունք

Գաղտնի քննչական գործողությունների նկատմամբ Տեսուչի համար արտաքին վերահսկման մեխանիզմներ են սահմանված, մասնավորապես` գաղտնալսելու նկատմամբ նախնական եւ հետագա վերահսկողություն: Այս մեխանիզմները ներդրվեցին Վրաստանում տեղի ունեցած  մեծ սկանդալից հետո, երբ պարզվեց, որ իրավապահները հարյուրավոր տեսագրություններ ունեն մարդկանց մասին: Փոփոխություններ կատարվեցին Քրեական դատավարության օրենգրքում, որոնցով սահմանվեցին` որեւէ մարմին չի կարող տեսագրություն կատարել առանց դատարանի որոշման: Ինչ վերաբերում է հանրային նշանակության մասնագիտությունների տեր մարդկանց՝ փաստաբաններ, լրագրողներ, քաղաքական գործիչներ տեսահսկմանը, ապա դատախազությունը պիտի հիմնավորի, որ չկա այլ միջոց հետաքննություն կատարելու համար: Տեսուչն այս պարագայում արտաքին վերահսկողության իշխանություն ունի: Օրինակ՝ դատարանը կարող է որոշել 1 ամսով թույլատրել գաղտնալսում, բայց իրավապահները շարունակեն ավելի երկար, այս պարագայում տեսչական մարմինը վերահսկողության իր գործառույթն է իրականացնում՝ ստուգելու դատական որոշման կիրառումը:

Միջոցները, որ կարող է կիրառել Տեսչական մարմինը

Տեսուչի գրասենյակը հաջող փորձ ունի անդրսահմանային տվյալների փոխանցման ոլորտում: Նրանք արձանագրել էին հետեւյալ խախտումները սահմանային անցակետերում ՝

-         լուսանկարահանում առանց օրինական նպատակի,

-         տվյալների պահպանման կանոնների բացակայություն,

-         տեսահսկում՝ առանց դրա մասին զգուշացման:

Ձեռնարկված միջոցառումները հանգեցրել էին դրական արդունքի`

- լուսանկարահանման սահմանափակում՝ բացառիկ դեպքերում,

-         տվյալների պահպանման կանոնների սահմանում,

-         Տեսահսկման մասին զգուշացնող ցուցանակներ:

Բարեփոխումներ են իրականացրել քրեակատարողական համակարգում, առողջապահության ոլորտում (դեղատներ), կրթական հաստատություններում (դպրոցներ), հանրային եւ մասնավոր կառույցներում:

Ստեղծվել է մոբայլ հավելված, որով մարդիկ հեշտորեն կարող են տեսուչին հայտնել իրենց անձնական տվյալի պաշտպանության իրավունքի խախտման մասին:

Միջազգային փորձագետների գնահատմամբ` Վրաստանի Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ճանաչվել է ամենաարդյունավետ մարմինը, որը նշանակալի արդյունքի է հասել կարճ ժամկետում: Թամար Կալդանին նշում է, որ վստահ է` Հայաստանում նույնպես այս ոլորտում դրական արդունքների կհասնեն. «Մեկ տարին շատ քիչ ժամանակ է Անձնական տվյալների գործակալության համար լուրջ արդյունքներ գրանցելու»: 

լուսանկարը` aravot.am-ի


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված