Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի

Մոսկվայի` հայկական թեքումով դպրոցներից մեկը կարող է փակվել



Մոսկվայի Միջմշակութային կապերի թիվ 1650 դպրոցի  ծնողները վերջերս դիմել էին «Հետք»-ին՝ ահազանգելով, որ հայկական թեքումով իրենց դպրոցը 2017թ. հունվարից, հնարավոր է , դադարի իր գոյությունը և միանա մոսկովյան մեկ այլ դպրոցի։

Դպրոցը հիմնադրվել է 1988թ.ին՝ երկրաշարժից հետո, որպեսզի Մոսկվայում հայտնված հայ երեխաները կարողանան կրթություն ստանալ: Այն հիմնադրել է մանկավարժական գիտությունների թեկնածու, Մանկավարժական և սոցիալական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, Աշխարհի ժողովուրդների հոգևոր միության ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Օֆելյա Առաքելյանը:

Այս դպրոցը հադնիսանում է Ծաղկաձորի միջնակարգ դպրոցի «Քույր դպրոցը»։ 2013թ․ «Սփյուռք ամառային դպրոց»  ծրագրի շրջանակներում 2 դպրոցների միջև ստորագրվել է համագոծակցության համաձայնագիր, ինչը հնարավորություն է տվել իրականացնելու համատեղ կրթական ծրագրեր, փոխայցելություններ, հայագիտական մրցույթներ և այլն։

Դպրոցը ֆինանսավորովում է աշակերտների թվով։ Այն նախատեսված 400 աշակերտի համար, սակայն այժմ այնտեղ սովորում է 159 աշակերտ, մեծամասնությունը՝ հայեր։

Ծնողներից մեկի՝ Արմինե Պետրոսյանի  խոսքերով ` իրենք դիմել են Ռուսաստանի հայերի միություն, ՀՀ դեսպանություն, Սփյուռքի նախարարություն, հասարակական մի շարք կազմակերպությունների, սակայն  որևէ օգնություն չեն ստացել։ Արձագանքել է միայն Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը՝ առաջարկելով իրականացնել համատեղ կրթական ծրագրեր, ինչպես նաև՝ տրամադրել մեթոդաբանական ձեռնարկներ։

Արմինեի մեծ աղջիկն ավարտել է այս դպրոցը, իսկ երկու երեխաներն այժմ սովորում են՝ մեկը՝ 4-րդ, մյուսը՝ 6-րդ դասարանում։

Նրա խոսքերով՝ դպրոցի ներկայիս  ռուս տնօրենը չի ընդունում նոր աշակերտների՝ պարզաբանելով, որ միևնույն է դպրոցը 2017թ․ հունվարից չի գործելու։ Դրա պատճառով էլ դպրոցի ֆինանսավորումը չի ավելանում, և Արմինեն այստեղ միտում է տեսնում։ «Շատ ծնողներ 2-3 ժամ ճամփա են գալիս, որ իրենց երեխաներին հենց այս դպրոց բերեն, որովհետև մթնոլորտն էնպիսին է, որ մենք մեր երեխաների համար կարող ենք հանգիստ լինել,- պատմում է նա։-Եթե դասերի վերջում մենք ուշանում ենք,  գիտենք, որ մեր երեխաները ապահով տեղում են»։

Դպրոցը չփակելու համար շատ բաներ ծնողներն առաջարկել են սեփական միջոցներով անել, սակայն այդպես դպրոցը երկար պահել հնարավոր չէ։

Մենք փորձեցինք զրուցել Մոսկվայի 1650 դպրոցի նոր տնօրենի՝ Ելենա Պապովայի հետ, սակայն նա ասաց, որ ոչ մի հարցի չի պատասխանի և որ դիմենք իր վերադասին։

Մոսկվայի Կրթության դեպարտամենտի մամուլի խոսնակ Մարիա Երմակովան հայտնեց, որ մեր հարցերին կպատասխանեն գրավոր՝ մեկ շաբաթվա ընթացքում։ Պատասխանները ստանալուն պես՝ կներկայացնենք։

Կրթության և գիտության նախարարությունից մեզ տեղեկացրին, որ իրենք ևս տեղյակ են ու մտահոգված են այդ դպրոցի ճակատագրով, քանի որ հիմնադիր Օֆելյա Առաքելյանը «լուրջ ներդրում ունի բազմամշակութային կրթության տեսության ու պրակտիկայի գործում»: Սակայն ԿԳՆ-ից հայտնում են, որ նախ՝ աշակերտների քիչ լինելը դժվարացնում է հետագա ֆինանսավորումը, բացի այդ՝ «դպրոցում  ցածր է դասավանդման որակը»։

«Համատեղ ծրագրերի իրականացման համար որպես բազային դպրոց Մոսկվայի կառավարությունը առաջարկում է մեկ այլ մոսկովյան դպրոց, որում դասավանդման բարձր որակն առավել արդյունավետ կդարձնի նաև բուն համատեղ հայ-ռուսական , ինչպես նաև՝ հայապահպանման ծրագրերը»,- նշված է ԿԳՆ պատասխանի մեջ։

Լուսանկարները՝ 1650 դպրոցի պաշտոնական կայքից


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Инина20:54 - 23 դեկտեմբերի, 2016
Зачем "другой московской школе" армянский "уклон"? Ни в одной школе Москвы не ждут 150 армянских детей! Низкое место в рейтинге у этой школы не из-за низкого качества преподавания, а из-за малого количества учеников. Видимо, известная школа в самом центре Москвы и 150 армянских детей никому не интересны. И, правда, от будущего школы зависят всего каких-то 150 армянских детей..., семей..,судеб..
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված