ՈՒրբաթ, 15 նոյեմբերի

Արա Գաբուզյան. «Նախատեսել ենք պատժի կրումից պայմանական վաղաժամկետ «պարտադիր» ազատելու ինստիտուտ»



Մեր պետությունը 25 տարվա ընթացքում անցել է դատաիրավական բարեփոխումների փուլային շրջան: Բարեփոխումների չորրորդ փուլը՝ 2012-16 թթ., դեռ ընթացքի մեջ է: Չորս տարվա ընթացքում, ի թիվս այլ ոլորտների օրենսդրության, քրեական արդարադատության ոլորտում երեք նոր օրենսգրքերի նախագծեր են մշակվել: Քրեական նոր օրենսգրքի նախագիծն արդեն հանձնվել է Արդարադատության նախարարություն, որտեղից էլ, ինչպես հայտնի դաձավ «Հետքին», այն ուղարկվել է Նախագահի աշխատակազմ՝ կարծիք ստանալու համար:

Ի՞նչ հիմնական փոփոխություններ կան քրեական նոր օրենսգրքի նախագծում: Այս և պատժողական քաղաքականությանն առնչվող այլ հարցերի պատասխաններ ստանալու ակնկալիքով զրուցեցինք քրեական նոր օրենսգիրքը մշակող խմբի ղեկավար, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանին:

-Պարոն Գաբուզյան, ի՞նչ նոր ասելիք կա քրեական օրենսգրքի նախագծում: 2016-ին կունենա՞նք նոր օրենսգիրք, թե՞ դեռ նախագծի տեսքով:

-Նախագիծը ներկայումս փոխանցվել է Արդարադատության նախարարությանը: Սպասում ենք հետագա գործընթացների, երևի հանրային քննարկումներ, հանրային լսումներ կլինեն: Մինչ այդ շրջանառության մեջ էր դրվել նախագիծը: 700 առաջարկություն ու դիտողություն ենք ստացել: Դրանց հետ կապված պատրաստեցինք նաև ամփոփաթերթ: Այդ առաջարկությունների ու դիտողությունների զգալի մասն ընդունվեց աշխատանքային խմբի կողմից: Մեկ ամիս առաջ հանձնվեց ԱՆ: Ենթադրվում է, որ նաև միջազգային փորձաքննություն կանցնի քրեական օրենսգրքի նախագիծը:

Պատժողական քաղաքականության տեսանկյունից քրեական օրենսգրքի նախագծում աշխատել ենք հնարավորինս ընդլայնել ազատազրկմանն այլընտրանք հանդիսացող պատժատեսակների ցանկը: Մասնավորապես՝ այնպիսի պատժատեսակներ են նախատեսվել, ինչպիսիք, օրինակ, ազատության սահմանափակումը, կարճաժամկետ ազատազրկումը, որոնք կարող են, իրոք, իրական այլընտրանք հանդիսանալ ազատազրկմանը: Քրեական օրենսգրքի հատուկ մասի բազմաթիվ հոդվածներում ազատազրկմանը որպես այլընտրանք նախատեսված են այս՝ համեմատաբար մեղմ պատիժները, որոնք թույլ են տալիս անձին առանց ազատությունից զրկելու, վերականգնողական աշխատանքներ իրականացնելով՝ նպաստել նրա վերասոցիալականացմանը և ուղղմանը: Սա, կարծում եմ, ավելի արդյունավետ կլինի, որովհետև ազատազրկում պատժատեսակը պետք է լինի վերջին պատժատեսակը ծանր ու առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձանց համար, այն էլ՝ ոչ բոլոր դեպքերում՝ հաշվի առնելով հանցավորի անձնավորությունը: Քրեական նոր օրենսգրքի նախագիծն այդ հնարավորությունը տալիս է:

-Այսինքն՝ գնում ենք դեպի վերականգնողակա՞ն արդարադատություն:

-Այդպես կարելի է ասել: Նաև ժողովրդավարական, իրավական պետությանը հարիր փոխվել է մեղքի հայեցակարգը: Ներկայումս մեր օրենսդրությունը հիմնվում է այն սկզբունքի վրա, որ օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից: Բայց ամբողջ առաջադեմ աշխարհում այդ սկզբունքն անխախտ չէ, և հնարավոր են դեպքեր, երբ օրենքի չիմանալը անձին քրեական պատասխանատվությունից ազատելու հիմք է հանդիսանում: Քրեական նոր օրենսգրքի նախագիծը որդեգրել է այդ մոտեցումը:

Աշխատել ենք ապահովել իրավական որոշակիությունը: Այսինքն՝ քրեաիրավական նորմերը տարամեկնաբանությունների տեղիք չտան: Թե ինչքանո՞վ է հաջողվել, ապագան ցույց կտա: Քննարկումները շարունակվում են: Թեև մենք հանձնել ենք վերջնական տարբերակը արդարադատության նախարարությանը, այնուամենայնիվ, աշխատանքային խումը դեռ շարունակում է աշխատանքները նախագծի վրա այն ավելի կատարելագործելու իմաստով:

-Ի՞նչ ասել է սոցիալական արդարության վերականգնում: Պատժի նպատակներից սոցիալական արդարության վերականգնումը տեղ գտե՞լ է նոր նախագծում:

-Այդ նպատակը նախագծում տեղ չի գտել, քանի որ քրեական օրենսդրության մեջ սոցիալական արդարության վերականգնումը իրականացվում է ուղղակի անձին պատժելով: Քրեական իրավունքում լիովին հնարավոր չէ վերականգնել սոցիալական արդարությունը: Ասենք՝ մահացած մարդուն չես վերակենդանացնի: Իհարկե, կան գույքային հանցագործություններ, երբ հնարավոր է սոցիալական արդարությունը լիովին վերականգնել: Բայց շեշտը պետք է դրվի հանցանք կատարած անձանց վերասոցիալականացման ու վերաինտեգրման վրա, քանի որ նրանք մեր քաղաքացիներն են:Երևի նորություն ասած չեմ լինի, եթե ասեմ, որ հասարակությունն է որոշ չափով մեղավոր, որ այդ մարդիկ հանցանք են կատարել: Հանցագործության պատճառները, պայմանները ամբողջ հասարակության սոցիալական, տնտեսական, բարոյահոգեբանական ոլորտներում են գտնվում: Ուստի ավելի ճիշտ կլինի, որ քրեական օրենսգրքում ուշադրություն դարձվի կանխմանը և վերասոցիալականացմանը: Բայց կանխման հետ կապված էլ շատ մեծ հույսեր չպիտի կապել քրեական նոր օրենսգրքի հետ: Իհարկե, ասել, թե քրեական օրենսգիրքը կանխիչ նշանակություն չունի, ճիշտ չէր լինի, բայց ամեն դեպքում քրեական օրենսգրքի կանխիչ նշանակությունն այնքան մեծ չէ, որ միայն դրա վրա հույս դնենք: Հանցագործության պատճառները բազում են, և քրեական օրենսդրությունը դրանք վերացնելու հարցում երկրորդական դեր ունի:

-Հիշո՞ւմ եք Բոսնիայից քրեական իրավունքի մասնագետ Գորան Շիմիչն էր այստեղ և հանդիպեց նաև Ձեզ հետ: Նա ասում էր, որ հանցագործությունների վերացման երեք ճանապարհ կա՝  կանխարգելում, կանխարգելում, կանխարգելում: Օրինակ՝ առաջարկում էր, որ կարճաժամկետ ազատազրկումներ լինեն, ապա հանցանք կատարած անձը միգուցե ցմահ հատուցեր տուժողի վնասները: Կա՞ն այսպիսի հեղափոխական մոտեցումներ մեր նոր նախագծում:

-Մի բան է տեսական մակարդակով ինչ-որ գաղափարներ առաջ քաշելը, որոնք առաջին հայացքից կարող են գայթակղիչ թվալ, մի ուրիշ բան է, երբ մտածում ես դրանք կենսագործելու մասին: Ձեր նշած գիտնականի գաղափարներն, իրոք, շատ գայթակղիչ են և ուշադրության արժանի: Բայց ասեմ, որ աշխարհի որևէ երկրում նման մոտեցմամբ օրենսդրություն ստեղծված չէ, որովհետև այստեղ կիրառման խնդիրներ կան: Ասում եք՝ ցմահ տուժողի վնասերը հատուցի, բայց հնարավոր է ինքը գործազուրկ դառնա: Ցմահ նրան դատապարտելով այսպիսի պատժի՝ կարող ենք նյութական ծանր վիճակի մեջ գցել և դրանով մղել այդ անձին ու նրա ընտանիքը նոր հանցանքների: Այսպիսի գաղափարները մանրակրկիտ պետք է ծանր ու թեթև արվեն՝ նաև հետագա հանցավոր վարքագծի ու կրիմինոլոգիական տեսանկյունից:

-Կան գիտական հետազոտություններ, որոնց համաձայն՝ ազատազրկումից 7 տարի անց անձը սկսում է ադապտացվել պատժին, ու բոլոր հմտությունները սկսում են ռեգրես ապրել:

-Նույն իրավիճակն է, ինչ նախորդ դեպքում ասացի: Կան նման հետազոտություններ, որ առավելագույնը 7 տարվա ազատազրկման դեպքում է, որ պատիժը կարող է ազդեցություն ունենալ, դրանից հետո մարդն անտարբեր է դառնում: Այդ դեպքում ճիշտ կլիներ, որ ազատազրկման առավելագույն սահմանը 7 տարուց ավելի չլիներ: ԱՄՆ-ի փորձը ցույց է տալիս, որ կարճաժամկետ ազատազրկումները դրական ազդեցություն են թողնում առաջին անգամ պատահական հանցանք կատարածների վրա: Բայց կայուն հակասոցիալական վարք ունեցողների նկատմամբ կարճաժամկետ ազատազրկումները որևէ էֆեկտ չեն տալիս: Ռեցեդիվի տոկոսը բավական բարձ է լինում: Նաև այս հետազոտությունները կան:

-Մեկ այլ ուսումնասիրություն էլ ես հիշեցի: Բրիտանացի Քեթրի Էպելտոնը գրել է աշխատություն՝ «Կյանքը ցմահ ազատազրկումից հետ»: Պայմանական վաղաժամկետ ազատվող ցմահ դատապարտյալները կրկնահանցագործ չեն դառնում, քանի որ վերականգնողական աշխատանքները շատ լավ են իրականացվում:

-Պատժի կրման ընթացքում պետք է վերականգնողական, սոցիալական, հոգեբանական  աշխատանքներ իրականացնել, որը, ցավոք, ոչ բոլոր դեպքերում է իրականացվում:

-Պայմանական վաղաժամկետ ազատման մեխանիզմի ներկայիս վիճակի առնչությամբ շատ են դժգոհությունները: Ի՞նչ մոտեցում է սահմանվել նախագծում:

-Բավականաչափ փոփոխությունների ենք ենթարկել այդ ինստիտուտը: Նախատեսել ենք պատժի կրումից պայմանական վաղաժամկետ «պարտադիր» ազատելու ինստիտուտ: Նշել ենք որոշակի գործոններ, որոնց դեպքում արդեն որոշումը պետք է մեխանիկորեն կայացվի: Այսինքն՝ թողնված չէ պաշտոնատար անձանց կամ ինչ- որ մարմնի հայեցողությանը: Պարզապես քրեական օրենսգիրքը հստակ սահմանում է այն չափանիշները, որոնք բավարարելու դեպքում անձը պետք է պայմանական վաղաժամկետ ազատվի: Դրանից զատ, սահմանել ենք չափանիշներ, որոնց պայմաններում պետք է պայմանական ազատման հարցը քննարկվի:

-Որքանով տեղյակ եմ հայեցակարգից, քրեական նոր օրենսգրքով նոր կարգավորումներ են նախատեսված անչափահասների ու երիտասարդների արդարադատության համար: Կմանրամասնե՞ք:

-Լրջորեն մեղմացվում է քրեաիրավական պատժողական քաղաքականությունը անչափահասների ու երիտասարդների նկատմամբ: Մասնավորապես՝ անչափահասների ու երիտասարդների համար նախատեսվում է ոչ մեծ ու միջին ծանրության հանցագործության պարագայում ընդհանրապես ազատազրկում չնշանակել: Նաև նախատեսել ենք դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ և այլընտրանքային պատիժների ցանկ, այդ թվում՝ նաև ազատության սահմանափակումը:  

-Իրավունքի բոլոր ճյուղերում կան օրինականության, արդարության, մարդասիրության սկզբունքները: Սակայն, դասագիրքն ու իրավակիրառ պրակտիկան խիստ տարբերվում են: Ի՞նչ է արվում տեսական մակարդակում, որպեսզի նեղացվեն սողանցքները:

-Տեսական մակարդակով պետք է քննարկվեն օրենսդրության մեջ առկա այն նորմերը, որոնք թույլ են տալիս հայեցողության լայն շրջանակներ և պարզապես սահմանափակվեն դրանք: Այլ բան տեսական մակարդակով, իհարկե, հնարավոր չէ անել: Օրենքը կիրառելու պրակտիկայի կատարելագործումը կախված է նաև այլ հանգամանքներից: Բայց այստեղ էլ խնդիր կա. դատարանի հայեցողությունը սահմանափակելն էլ ճիշտ չի լինի: Կյանքը շատ հարուստ է, ու դատավորները հանդիպում են բազմաթիվ իրավիճակների ու դեպքերի: Այլ հարց է, որ այստեղ պիտի այլ գործոններ էլ աշխատեն՝ իրավագիտակցության ու որակավորման բարձրացում, ինչու չէ՝ նաև բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացում:

-Որպես լրագրող երբ լինում եմ դատարանում, տեսնում եմ, որ քրեական օրենսգրքի մեղմ դրույթները հաճախ փրկօղակ են յուրայինների համար, և հակառակը՝ խիստ դրույթները ոչ յուրայիններին պատժելու միջոցներ են: Իսկ հասարակությունը հիվանդանում է անարդարությունից: Ի՞նչ անել:

-Ես արդեն ասացի՝ սողանցքները սահմանափակելու միակ ուղին իրավական որոշակիություն ապահովելն է և նորմերի հստակ ձևակերպումը:

-Դա բավարա՞ր է:

-Չէ՛, ես ասացի, որ բավարար չէ, բայց դա պայմաններից մեկն է: Օրենսդրության մակարդակով սա է խնդիրը: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված